Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի հերթական նիստը

Հաստատվեց բժշկական կրթության նոր մոդել

10.07.2012

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հուլիսի 9-ին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում մինչ օրակարգին անցնելը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր, ճանաչված սրտաբան Ռաֆայել Ստամբոլցյանի հիշատակը։

Օրակարգով նախատեսված էր տարբեր մակարդակներում կարծիքների բախման առարկա հանդիսացող մի հարցի` ինտեգրացված նախադիպլոմային կրթական մոդելի քննարկումը։

Ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը փաստեց, որ ինտեգրացված մագիստրատուրայի` 4+2, 4+1 սխեմայի մասին բավական երկար ժամանակ ընթացող քննարկումներն առկա խնդիրների թելադրանքով են։

«ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք մեր շատ հարցերի պատասխաններն ստացանք: Այսօր դա մեզ կօգնի ընդունել որոշումներ, որոնք մեր աշխատանքն անխափան կդարձնեն 2012-2013 ուստարվանից»,-ասաց նա։ Զեկուցումն ամբողջությամբ

Սամվել Ավետիսյանը նախ անդրադարձ կատարեց 1999թ.-ին եվրոպական մի շարք երկրների կողմից ստորագրված Բոլոնիայի հռչակագրով եվրոպական կրթական տարածք ստեղծելու խնդրին։ 2004թ.-ին Հայաստանը ևս միացավ այն 7 երկրների թվին, որտեղ երկաստիճան կրթական համակարգը ներդրվել էր նաև բարձրագույն բժշկական կրթության ոլորտում: Սա նշանակում էր, որ ՀՀ բժշկական կրթության ամբողջ համակարգը պետք է համահունչ դարձվեր եվրոպական կրթության պահանջներին: 2005թ.-ին ՀՀ-ում ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, որ սահմանում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգ` բակալավրի և մագիստրոսի որակավորումներով, բխում է հենց այդ պահանջներից։

«Բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսման տևողությունը բժշկագիտության բակալավրի որակավորում ստանալու համար սահմանվեց առնվազն 5 տարի, իսկ մագիստրոսի որակավորում ստանալու համար` առնվազն 1 և մինչև 4 տարի: Սակայն պետք է նշել, որ բժշկական կրթության առանձնահատկություններով պայմանավորված` ի սկզաբնե բժշկական կրթությունը և Բոլոնիայի գործընթացը դժվարությամբ էին համադրվում: Այդ իսկ պատճառով Եվրոպական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2005-2006թթ.-ին «Բոլոնիայի գործընթացի իրագործումը բժշկական կրթության մեջ» նախագծի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներում հետազոտվեց այդ գործընթացի ներդրումը բժշկական կրթության ոլորտում: Անցկացված ուսումնասիրությունների ավարտին հետազոտողները եզրակացրեցին, որ Բոլոնիայի գործընթացով բժշկության ոլորտում նախատեսված` 3 տարում 180 կրեդիտ բակալավրի և հաջորդող 2 տարում 120 կրեդիտ` մագիստրոսի կոչման համար ծրագրերի ավելի խոր քննարկումների անհրաժեշտություն կա: Անգամ փաստվեց, որ բժշկական կրթության ոլորտում հնարավոր է, որ նույն արդյունքները չապահովվեն, ինչ մնացած ոլորտներում, հետևաբար որոշվեց մանրամասն մշտադիտարկում անցկացնել»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը` ներկայացնելով որոշ երկրների բժշկական կրթության ոլորտում առկա նույնանման մոդելները:

«Առանց կլինիկական պրակտիկայի բժշկական բուհի համար կարելի է դասախոսներ պատրաստել ոչ կլինիկական առարկաների գծով, իսկ կլինիկական ուղղվածության մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է ավարտել օրդինատուրան և ստանալ համապատասխան վկայական: Այս մոտեցումը մեզ համար ընդունելի է, ինչի վառ ապացույցը 1 տարի առաջ բացված հանրային առողջության ֆակուլտետն է և մեր կողմից մշակված մոդելը»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը` հավելելով, որ Եվրոպայում բժշկական աստիճանների և որակավորումների ճանաչման վերաբերյալ Եվրամիության վերջին հրահանգով բժշկական կրթության ծրագրերը պետք է կազմեն 5500 ժամ և ունենան վեցամյա տևողություն: Այդ պատճառով շատ երկրներում ինտեգրված ուսումնական ծրագրերը պահպանվել են և կազմում են 360-420 կրեդիտ: Սա ենթադրում է, որ բժիշկ աշխատելու համար անհրաժեշտ է հետբուհական լրացուցիչ մասնագիտացում: Միաժամանակ ոչ մի երկիր չի կարող բժշկական կրթության ծրագրի տևողութունը 6 տարվանից պակաս սահմանել»,-գիտխորհրդին ներկայացրեց Սամվել Ավետիսյանը։ ՀՀ-ում բժշկական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջատար ԵՊԲՀ-ում 2006թ.-ից բոլոր ֆակուլտետներում կրթությունը դարձել է երկաստիճան` բակալավրիատ և մագիստրատուրա: ՀՀ կառավարության որոշմամբ անցյալ տարի կատարված փոփոխություններով բակալավրիատն ավարտելիս, ըստ համապատասխան ֆակուլտետների, շնորհվում են բժշկագիտության, ստոմատոլոգիայի և դեղագիտության բակալավրի աստիճաններ, իսկ մագիստրատուրան ավարտողներին` բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, բժշագիտության մագիստրոս` հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտների համար և դեղագիտության մագիստրոս որակավորումներ:

Ռեկտորի պաշտոնակատարը նաև նշեց, որ բացի մյուս հիմնավորումներից, բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդվող համանուն առարկաների ծրագրերի անարդյունավետ կրկնություններից խուսափելու հիմնական միջոցը նախադիպլոմային կրթության տևողության կրճատումն է:

«Այդ մեկ տարին կարող ենք օգտագործել մեզ համար խիստ կարևոր մասնագիտական հետդիպլոմային կրթության սկզբնական փուլում: Այս դեպքում հետդիպլոմային կրթությունը ևս կդասավանդվի երկաստիճան համակարգով: Յուրաքանչյուր կլինիկական օրդինատոր, անկախ ընտրած մասնագիտությունից, առաջին մեկ տարում կուսումնասիրի մասնագիտական հիմնական առարկաները, որի հիմքի վրա կշարունակի նեղ մասնագիտացումը: Այս մոդելը հնարավորություն կտա ուժեղացնելու նաև մեր կողմից չափազանց կարևորվող գործնական ունակությունների տրամադրումը: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ձեռնամուխ ենք եղել համալասարանական 2 կլինիկաների տարածքում Գործնական ունակությունների համալասարանական կենտրոնի ստեղծմանը: Այդտեղ նախադիպլոմային փուլում սովորող ուսանողները ինչպես դասաժամերին, այնպես էլ` հետո, գործնական ունակություններ ձեռք կբերեն ժամանակակից սարքավորումների միջոցով: Այդպես մեզ կհաջողվի տարանջատել նախա- և հետդիպլոմային մակարդակներում գործնական աշխատանքի օբյեկտը»,-ասաց Սամվել Ավետիսյանը:

Առաջարկվեց 2012-2013 ուսումնական տարվա աշնանային կիսամյակից այս տարվա առաջին կուրսից բոլոր ֆակուլտետներում նախադիպլոմային կրթության տևողության հետևյալ փոփոխությունները.

  • ընդհանուր բժշկության ֆակուլտետ
    • բակալավրիատ` 4 տարի,
    • մագիստրատուրա` 2 տարի,
  • ստոմատոլոգիական ֆակուլտետ
    • բակալարիատ` 4 տարի,
    • մագիստրատուրա` 1 տարի,
  • դեղագիտական ֆակուլտետ
    • բակալավրիատ` 4 տարի,
    • մագիստրատուրա` 1 տարի:

Մնացած կուրսերում ուսումնական գործընթացը կշարունակվի առանց փոփոխությունների:

Այս մոդելի կիրառումն ինքնին նշանակում է վերանայել ուսումնական պլանները, որոնց հաստատումից հետո պետք է կազմվեն առարկայական ծրագրերը և ձևակերպվեն չափորոշիչները: Ամբիոնները ցիկլային մեթոդական հանձնաժողովների հետ կկազմեն այդ ծրագրերը, իսկ ուսումնամեթոդական վարչությունը կհսկի դրանց իրագործումը: Նախկին չափորոշիչները կգործեն միայն 2-րդ և բարձր կուրսերի ուսանողների համար:

Սամվել Ավետիսյանն անդրադարձավ նաև ամառային քննաշրջանում հիմնական մասնագիտական առարկաների քննության կազմակերպման հարցին։

«Կենտրոնական մեթոդական հանձնաժողովը որոշել է այն անցկացանել բանավոր: Առաջարկվում է հետևյալ տարբերակը` ամբողջ տարվա ընթացքում ուսանողը առարկայից ծրագրով նախատեսված բոլոր հարցումները հանձնում է գրավոր, որոնք ապագայում կանցկացվեն համակարգչային տարբերակով, որոնցից ձևավորվում է տարեկան գնահատականը: Առարկայից վերջնական գնահատականը ձևավորվում է տարեկան գնահատականի և բանավոր քննության գնահատականի թվաբանական միջինն ամբողջացնելով»,-ասաց նա` հավելելով, որ պետական ատեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի նախատեսվում` առաջարկելով մեկով պակասեցնել քննական տոմսերում հարցերի քանակը:

Քննարկումների արդյունքում առաջարկվեց բարձրագույն բժշկական կրթության հետևյալ համակարգը`

  • 1-ին աստիճան` բակալավր և մագիստրատուրա,
  • 2-րդ աստիճան` սուբօրդինատուրա և կլինիկական օրդինատուրա:

Առաջարկն ընդունվեց միաձայն:

ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց եվրոպական երկրների օրինակով համալսարանում ներդնել այնպիսի մի ծրագիր, որով հնարավոր լինի հարբժշկական մասնագետներ պատրաստել:

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ս.Ա. Ավետիսյանի` «Նախադիպլոմային կրթական մոդելի քննարկում» թեմայով զեկուցումը,

որոշեց՝

  • Հանձնարարել ցիկլային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, ամբիոն­ների վարիչներին` մինչև 2012թ. օգոստոսի 28-ը համալսարանի ուսում­նա­մե­թո­դական վարչություն ներկայացնել գրավոր կարծիքներ, առա­ջարկու­թյուններ, դիտո­ղու­թյուններ` ինտեգրված ուսուցման առաջարկվող մոդելի և նոր ուսում­նական պլանների վերաբերյալ:
  • Ինտեգրված ուսուցման համակարգի համատեքստում հաստատել 2012-2013 ուստարվա առաջին կուրսերի բոլոր ֆակուլտետների ուսումնական պլանները:
  • Հանձնարարել համալսարանի իրավաբանական բաժնի պետ Մ. Սողոմոնյանին` մինչև 2012թ. օգոստոսի 27-ը մշակել և հաստատման ներկայացնել առաջին կուրսի ուսա­նողների հետ կնքվող պայմանագրի նոր ձևը` ըստ ինտեգրված ուսուցման մոդելի:
  • Հանձնարարել ցիկլային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, ամ­բիոն­ների վարիչներին` մինչև 2012թ. օգոստոսի 28-ը համալսարանի ուսումնա­մեթո­դական վարչություն ներկայացնել մագիստրատուրայի առաջին կուրսի ամառային քննա­շրջանում հիմնական մասնագիտական առարկաներից բանավոր քննություն անց­կացնելու ձևի և բովանդակության վերաբերյալ մոտեցումներ ու առաջար­կու­թյուններ:
  • Սույն որոշումը քննարկել համալսարանի ստորաբաժանումներում` ընդունելով ի կատարումն:
  • Սույն որոշման կատարմանն անդրադառնալ ս/թ սեպտեմբերին:
  • Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտորի պաշտոնակատար Ս.Ա. Ավետիսյանին:

Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը տպագրության երաշխավորման նպատակով գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց Ս. Ավետիսյանի հեղինակությամբ «Աուտոբորբոքում և էնդոտոքսինային տոլերանտություն» մենագրությունը, Ա. Փաշայանի հեղինակությամբ «Հոգեբուժություն» դասագիրքը, Լ. Ավետիսյանի խմբագրությամբ և Ն. Խաչիկյանի, Ա. Քոթանյանի, Ա. Հայրապետյանի, Ա. Գզրալյանի համահեղինակությամբ «Հիգիենա և բժշկական էկոլոգիա», Գ. Նավասարդյանի խմբագրությամբ և Ս. Ավետիսյանի, Ա. Պապյանի, Ա. Գրիգորյանի համահեղինակությամբ «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիայի հարցեր և թեստեր» ուսումնամեթոդական ձեռնարկները:

Բոլոր աշխատանքները հաստատվեցին միաձայն:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook