Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Գլխավոր քննություններն առջևում են»

Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ Հիպոկրատի երդում տվեցին 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները։ Երդում, որ մասնագիտական ողջ գործունեության ընթացքում պարտադրելու է ցուցաբերել գթասրտություն ու միաժամանակ` բարձր պատասխանատվություն։ Հանդիսությանը մասնակցում էին բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։

Գերազանց առաջադիմությամբ բուհն ավարտած շրջանավարտներին առաջին կարգի (կարմիր) դիպլոմները հանձնելուց առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած գործընկերոջ և այս բուհի շրջանավարտ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը։

Շնորհավորելով շրջանավարտներին` նախարարն ասաց. «Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի լավ ուղեգիր: Սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ: Վստահ եմ, որ շրջանավարտներից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող գործընկերների շարքերը։ Յուրաքանչյուր ոք լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը»:

Այնուհետև շրջանավարտները՝ ձայնակցելով ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի մշակույթի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանին, հնչեցրեցին Հիպոկրատի երդումը։

Ինչպես ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նշեց, բժիշկ մասնագետի դիպլոմ ստացողների համար գլխավոր քննությունները դեռ առջևում են։

Ողջունելով շրջանավարտներին` նա ասաց.

ՀՀ առողջապահության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, դիմելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասաց.

«Այս պահին ես տարբեր զգացողություններ ունեմ։ Նախ վերապրում եմ այն պահը, երբ ինքս էի Հիպոկրատի երդում տալիս։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե հաջորդ օրվանից իսկ կյանքեր եմ փրկելու, սակայն պարզվեց, որ դեռ շատ ու շատ պետք է սովորել։

Որպես հարազատ այս բուհի նախկին ռեկտոր ես նաև կիսում եմ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուրախությունն ու հպարտությունը։ Վստահ եմ, որ դուք հպարտությամբ կհիշեք նրանց, նրանք էլ իրենց հերթին ձեզնով հպարտանալու շատ առիթներ կունենան։ Իսկ որպես ՀՀ առողջապահության նախարար պատիվ ունեմ ասելու` բարով եք գալիս համակարգ։ Կստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմանները` որպես մասնագետ ձեր կայացման համար»։

Թե՛ նախարարները, թե՛ ռեկտորի պաշտոնակատարը հույս հայտնեցին, որ 2011-2012 ուսունական տարվա շրջանավարտները ևս բարձր կպահեն իրենց բուհի պատիվը։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր ավելի քան 90-ամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Ավանդույթ, որ շարունակվում է առ այսօր։

Բժշկի դիպլոմ ստացավ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 115 շրջանավարտ։

Կրթության երկաստիճան համակարգի ներդրման արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրան շրջանավարտներ կտա եկող ուսումնական տարում։ Հավելենք, որ մի քանի օր առաջ հանդիսավոր պայմաններում դիպլոմ ստացավ օտարերկրացի 106 շրջանավարտ։

Հանդիսությունն իսկական տոնի վերածվեց ուսանողական խորհրդարանի կազմակերպած համերգի շնորհիվ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook