Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ ավիացիոն բժիշկների առաջին դասընթացը

Հունիսի 29-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ավարտվեց ավիացիոն բժշկության երկշաբաթյա առաջին դասընթացը, որը կազմակերպվել էր «Թվինինգ» ծրագրի շրջանակներում։

ԵՄ քաղաքացիական ավիացիոն անվտանգության «Թվինինգ» ծրագիրը մեկնարկել է 2011թ.-ի մարտին և իրականացվում է Իսպանական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից, որի նպատակն է նախապատրաստել Հայաստանին Եվրոպական ավիացիոն անվտանգության համակարգում (ԵԱԱԳ) ամբողջությամբ ներգրավվելուն: Ծրագրի նպատակն է ավիացիոն անվտանգության ոլորտում հասնել եվրոպական օրենսդրական համակարգի հետ ներդաշնակեցմանն ու այդ օրենքների կիրարկմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ 1.1 միլիոն եվրոյի չափով:

Ավիացիոն անվտանգության կարևոր բաղադրիչ է թռիչքային անձնակազմերի բժշկական փորձաքննությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր բժշկական փորձաքննություն իրականացնող բժիշկների վերապատրաստում` «ավիացիոն բժշկություն» մասնագիտությամբ: Ըստ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջների` ավիացիոն բժշկության փորձագետները, ովքեր պատասխանատու են օդաչուների բժշկական պիտանիության համար, պետք է նույնպես որակավորվեն:

Դասընթացի նպատակն էր պատրաստել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան ավիացիոն բժշկության ոլորտի ներկա և ապագա ավիացիոն բժշկության փորձագետներ: Դրա շարունակականությունն ապահովելու նպատակով ամիսներ առաջ Իսպանական ավիացիոն անվտանգության գործակալության և մեր համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր:

Դասընթացն անցկացրեցին իսպանացի փորձագետներ դոկտոր Կարլոս Վելասկո Դիասը և դոկտոր Բեատրիս Պուենտե Էսպադան, ովքեր ավիացիոն բժշկության կենտրոնի փորձառու բժշկական փորձագետներ և Իսպանական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից արտոնագրված և ԵԱԱԳ-ի կողմից ճանաչված ավիացիոն բժշկության պաշտոնական դասընթացի հրահանգիչներ են:

Դասընթացը բաց էր ոչ միայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն բժշկության կենտրոնի մասնագետների համար, ովքեր մատուցում են այս ծառայությունը, այլև ընդհանուր բժշկության և այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ավիացիոն բժշկությամբ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ռեկտորների ստորագրությամբ վկայագրեր, որոնք կճանաչվեն Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության անդամ բոլոր երկրների կողմից:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook