Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դիպլոմներ՝ արտասահմանցի շրջանավարտներին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հունիսի 26-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների արտասահմանցի 106 ուսանողների։

Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին տիկնոջ հետ, խորհրդական Հուսամ Հաֆեզը, ինչպես նաև շրջանավարտների՝ Հնդկաստանից, Իրանից, ՌԴ-ից ժամանած ծնողներ։

Ողջունելով անգլալեզու և ռուսալեզու շրջանավարտներին, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն ասաց. «Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որ պահանջում է զգոնություն, զսպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, համբերատարություն, մարդասիրություն:

Սիրելի′ շրջանավարտներ, միշտ հավատարիմ մնացեք բժշկի վսեմ ու պատասխանատու առաքելությանը։ Թող լավատեսությունը երբեք չլքի Ձեզ»։

Օտարերկրացիների ուսուցման դեկան Աննա Սարգսյանը նշեց, որ ԵՊԲՀ-ի օտարերկրացի շրջանավարտներն ամեն տարի իրենց երկրներում հաջողությամբ են հանձնում դիպլոմների հաստատման քննությունները: Այս տարվա նախնական տվյալները ևս դրական են թե՛ Հնդկաստանում, թե՛ Սիրիայում, թե՛ Իրանում: Նա նաև նշեց, որ այս տարի բավական աշխույժ է աշխատել օտարերկրացիների ուսանողական խորհուրդը (նախագահ` Ռուբեն Համբարձումյան, ուսանողական դեկան` Հմայակ Դուրգարյան): Ի դեպ, հենց խորհուրդն էլ պատրաստել էր օրվա համերգային ծրագիրը:

Հանդիսության ընթացքում շեշտվեց, որ ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտներ Վրաստանի քաղաքացի Սոցկար Պուտուլյանը և Սիրիայի քաղաքացի Արման Տարակչյանը ՀՀ սփյուռքի նախարարության և բարերար-հովանավորող պր-ն Ավագյանի ընտրությամբ արժանացել են սփյուռքահայ ուսանողության համար սահմանված Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակի:

Նաև նշվեցին այն շրջանավարտների անունները, ովքեր պետական որակավորման հանձնաժողովի կարծիքով ամփոփիչ ատեստավորման բանավոր քննությունները հանձնել են փայլուն կերպով։ Նրանք են` ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտներ Հնդկաստանի քաղաքացիներ Ապարնա Շարման, Նիլամ Չաուդարին, Ռաքին, Հիտեշ Սարաոջին և Գիտիկա Կալռան, ով արժանացավ պրոֆ. Համայակ Սիսակյանի ստետոսկոպին, ստոմատոլոգիական ֆակուլտետից` Իրանի քաղաքացիներ Մոհամեդ Ռեզա պասանդեհ Մանեշը, Ալի Նասիրին, Տարանեհ Մոնթազեմին, Ֆարիդ Էսմաիլբեգը, դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ Արման Թաթոսյանը:

Շրջանավարտներին փայլուն ապագա մաղթեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին։ Նա երախտիքի խոսք ասաց Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, որն իր դռները բացեց տարբեր երկրներից ժամանած ուսանողների առջև և ոչ մի ջանք չի խնայում բարձրորակ կրթություն ապահովելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին և բոլոր նրանց, ովքեր կարողանում են բարձր պահել բուհի պատիվը։

Այնուհետև շրջանավարտները Հիպոկրատի երդումը հնչեցրեցին հայերենով։

Նրանք նաև երախտիքի խոսքեր ասացին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստացած ուշադիր ու հոգատար վերաբերմունքի և բարձրակարգ կրթության համար։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook