Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տեղեկատվություն Գրիգոր Նազարյանի և Մարկ Սաղաթելյանի վիճակի մասին

Անցած գիշեր կատարված ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը և հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիր են տեղափոխվել տրավմատիկ ծանր շոկով և զուգակցված վնասվածքներով: Ներկայումս երկուսի վիճակն էլ կայուն է:

Նրանց բուժող բժիշկները հայտնում են՝

Իրինա Մալխասյան՝ ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի և կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր -Անմիջապես կատարված հետազոտությունների արդյունքներով Մարկ Սաղաթելյանի մոտ հայտնաբերվել են գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածում փափուկ հյուսվածքների կտրված վերք, ողերի կոտրվածքներ, ինչպես նաև կոնքոսկրի բարդ կոտրվածք։

Գրիգոր Նազարյանի մոտ ևս ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի և թոքերի սալջարդ և կոնքոսկրերի կոտրվածքներ՝ ազդոսկրի տեղաշարժով և ձախ ստորին վերջույթի` ծնկոսկրի կոտրվածք:

Հակաշոկային միջոցառումներն արդյունավետ էին, ներկայումս երկու հիվանդի վիճակն էլ կարելի է գնահատել որպես ավելի մոտ միջին ծանրությանը, երկուսն էլ գտնվում են պարզ գիտակցության մեջ, լավ կողմնորոշվում են: Վնասվածքների բնույթը դինամիկ հսկողություն է պահանջում, այդ իսկ պատճառով ախտորոշիչ, բուժական և ինտենսիվ թերապիայի լիածավալ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են։

Ռուբեն Ֆանարջյան՝ ԵՊԲՀ-ի Նյարդավիրաբուժության ամբիոնի և Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. , պրոֆեսոր - Երկու հիվանդի մոտ էլ առկա են զուգակցված գանգուղեղային և ողնաշարային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում, որը համարվում է թեթև աստիճանի գանգուղեղային վնասվածք։ Կատարվում է շարունակական հսկողություն։ Կարևորը՝ նյարդավիրաբուժական իմաստով ֆունկցիոնալ խանգարումներ՝ այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա։ Ես համոզված եմ, որ մենք կունենանք լավ արդյունք:

Արսեն Ազիզբեկյան՝ ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար - Մարկ Սաղաթելյանի մոտ առկա է կոնքի ոսկրերի կոտրվածք՝ ազդոսկրի ետին հոդախախտով, որն ուղղվել է, դրված է կմախքային ձգում։ Համակարգչային տոմոգրաֆիական կրկնակի հետազոտության արդյունքներով կորոշվի հետագա տակտիկան: Կոնսերվատիվ բուժումը բավականին երկար կլինի:

Գրիգոր Նազարյանի մոտ առկա կոնքի կոտրվածքները նույնպես բավականին երկար կոնսերվատիվ բուժման կարիք ունեն։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook