Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ի ռեկտորի պարտականությունները կկատարի Սամվել Ավետիսյանը

Հունիսի 18-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորատի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախ բոլորի անունից շնորհավորեց ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանին ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:

«Պարոն Դումանյանը շատ արագ խորությամբ ներգրավվեց Բժշկական համալսարանի գործունեության մեջ։ Անցած կարճ ժամանակահատվածում բուհում լուրջ բարեփոխումներ սկսվեցին, որոնց ընթացքը գոհացուցիչ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ռեկտոր աշխատած ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի, մասնագիտական բարձր որակների և մարդկային ճիշտ փոխհարաբերություններով աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու համար։ Կարծում եմ` որպես առողջապահության նախարար ևս պարոն Դումանյանն իր մեծագույն աջակցությունը կբերի բուհին, և Բժշկական համալսարանը կառավարությունում երկու գործընկեր կունենա»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորատի անդամներին և ողջ կոլեկտիվին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

«Ես ուրախ եմ, որ այստեղ հրաշալի կոլեկտիվ է ձևավորվել, և ռեկտորի փոփոխվելով ցնցումներ չեն լինի: Միասին աշխատած տասնհինգ ամիսների ընթացքում ես ձեռք եմ բերել մասնագիտական բարձր որակներով, ազնիվ շատ ընկերներ և վստահ եմ, որ դուք կաշխատեք նույն նվիրվածությամբ ու համերաշխությամբ և կպահպանենք այն մթնոլորտը, որը մեզ միասին հաջողվեց ստեղծել։ Այդպես կշարունակվեն միասին սկսած այն բարեփոխումներն ու ծրագրերը, որոնց արդյունքներն ավելի շոշափելի առաջիկայում կերևան: Ես վստահ եմ, որ աշխատանքները նորմալ հունով կընթանան, և Բժշկական համալսարանի գործերը շատ լավ կլինեն»,-ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի կոլեկտիվին և ՀՀ կրթության և գիտության նախարարին ու նախարարության աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ իր հրամանով 2012թ.-ի հունիսի 18-ից ԵՊԲՀ-ի ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի վրա` մինչև օրենքով սահմանված կարգով մրցույթի ավարտը։

«Մրցույթը կհայտարարվի ոչ հիմա, քանի որ ընտրություններն այդ դեպքում կընկնեն հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, իսկ ամառային արձակուրդների շրջանում դա իրատեսական չէ: Այն կհայտարարվի օգոստոսի վերջին, որպեսզի ընտրությունը նշանակվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին` մինչև հոկտեմբերի 10-ը: Իսկ մինչ այդ բուհում դեռ մեծ անելիքներ կան, քանզի Բժշկական համալսարանի հետ կապված մեր ծրագրերը շատ հավակնոտ են: Բնականաբար, բոլորիդ խնդրում և պահանջում եմ, որ աշխատեք նույն թափով, նույն որակով, նույն ոճով ու ձեռագրով, ինչ աշխատել եք վերջին տարվա ընթացքում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook