Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համակարգչային քննություններն ընթանում են

100 րոպե` 100 հարցի համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսեցիները հունիսի 15-ին ամառային քննաշրջանի արդեն երրորդ քննությունը են հանձնում համակարգչային ծրագրով։ Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննության այս ձևն ապահովում է թափանցիկությունը, անաչառությունը, վերացնում է մարդկային սուբյեկտիվ գործոնը։ Այն նաև զգալիորեն թեթևացնում է ամբիոնների աշխատանքը, դասախոսներն ստիպված չեն մեծաթիվ գրավորներ ստուգել, ուսանողներն էլ մի քանի ժամ անհանգիստ չեն սպասում իրենց գնահատականին։

100 թեստային հարցի համար ուսանողին տրվում է 100 րոպե ժամանակ։ Ինչպես հատկացվող ժամանակը, այնպես էլ գնահատման սանդղակը համապատասխանեցված են միջազգային չափորոշիչներին։

Ուսանողը գիտի, որ դրական գնահատականի ներքին շեմն ապահովվում է 51 հարցի ճիշտ պատասխանով։ Քննության ընթացքում մոնիտորին երևում են մինչև քննության ավարտը մնացած ժամանակն ու ճիշտ պատասխանած հարցերի քանակը։ Փակելով ծրագիրը՝ ուսանողն իմանում է, թե քանի միավոր է հավաքել։ Այս դեպքում ևս գործում է բողոքարկման համակարգը։

Բոլորին տրվում է միևնույն թեստը` հարցերի տարբեր հերթականությամբ, որպեսզի հեշտ կամ բարդ տարբերակներ չլինեն։ Իհարկե, նաև թարմացվել, վերանայվել են քննական թեստերը։ Կարևոր է, որ քննության ընթացքը հսկողները տվյալ առարկայի մասնագետներ չեն։

Միաժամանակ յոթ տարբեր լսարաններում ընթացող համակարգչային քննությանն իր աշխատասենյակից հետևում է նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։ Ներդրված ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսագրել և ձայնագրել քննության ողջ ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում խոշորացված տեսնել անգամ ուսանողի աշխատանքը։ Ձեռք բերված երեք սերվերները եռակի ապահովություն են ստեղծել։

Համալսարանում այս գործընթացին երկար են նախապատրաստվել։ Այն մանրամասն, դետալ առ դետալ մշակվել, ապա քննարկվել է բուհի ռեկտորատում, ուր և հաստատվել է համակարգչային քննության ընթացակարգը։

Մինչ քննաշրջանի մեկնարկը բոլոր առաջին կուրսեցիները մի քանի անգամ փորձնական «քննություն» են հանձնել։ Նպատակը ոչ միայն համակարգչային ծրագրին ծանոթացնելն էր, այլև նորույթին նրանց հոգեբանորեն նախապատրաստելը։

Ի դեպ, «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաներից արդեն կայացած քննությունների արդյունքներով կիսամյակային միջին և քննական գնահատականներն էականորեն չեն տարբերվում։

Համալսարանում արդեն մի քանի տարի է, ինչ պետական քննությունները հիմնականում անց են կացվում այս եղանակով։ Սակայն ընթացիկ քննություններն այսպիսի ծավալներով առաջին անգամ են կազմակերպվում։

«Սա կրթության որակի բարձրացմանը միտված հերթական բարեփոխումն է։ Գործընթացի շարունակականությունն ապահովելու համար մենք պատրաստ ենք առաջիկայում ևս անհրաժեշտ ներդրումներ կատարելու»,-ասում է ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook