Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն


Հիմնադրվել է 2011թ.-ին (1963թ.):

Ամբիոնի վարիչ` Դավիթ Լևոնի Մելքոնյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անզգայացման և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար


Պատմություն

Հայաստանում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի դասավանդումը սկսվել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (հետագայում՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ) 1963թ.-ին, երբ հիմնադրվել է կրծքային վիրաբուժության և անէսթեզիոլոգիայի ամբիոնը:

Հիմնադրման օրվանից մինչև 1990թ.-ը ամբիոնի անեսթեզիոլոգիայի դասընթացը ղեկավարել է դոցենտ Ալեքսանդր Պետրոսյանը:

1991թ.-ին անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնն առանձնացել է, և ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը:

2011թ.-ից ամբիոնը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում:

Ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հետևյալ բուժհաստատություններում`

  • «Էրեբունի» բժշկական կենտրոն,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,
  • «Արաբկիր» բժշկական կենտրոն,
  • «Շենգավիթ» բժշկական կենտրոն
  • «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»,
  • «Նաիրի» բժշկական կենտրոնները:


Ուսուցում

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնը կլինիկական օրդինատուրայի եռամյա ծրագրի շրջանակներում պատրաստում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Բացի այդ` ամբիոնում իրականացվում է նաև գործող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների ու անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժիններում աշխատող միջին բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստում՝ կարճաժամկետ (2 շաբաթ) և երկարաժամկետ (7 շաբաթ) դասընթացների միջոցով:

Ուսուցումն ամբիոնում հնարավոր է իրականացնել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են`

  • հետդիպլոմային կրթության ժամանակակից եղանակների ուսումնասիրությունը անեսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում,
  • նոր տեխնոլոգիաների կիրառումը հետդիպլոմային կրթության մեջ,
  • գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների բուժման նոր եղանակների ուսումնասիրություն,
  • hոգեհուզական կարգավիճակի շտկումը վիրաբուժական հիվանդների մոտ,
  • ընդհանուր անզգայացման ազդեցությունը ճանաչողական ֆունկցիաների վրա:

Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, որոնց ընթացքում ներկայացնում են ամբիոնի գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնի կողմից հրատարակվել են բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գիտական հոդվածներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հայտնի ամսագրերում:


Համագործակցություն

Ամբիոնը սերտորեն համագործակցում է Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման հետ, ինչի արդյունքում ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի վերաբերյալ կազմակերպված բոլոր գիտաժողովներին և դասընթացներին:

Ամբիոնն ակտիվորեն համագործակցում է նաև միջազգային մասնագիտական կառույցների հետ: Եվրոպայում անեսթեզիոլոգիայի ասպարեզում ամենախոշոր կազմակերպության` Անեսթեզիոլոգիայի եվրոպական ընկերության հետ սերտ և բազմակողմանի համագործակցությունը, որն արտահայտվում է ինչպես կրթական, այնպես էլ գիտական ասպարեզներում, համակարգվում է ամբիոնի դոցենտ Ա. Վարոսյանի կողմից: Վերջինս երկար տարիներ այդ կազմակերպության անդամն է և ընդգրկված է նրա տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներում, մասնավորապես՝ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի եվրոպական դիպլոմի քննական հանձնաժողովի անդամ է և նույն դիպլոմի առցանց գնահատման հանձնաժողովի նախագահն է: Հենց այս համագործակցության արդյունքում էլ Երևանում հիմնվեցին Անեսթեզիոլոգիայի եվրոպական դիպլոմի քննական և Անեսթեզիոլոգիական կրթության եվրոպական կոմիտեի տարածաշրջանային կենտրոնները: Վերջինս պարբերաբար կրթական տարբեր դասընթացներ է կազմակերպում արտասահմանից հրավիրված բարձրակարգ դասախոսների մասնակցությամբ:

Ամբիոնը համագործակցում է նաև մանկաբարձական անզգայացման միջազգային «Կիբելե» կազմակերպության հետ, ինչի արդյունքում Երևանում և հանրապետության մարզերում կանոնավոր կերպով կազմակերպվում են գիտաժողովներ, դասընթացներ և գործնական պարապմունքներ:


Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման կողմից կազմակերպված բոլոր համագումարներին, գիտաժողովներին և դասընթացներին, ստորև ներկայացված են վերջին տասը տարվա ընթացքում կազմակերպված նման միջոցառումները.

  • «Կիբելե» կազմակերպության ծրագրի շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) դասընթաց «Անզգայացումը մանկաբարձության մեջ» (Երևան, 2006թ.),
  • «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի արդի խնդիրները», ՇԲԿ դասընթաց (Երևան, 2007թ.),
  • Երեխաների շնչուղիների կառավարման Հայաստանում առաջին սիմպոզիում (Երևան, 2010թ.),
  • «Կիբելե» կազմակերպության ծրագրի գործնական սեմինարներ և գիտաժողով մանկաբարձական անզգայացման վերաբերյալ (Երևան, 2010թ.),
  • «Ռեգիոնար անզգայացման ընտրյալ խնդիրները», միջազգային գիտաժողով (Երևան, 2011թ.),
  • «Ինտենսիվ թերապիայի արդի հարցերը», միջազգային գիտաժողով (Երևան, 2011թ.),
  • «Մանկաբարձական անէեսթեզիոլոգիայի արձանագրերը», միջազգային գիտաժողով և ՇԲԿ դասընթաց (Երևան, 2012թ.),
  • «Ռեգիոնար անզգայացման և ցավի բուժման արդի մոտեցումները», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2013թ.),
  • «Անզգայացման առանձնահատկությունները սրտանոթային խնդիրների դեպքում», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2014թ.),
  • «Անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքների դեպքում», ՇԲԿ դասընթաց և գիտաժողով (Երևան, 2015թ.)
  • «Անզգայացման և ինտենսիվ թերապիայի ընտրյալ խնդիրներ», ՇԲԿ դասընթաց (Երևան, 2016թ.):

Ամբիոնի աշխատակազմ

Մելքոնյան Դավիթ Լևոնի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Վիրաբյան Ռիտա Թովմասի բ.գ.դ., պրոֆեսոր
Ամրոյան Աշոտ Վլադիմիրի բ.գ.թ., դոցենտ
Վարոսյան Արմեն Ֆաբրիցիուսի բ.գ.թ., դոցենտ
Գյուլբուդաղյան Աշոտ Վարոսի բ.գ.թ., ավագ դասախոս
Մանգոյան Հարություն Նորայրի բ.գ.թ., դասախոս
Մարգարյան Սուրեն Սեղբոսի բ.գ.թ., դասախոս
Քյուրքչյան Խաչատուր Մկրտչի դասախոս
Գնունի Անատոլի Սերգեյի դասախոս
Շահվերդյան Կարո Հրանտի դասախոս
Կարապետյան Զավեն Աշոտի դասախոս
Բաբայան Վիկտորյա Սահակի ասիստենտ
Պողոսյան Նարեկ ասիստենտ


Հասցե` ՀՀ, Երևան, 0056, Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փ., 10 շ., «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն
Հեռ.` (+37493) 91 96 69
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook