Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նորույթներ բժշկական կրթության համակարգում

Գիտական խորհրդի նիստ

Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի Աննա Գևորգյանին 2012-2013 ուսումնական տարում Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի, ընդհանուր բժշկության ֆակուլտետի 434 խմբի ուսանողուհի Նաիրա Սարգսյանին ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի, իսկ նույն ֆակուլտետի 434 խմբից Գայանե Թումյանին Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակի արժանացնելու մասին։

Այնուհետև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ստացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությունը համալսարանում կրթության տևողություններում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

«Ձեռք բերված համաձայնության արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետում բակալավրիատի ուսման տևողությունն այսուհետև կլինի 4, իսկ մագիստրատուրայում` 2 տարի` նախկին 5 և 2 տարիների փոխարեն, իսկ ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետներում` համապատասխանաբար 4 և 1` նախկին 4 և 2 տարիների փոխարեն։

Մենք մեկ ամսվա ընթացքում կպատրաստենք և գիտխորհրդի հաջորդ նիստի քննարկմանը կներկայացնենք առարկայական բոլոր ծրագրերը և կրթական չափորոշիչները, որպեսզի նոր ուսումնական տարվանից կարողանանք առաջնորդվել դրանցով»,-ասաց ռեկտորը։

Նա հավելեց, որ ուսման տևողության նոր կարգը կվերաբերի միայն 2012-2013 ուստարում ընդունված ուսանողներին։ Միայն նոր ծրագրերի հաստատումից հետո հնարավոր կլինի քննարկել, թե որքանո՞վ է իրատեսական այն նաև 2011-2012 ուստարում ընդունվածների վրա տարածելը։

«Մագիստրատուրայում ուսումնառության տևողությունը մեկ տարով կրճատելը հնարավորություն կտա ավելի խորացնել հետդիպլոմային կրթությունը։ Այստեղ ստեղծվող սուբօրդինատուրայում մեկ տարի ընդհանուր մասնագիտացում կանցնեն ապագա վիրաբույժները, սրտաբանները, նեֆրոլոգները և մյուս նեղ մասնագետները։ Դա նշանակում է, որ մեր շրջանավարտը ուրոլոգ, տրավմատոլոգ կամ վիրաբուժական այլ նեղ մասնագետ կկարողանա դառնալ մեկ տարի ընդհանուր վիրաբուժություն ուսանելուց հետո միայն։ Նույն սկզբունքով կպատրաստվեն նաև մանկաբույժները։ Փաստորեն, նախկինի պես, միանգամից չեն դառնա կրծքային վիրաբույժ կամ ուրոլոգ` առանց ընդհանուր վիրաբուժական կրթություն ստանալու։ Կրթական այս մեկ տարվա ծրագիրը ներդնելով, փորձում ենք լրացնել հենց այդ բացը։

Այսպիսով, ընդհանուր կրթության տարիները չեն փոխվի, սակայն բակալավրիատի տեսական մասի փոխարեն կուժեղացնենք մասնագիտական կրթությունը։ Սրանով մեր համալսարանի կրթական համակարգն առավել ժամանակակից կդառնա` մոտենալով եվրոպական և ամերիկյան մոդելին, որն էլ թույլ կտա ավելի բարձրակարգ մասնագետներ պատրաստել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա տեղեկացրեց, որ հարցը մինչ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացնելը քննարկվել է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ և արժանացել նրանց հավանությանը։

Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց վեց ամբիոնի վարիչների.

  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոն` Կառլեն Գրիգորի Ադամյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն` Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ֆարմակոլոգիայի ամբիոն` Մարինե Գառնիկի Բալասանյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն` Զարեհ Ավետիքի Տեր-Ավետիքյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն` Դավիթ Լևոնի Մելքոնյան, բ.գ.դ., պրոֆեսոր,
  • ընտանեկան բժշկության ամբիոն` Կարինե Լևոնի Մալայան, դոցենտ։

Փակ գաղտնի քվեարկությամբ իրականացրեցին նաև պրոֆեսորի պաշտոնի ընտրություններ.

  • ֆարմակոլոգիայի ամբիոն` Էլմիրա Արտաշեսի Ամրոյան, բ.գ.դ.,
  • մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոն` Աբրահամյան Լուսինե Ռազմիկի, բ.գ.դ.,
  • ընտանեկան բժշկության ամբիոն` Միքայել Զաքարի Նարիմանյան, բ.գ.դ.,
  • ընտանեկան բժշկության ամբիոն` Սամվել Գագիկի Հովհաննիսյան, բ.գ.դ.,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն` Սպարտակ Հովհաննեսի Միրզոյան, բ.գ.դ.,
  • հետբուհական և շարունակական ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոն` Արմեն Գուրգենի Խուրշուդյան, բ.գ.դ.,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոն` Սվետլանա Վիկտորի Գրիգորյան, բ.գ.դ.,
  • հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոն` Ռիտա Թովմասի Վիրաբյան, բ.գ.դ.:

Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Խաչատուր Վլադիմիրի Գասպարյանին և Առողջապահության կառավարում և տնտեսագիտություն ամբիոնի ասիստենտ Գագիկ Մուշեղի Միրիջանյանին գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ շնորհեց դոցենտի գիտական կոչում։

 

Find us on Facebook