Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ստոմատոլոգիական ֆակուլտետը 50 տարեկան է.

ներկայացուցչական վեհաժողով` նվիրված հոբելյանին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր` մայիսի 24-ին, մեկնարկեց ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը, որի բացմանը ներկա էին ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ստոմատոլոգները, այլև մի շարք երկրների պատվիրակություններ։

Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին, ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց.

«Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ։

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր վեհաժողովի 700 մասնակիցների թվում ինչպես Հայաստանի և Արցախի լավագույն ստոմատոլոգներն են, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի պատվիրակությունները` իրենց ճանաչված մասնագետներով։

Ինչպես արդեն տեղեկացել եք Ձեզ ներկայացված ծրագրից, վեհաժողովի օրակարգը բավական հագեցած է։ Այս օրերին դուք ստոմատոլոգիայի ժամանակակից ձեռքբերումներին նվիրված հետաքրքիր զեկուցումներ կլսեք, ինչպես նաև կմասնակցեք աշխարհի ճանաչված մասնագետների կողմից տրվող հմտության դասընթացներին։

Ելույթի շարունակությունը

Կարևորելով վեհաժողովը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց.

«Մեր ստոմատոլոգիան միշտ եղել է առաջադեմ և աշխարհին ներկայանալի։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես հպարտացել է մեր ստոմատոլոգներով և աջակցել լավագույն նպատակային ծրագրերը»:

Նա միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն խնդրի շուրջ, որ ոլորտում առաջացել է որոշ մասնագետների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով։

Վեհաժողովին ուղերձներ էին հղել`

Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի Ոսկե մեդալներ շնորհվեցին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին, ինչպես նաև ստոմատոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած մի խումբ բժիշկների` բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին դասախոսներից պրոֆեսոր Խաչատուր Բադալյանին, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Տատինցյանին, պրոֆեսորներ Վահագն Կիրակոսյանին, Կարեն Լալայանին, Վիկտոր Մելքումովին, բժշկագիտության բնագավառում հայտնագործության հեղինակ Պավել Մայիլյանին, ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին շրջանավարտներ, ապա` դասախոսներ Հասմիկ Խաչատրյանին և Էդգար Եղիկյանին, Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտ Աննա Մինալյանին։

Խորհրդանշական է, որ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի 1967 թվականի առաջին շրջանավարտները բոլորն էլ արժանացան Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի պատվոգրի։ Մի մասը`ցավոք, հետմահու։

Երեք օր շարունակ վեհաժողովի մասնակիցները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները։ Համատեղ այս աշխատանքը ոչ միայն կնպաստի մասնագիտական ունակությունների բարձրացմանը, այլև գիտագործնական կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ստեղծմանը։

Որպես դրա վառ օրինակ ծառայեց 2011 թ.-ին Օմսկի պետական բժշկական ակադեմիայում հրատարակված «Ատամների մոդելավորում և իմպլանտացիա» մենագրություն-դասագիրքը, որ իր հետ բերել է ակադեմիայի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լարիսա Լոմաշվիլին։

Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես։

Պատկերասրահ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook