Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հանձնվեցին DAAD-ի 2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Եվրոպական այս երկրի դրամաշնորհային այլ ծրագրերի կողմից ևս տարբեր կրթաթոշակներ են շնորհվել, որի արդյունքում 2012-2013 ուսումնական տարում մեր երկրից կրթաթոշակ ստացողների ընդհանուր թիվթ հասել է 258-ի։

Մայիսի 17-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը կրթաթոշակակիրներին շնորհեց Գերմանիայում ուսանելու և գիտական հետազոտություններ կատարելու DAAD-ի վկայագրերը։

«Ես ուրախ եմ, որ մեր ծրագրով Գերմանիայում ուսումնառություն ստացածներից շատերը մասնագիտական և աշխատանքային հաջողություններ են ունենում Հայաստանում։ Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ կլինեն համալսարանների փոխհամագործակցությունները տարբեր ոլորտներում։

Նաև ուրախ եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի ջանքերով Հալլեի համալսարանի «Մաշտոց» հայագիտական կենտրոնը հետագա զարգացման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման էլ ավելի մեծ ազդակներ ստացավ»,-ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ հայ- գերմանական կրթական ծրագերն առաջիկայում ավելի մեծ ընդգրկում ու զարգացում կստանան։

Նա շնորհակալություն հայտնեց ինչպես նախարար Արմեն Աշոտյանին, այնպես էլ ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանին` արդյունավետ համագործակցության համար։

Շնորհավորելով վկայագրեր ստացողներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց.

«Ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակներում հայ ուսանողների հերթական մի խումբ հնարավորություն է ստանում ուսումը շարունակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Վերջին տարիներին DAAD ծրագիրը, հսկայական հետաքրքրություն հարուցելով մեր ուսանողների շրջանում, մեր երկրում աննախադեպ զարգացում է ապրում։ DAAD արդյունավետ ծրագրի շնորհիվ Հայաստանի լավագույն ուսանողներից տասնյակներ ամեն տարի հնարավորություն են ստանում իրենց ուսումը շարունակել Գերմանիայում։

Վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնությունը կրթության և գիտության ոլորտում դարձել է Հայաստանի եվրոպական կարևոր գործընկերներից մեկը։ Այս ընթացքում բազմաթիվ նոր ծրագրեր են սկիզբ առել, որոնց մի մասն առնչվում է ակադեմիական փոխանակումներին։ Այս առթիվ իմ շնորհակալությունն եմ հայտնում Գերմանիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդտին, ում անձնական նվիրումը կրթական ծրագրերի ինտենսիվ զարգացման գործում չափազանց բարձր եմ գնահատում»։

Վկայագրեր ստացողներին նախարարը հորդորեց առավելագույնս քաղել թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքակրթական, թե՛ մշակութային առումներով` միաժամանակ բարձր պահելով մեր երկրի, Հայաստանի քաղաքացու պատիվը։

Արդեն երկրորդ տարին է DAAD ծրագրին է միանում նաև Բաց հասարակության հիմնադրամը։ Ինչպես տեղեկացրեց նախագահ Լարիսա Մինասյանը, այս տարի հիմնադրամի կողմից շնորհվել են 7 կրթաթոշակ, 2 դոկտորական և մեկ գիտահետազոտական աշխատանքների ուղեգրեր։

DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերը ներկայացրեց, որ ակադեմիական փոխանակման բնագավառում Հայաստանում իրենք խոշորագույն օժանդակողներից մեկն են։ Իրականացնելով 250 ծրագիր` DAAD-ը խթանում է նաև միջհամալսարանական փոխհամագործակցությունները։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակներում անկախացումից ի վեր կրթաթոշակ է ստացել ավելի քան 2000 հայ ուսանող։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook