Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորատի հերթական նիստը

Կյանք է մտնում համակարգչային քննությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով։

Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող քննության այս ձևը հաջողության դեպքում կընդլայնվի և կյանքի կկոչվի բակալավրիատի բոլոր առարկաների քննությունների ընթացքում։ Այն կապահովի թափանցիկությունը, ուսանողները հնարավորություն կունենան տեսնելու իրենց աշխատանքների գնահատման գործընթացը։

ԵՊԲՀ-ի ռեկտորատի երեկ կայացած հերթական նիստում քննարկվեց և հաստատվեց համակարգչային քննության ընթացակարգը։

Առաջադիմողներին` անհատական թոշակ, բացակայողներին` հեռացում

Ռեկտորատը երաշխավորեց և որոշեց գիտխորհրդի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի Աննա Գևորգյանին 2012-2013 ուսումնական տարում Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի արժանացնելու հարցը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների ընտրությունը կատարվել է սահմանված կարգով։ Ուսումնառության մեջ բացառիկ արդյունքներ ցուցաբերած, գիտական և հասարակական գործունեությամբ զբաղվող, պատշաճ վարքագիծ ունեցող ուսանողներից ընտրվել են քվեարկության արդյունքում առավել բարձր միավորներ ստացածները։

Անվանի թերապևտ, սրտաբան, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի արժանացնելու համար ռեկտորատը երաշխավորեց ընդհանուր բժշկության ֆակուլտետի 434 խմբի ուսանողուհի Նաիրա Սարգսյանի, իսկ Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակի` նույն ֆակուլտետի 434 խմբից Գայանե Թումյանի թեկնածությունները։

Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակի արժանացնելու համար ռեկտորատը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնելու համար երաշխավորեց սփյուռքահայ 4 ուսանողի` Սոցկար Պուտուլյանի (ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրս, Վրաստան), Սվետլանա Խաչատրյանի (ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրս, ՌԴ), Արման Տարակջյանի (ընդհանուր բժշկության 6-րդ կուրս, Սիրիա) և Արման Տատոսիանի (դեղագիտական ֆակուլտետի 5-րդ կուրս, Սիրիա) թեկնածությունները։

Քննարկվեց նաև փետրվար-ապրիլ ամիսների անհարգելի բացակայությունների հարցը։ Մեծաթիվ անհարգելի բացակայությունների համար այս անգամ հեռացվեց 10 ուսանող, որից 8-ը` արտասահմանցի։ Հեռացված արտասահմանցի ուսանողներից 7-ն առաջին կուրսի ուսանող էր։ Անհարգելի մեծաթիվ բացակայությունները հիմք հանդիսացան բուհից հեռացնել նաև նախապատրաստական բաժնի օտարերկրացի 2 ունկնդրի։ Ռեկտորատի որոշմամբ օտարերկրացի մեկ այլ ուսանող հեռացվեց համալսարանի հանրակացարանի ներքին կարգապահությունը խախտելու պատճառով։

Քննարկվեցին այլ հարցեր ևս։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook