Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկա

Հիմնադրվել է 2010թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Ռաֆայել Լևոնի Մանվելյան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ


Կլինիկայի ղեկավարը վերապատրաստվել է Մոսկվայի և եվրոպական առաջատար կլինիկաներում, այդ թվում` Լոնդոնի Guy»s & St.Thomas և Միլանի San Jerardo հանրահայտ կլինիկաներում։ Եվրոպական անոթային վիրաբույժների միության խորհրդի անդամ է։

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրում Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի կայացմանն ու զարգացմանը մեծապես աջակցել է ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Այն միակն է հանրապետությունում և իր հագեցվածությամբ, բարձրակարգ մասնագետներով համապատասխանում է Եվրոպական անոթային վիրաբույժների ասոցիացիայի «ESVS» չափորոշիչներին:

Զարկերակի աթերոսկլերոտիկ խցանումը, որը ոտքերի գանգրենայի պատճառ կարող է հանդիսանալ, մեծ տարածում ունի նաև Հայաստանում։ Խնդիր, որն առավել մեծ վտանգ է ներկայացնում շաքարային դիաբետով հիվանդների համար։


Կլինիկան մասնագիտացած է`

երակների և զարկերակների ինչպես փոքր ինվազիվ ժամանակակից մեթոդների կիրառմամբ, այնպես էլ ավանդական եղանակով բուժման գործում։

Կլինիկայում ստորին վերջույթների զարկերակների վրա կատարվել է 70-ից ավելի փոքր ինվազիվ եղանակով միջամտություն, որի շնորհիվ կանխվել է ոտքերի գանգրենայի զարգացումը, և պահպանվել են հիվանդների վերջույթները։

Առանց ընդհանուր ցավազրկման և կտրվածքի կատարված վիրահատության, եվրոպական չափորոշիչներով հետվիրահատական հսկողության շնորհիվ հիվանդը 1-2 օրից դուրս է գրվում կլինիկայից։

Կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից 2011թ.-ի հունիսին իրականացվել է տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար անոթային վիրահատություն։

Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մ. Հ.-ն երեք ամիս շարունակ տառապելով որովայնի նոպայաձև ցավերից, դիմել էր բազմաթիվ մասնագետների։ Համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ախտորոշվել է մեզենտերյալ (աղեստամոքսային) անոթների խցանում։

Վիրահատությունը կատարվել է էնդովասկուլյար եղանակով` առանց կտրվածքի, տեղային ցավազրկմամբ` ազդրային զարկերակից։ Վերականգնվել է որովայնային զարկերակների լուսանցքը` փրկելով հիվանդի կյանքը։

Հիվանդի ախտորոշումն ու վիրահատության հաջող ելքն ապահովվել է «Հերացի» հիվանդանոցային համալիրում ժամանակակից սարքավորումների առկայության և բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ։

«Հերացի» հիվանդանոցային համալիրը հագեցած է վերջին սերնդի անգեոգրաֆով, համակարգչային շերտագրության և միջուկամագնիսային ռեզոնանսային ախտորոշիչ սարքավորումներով։

Դա մեզենտերյալ (աղեստամոքսային) անոթների տրոմբոզների դեմ պայքարի առաջին քայլն էր տարածաշրջանում։

Այժմ Հայաստանում տեղացի մասնագետների կողմից էնդովասկուլյար անոթային վիրաբուժություն իրականացվում է միայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայում։

Եվրոպական չափորոշիչներով աշխատող կլինիկայում առանցքային դեր ունի նաև բաց անոթային վիրաբուժությունը, որն իրականացնում են բժշկական գիտությունների թեկնածուներ Արամ Բադալյանը և Ալեքսանդր Արամյանը։


Կլինիկայի մասնագիտական ուղղվածությունները`

  • էնդոսկոպիկ վենեկտոմիա (վարիկոզ հիվանդության դեպքում),
  • լազերային օբլիտերացիա (վարիկոզ հիվանդության դեպքում),
  • էնդովասկուլյար և համակցված զարկերակային վիրաբուժություն,
  • կոնսերվատիվ անոթային բուժում,
  • կավա-ֆիլտրացիա։


Իրականացվող հետազոտությունները`

  • անոթների դուպլեքս սկանավորում,
  • համակարգչային տոմոգրաֆիա։


Համագործակցություն

Կլինիկան համագործակցում է`

  • Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի(ՌԴ, Մոսկվա),
  • Մոսկվա թիվ 1 կենտրոնական հիվանդանոցի (ՌԴ),
  • San Jerardo Hospital բժշկական կենտրոնի հետ (Իտալիա, Միլան):


Կլինիկայի բժշկական անձնակազմը

Մանվելյան Ռաֆայել Լևոնի կլինիկայի ղեկավար, բ.դ.գ., դոցենտ
Արամյան Ալեքսանդր Պավելի բ.գ.թ., դոցենտ
Կարապետյան Հայկ Խաչատուրի կլինիկական օրդինատոր


Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60, «Հերացի» հիվանդանոցային համալիր, Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկա
Հեռ.` (+37410) 560100
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook