Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Աշխատավարձերը կբարձրանան, իսկ վարձավճարները` չեն փոխվի

Գիտական խորհրդի նիստ

Հերթական գիտխորհրդի ժամանակ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը։

Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ գիտխորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն` համալսարանի երկու ամբիոններ անվանակոչվել են նշանավոր, վաստակաշատ գիտնականների անուններով։

«Մինչև այժմ ամբիոններից միայն այդ երկու հայտն է ներկայացվել։ Դրանք մանրամասն քննարկվել են համապատասխան բոլոր ստորաբաժիններում։ Արդյունքում ախտաբանական անատոմիայի ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Արտաշես Բեգլարյանի, իսկ ֆարմակոլոգիայի ամբիոնը` Սիմոն Միրզոյանի անունով։ Այլ ամբիոններից նման հայտեր ստանալու դեպքում դրանք ևս կդնենք քննարկման»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ռեկտորի կողմից ներկայացված 2012-2013 ուսումնական տարվա ուսման վարձաչափերի վճարման փոխհատուցման կարգը։ Ըստ դրա համալսարանի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացիների համար (ուսանողների, ինտերնների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների) ուսման տարեկան վարձաչափերը փոփոխության չեն ենթարկվի։

Որոշակիորեն կավելանան արտասահմանցի դիմորդների վարձաչափերը։ Դա կվերաբերվի նոր ընդունվողներին:

Գիտխորհուրդը միաձայն հաստատեց նաև համալսարանի «Ներքին կարգապահական կանոնակարգը» և «Ռեկտորատի կանոնակարգը»։

«Գիտխորհրդի նախորդ նիստերից մեկի ժամանակ ես խոստացել էի, որ առաջին հերթին պետք է բարձրացնենք տեսական ամբիոնների աշխատակիցների աշխատավարձերը։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել, և ուրախությամբ հայտնում եմ, որ սեպտեմբերի 1-ից տեսական 33 ամբիոնի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսագիտական բոլոր հիմնավորումներով կբարձրանան 60-125 հազար դրամով։ Այդ գումարների աղբյուրները մենք ունենք։ Ամբիոնների մասնագետները և համալսարանի հնաբնակները համարում են, որ այս փուլում սա լուրջ ձեռքբերում է։ Այժմ մենք հաշվարկներ ենք կատարում, որպեսզի ճշտենք, թե որքան գումար է անհրաժեշտ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը ևս բարձրացնելու համար։ Ամենայն հավանականությամբ կկարողանանք միջոցներ գտնել սեպտեմբերի 1-ից, թեև ոչ այդ մեծությամբ, բարձրացնել նաև մեր այդ աշխատակիցների աշխատավարձերը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Գիտական խորհրդի ապրիլի 25-ին կայացած նիստի օրակարգում նախատեսված էին նաև ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների ընտրություններ։

Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը տեղեկացրեց, որ նյարդավիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1, հյուսվածաբանության, հոգեբուժության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկական դաստիարակության, ինչպես նաև հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնատոլոգիայի և մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնների վարիչների և 11 ամբիոնների պրոֆեսորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են մեկական հայտեր։

Գիտքարտուղարը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց թեկնածուների համառոտ գործունեությունը, աշխատանքային ու գիտական ձեռքբերումները և հայտնեց, որ բոլորի թեկնածությունները միաձայն երաշխավորվել են համալսարանի որակավորման հանձնաժողովի և ֆակուլտետային խորհրդի կողմից։

Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվեցին ձայների ճնշող մեծամասնությամբ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook