Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Սրտաբանության ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1994թ.):

Ամբիոնի վարիչ՝ Կառլեն Գրիգորի Ադամյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:


Պատմություն

Հաշվի առնելով 80-90-ական թվականներին ամբողջ աշխարհում սրտաբանության սրընթաց զարգացումը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում ընդունվեց սրտաբանների մասնագիտացման և կատարելագործման համար կազմավորել սրտաբանության ամբիոն:

1994թ.-ին Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվեց կլինիկական սրտաբանության ամբիոն, որը պետք է որակյալ կադրեր պատրաստեր Երևանի և ՀՀ մարզերի ստացիոնարների ու պոլիկլինիկաների համար: Ամբիոնի վարիչ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կառլեն Գրիգորի Ադամյանը:

2011թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, բժշկական կադրերի մասնագիտացման և կատարելագործման համակարգի վերակազմավորման արդյունքում, Առողջապահության ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնն ամբողջ կազմով ընդգրկվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային ուսուցման համակարգում:

Ամբիոնն ունի 2 կլինիկական բազա՝

  • Լ.Ա. Հովհանիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ-ը և
  • «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցը:

Բազաները, որտեղ իրականացվում է սրտաբանական բարձրակարգ ծառայություն, հագեցած են ժամանակակից ստացիոնար և ամբուլատոր ախտորոշիչ հնարավորություններով և ստորաբաժանումներով: Այստեղ ստացիոնար և ամբուլատոր բուժօգնություն են ստանում տարեկան մի քանի հազար հիվանդներ: Կլինիկաներում իրականացվում են ժամանակակից ներանոթային միջամտություններ, կիրառվում են սրտաբանական ախտորոշիչ բոլոր հետազոտությունները՝ ընդգրկելով ինվազիվ միջամտություններ:


Ուսուցում

Ամբիոնը ներառված է համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կազմում, որտեղ իրենց ուսումն են շարունակում «Սրտաբանություն» մասնագիտություն ընտրած տեղացի և արտասահմանցի կլինիկական օրդինատորները, վերապատրաստվում են սրտաբանները, մասնագիտանում են թերապևտները:

Ամբիոնի հաստատման շրջանում աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է տարվել մասնագիտացման և կատարելագործման ուսումնական գործընթացի արդիականացման ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան ամբիոնների աշխատանքային փորձը:

Դասավանդումն իրականացվում է գործնական պարապմունքների և դասախոսությունների տեսքով: «Սրտաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան տևում է 3 տարի: Հաստատվել են սրտաբանների մասնագիտացման եռամյա ծրագիրը և բժիշկների մասնագիտացման ու կատարելագործման ուսումնական պլանները (կլինիկա, տարբերակիչ ախտորոշումը սրտաբանությունում, ֆունկցիոնալ սրտաբանություն, էխոսրտագրություն): Հաշվի առնելով այն փաստը, որ ինվազիվ սրտաբանների մասնագիտացումը կատարվում է կլինիկական սրտաբանության բազայի հիմքի վրա, ամբիոնում տարվում են նաև ուսուցում և քննարկումներ՝ նվիրված ինվազիվ սրտաբանության մոտեցումներին, ցուցումներին և հակացուցումներին՝ տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ:

Ամբիոնում մշակվել են սրտաբանության մեջ ընդունված հիմնական ախտորոշիչ մեթոդների (էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և ֆունկցիոնալ այլ մեթոդներ) մասնագիտացման և կատարելագործման ծրագրեր: Մասնագիտացման պլանում ընդգրկվել են սիրտ-անոթային համակարգի ախտաֆիզիոլոգիայի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող հիմնական դեղորայքային խմբերի կլինիկական դեղաբանության ուսումնասիրման փաթեթները:

Ամբիոնի գործունեության 18 տարիների ընթացքում վերապատրաստվել է մի քանի հազար բժիշկ-սրտաբան, ֆունկցիոնալիստ և ընտանեկան բժիշկ, ովքեր աշխատում են Երևանի և ՀՀ մարզերի ստացիոնարներում ու պոլիկլինիկաներում: Ամբիոնում մասնագիտացում է անցել մի քանի հարյուր կլինիկական օրդինատոր, ովքեր լրացրել են սրտաբանների շարքերն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում և ցուցաբերել որակավորված սրտաբանական օգնություն Հայաստանի բնակչությանը:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ուղղություններն են.

  • սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ սրտային անբավարարության զարգացման ախտաֆիզիոլոգիական մեխանիզմներ (Կ.Գ. Ադամյան, Ա.Լ.Չիլինգարյան),
  • նախասրտերի շողացման ախտածագման և բուժման նոր մոտեցումներ (Ս.Վ. Գրիգորյան, Լ.Գ. Հազարապետյան),
  • սրտի փորոքային ռիթմի խանգարումների ախտածագումնային մեխանիզմներ՝ բորբոքային և իշեմիկ (Ս.Վ. Գրիգորյան),
  • միտրալ փականի պրոլապսի ախտածագման և բուժման որոշակի հայեցակետեր (Ս.Վ. Գրիգորյան, Ա.Ս. Պապոյան),
  • սրտի ռեմոդելավորման առանձնահատկությունները և ախտորոշիչ դերը նախասրտերի շողացման ժամանակ (Ս.Վ. Գրիգորյան, Կ.Գ. Ադամյան, Լ.Գ.Հազարապետյան),
  • բորբոքային մարկերների և ֆիբրոզի դերը նախասրտերի շողացման ժամանակ (Լ.Գ. Հազարապետյան, Ս.Վ.Գրիգորյան),
  • Աջ փորոքի սրտամկանի ինֆարկտ՝ նորագույն պրոգնոստիկ ցուցանիշների մշակում (Հ․ Գ․ Հայրապետյան, Ֆ. Մուրադյան, Վ.Տեր-Գրիգորյան)
  • Տրիմետազիդինի ազդեցությունը STEMI-ի ժամանակ առաջնային կորոնար ստենտավորումից հետո ռեստենոզների, ռեհոսպիտալացման հաճախականության, ձախ փորոքի սիստոլիկ ֆունկցիայի վրա (Հ․ Գ․ Հայրապետյան, Ֆ. Մուրադյան)

Ամբիոնում հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:


Համագործակցություն

Ամբիոնի աշխատակիցները գիտական և մեթոդական ասպարեզներում համագործակցում են`

  • Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի,
  • Առիթմոլոգների եվրոպական ասոցիացիայի հետ (EHRA):

Ամբիոնի աշխատակիցները 2014թ.-ին մասնակցել են Եվրոպայի սրտաբանների միության առիթմոլոգիայի ասոցիացիայի համատեղ ծրագրին, որի շրջանակներում պարգևատրվել են EHRA պատվոգրով: 2016թ.-ին ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Լ.Գ. Հազարապետյանը պարգևատրվել ESC-ի երիտասարդ գիտնական-սրտաբանների համար նախատեսված դրամաշնորհով:

Կիրառելով բարձրագույն տեխնոլոգիաների մեթոդները (հեռուստաբժշկություն)՝ ամբիոնը հնարավորություն ունի իրականացնել հեռուստախորհրդատվություններ Իսրայելի և Գերմանիայի առաջադեմ մասնագետների հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Ադամյան Կառլեն Գրիգորի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Գրիգորյան Սվետլանա Վիկտորի բ .գ.դ., պրոֆեսոր
Հայրապետյան Համլետ Գրիգորի բ.գ.դ., պրոֆեսոր
Դավթյան Աշոտ Վարդանի բ.գ.թ., դոցենտ
Տեր-Գրիգորյան Վիկտոր Ռուբենի բ.գ.թ., դոցենտ
Հազարապետյան Լուսինե Գևորգի բ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
Փիրուզյան Սվետլանա Ալեքսանդրի բ.գ.թ., ավագ դասախոս
Չիլինգարյան Արամ Լևոնի բ.գ.դ., դասախոս
Թունյան Լուսինե Գերասիմի բ.գ.թ., դասախոս
Սահակյան Հասմիկ Երվանդի բ.գ.թ., ասիստենտ
Մուրադյան Ֆլորա Իոսիֆի ասիստենտ
Շաքարյան Արշալույս ասիստենտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0014, Պ. Սևակի 5, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Սրտաբանության ամբիոն
Հեռ.՝ (+37410) 28 85 33, (+37410) 28 89 59
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
 

Find us on Facebook