Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորը հանդիպեց մագիստրատուրան ավարտողների հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շարունակում է հանդիպումները ավարտական կուրսերի ուսանողների հետ։ Այս անգամ նա ունկնդրեց դեղագիտական և ստոմատոլոգիական ֆակուլտետների մագիստրատուրան ավարտողներին հետաքրքրող և մտահոգող հարցերը։

Իսկ ուսանողներին հետաքրքրում էին թե՛ հետբուհական ու շարունակական կրթության այժմյան հնարավորությունները, թե՛ ընթացիկ ու պետական քննությունների հետ կապված կազմակերպական հարցեր։

Արդյո՞ք մագիստրատուրան ավարտողներն իրավունք ունեն որպես բժիշկ աշխատել, արդյո՞ք հետբուհական կրթության գների կամ ժամկետների փոփոխություններ սպասվում են, կլինիկական օրդինատորները հնարավորություն ունե՞ն ընտրելու կլինիկական բազան, հետդիպլոմային կրթությունն արտասահմանում ստանալու ի՞նչ հնարավորություններ կան. ահա ուսանողներին հետաքրքրող հարցերի ոչ ամբողջական ցանկը։

Ռեկտոր Դերենիկ Դումայանն ասաց, որ կլինիկական օրդինատուրայի ծրագրի յուրացումից, ավարտական քննության հանձնումից հետո բժիշկներին տրվող դիպլոմն է թույլ տալիս առողջապահության ոլորտում աշխատել որպես բժիշկ: Կլինիկական օրդինատորներն իրենք են ընտրում թե՛ կլինիկան, թե՛ ղեկավարին։ Կլինիկական օրդինատորները համալսարանական հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, ինչպես նաև ՀՀ ՊՆ հոսպիտալներում, համագործակցող դեղատներում կիրառում են իրենց ստացած գիտելիքները հաստատությունների առաջատար մասնագետների հսկողությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ հետդիպլոմային կրթության ոչ գները և ոչ էլ ժամկետները նախորդ տարվա համեմատությամբ որևէ փոփոխության չեն ենթարկվել։

Ռեկտոր Դերենիկ Դումանյանը և պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը սպառիչ պատասխաններ տվեցին հնչած բոլոր հարցերին։ Կարևորվեց, որ ընթացիկ և պետական քննությունների այս տարվա գրաֆիկն ուսանողներին ինչպես նախապատրաստվելու, այնպես էլ ընթացիկ պարտքերը վերահանձնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։

Ուսանողներին միաժամանակ հորդորեցին բարձրացված շատ հարցերի հստակ պատասխանները ստանալու համար համալսարանի կայքից ծանոթանալ «ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ»-ին։

Հանդիպման ընթացքում ռեկտորն ուսանողներին ներկայացրեց պետական քննությունների հանձնաժողովների նախագահներին։

«Հանձնաժողովներին հանձնարարվել է պետական քննություններն անցկացնել օբյեկտիվ, լինել բարյացակամ և զերծ մնալ ավելորդ լարվածություններից։ Այնպես որ, այսօրվանից խելամտորեն օգտագործեք ձեր ժամանակը և ապավինեք միայն ձեր գիտելիքներին»,-ասաց ռեկտորը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook