Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց - պատասխան


Հարցնում է Մարին   

ՀԱՐՑ - Պարոն Դումանյան, Ձեզ դիմում եմ հետևյալ հարցով. ես ավարտական կուրսի ուսանող եմ, Զոհված ազատամարտիկի դուստր։ Մինչ այս սովորել եմ անվճար, այսինքն ռոտացիայի չեմ մասնակցել, հիմա ինձ հետաքրքիր է մագիստրատուրա ընդունվելու դեպքում այս օրենքը գործելու է արդյոք։ Շնորհակալություն

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարի, ՀՀ կառավարության որոշմամբ զոհված ազատամարտիկների երեխաները մեր երկրում անվճար կրթություն են ստանում, այդ թվում նաև մագիստրատուրայում սովորելու ընթացքում։


Հարցնում է Պետրոսը   

ՀԱՐՑ - Հարգելի ռեկտոր,

Եթե կարելի է, պատասխանեք, թե ինչո՞վ է պայմանավորված թոշակի տարիքն անցած անձանց ամբիոնի վարիչների հերթական, ասենք` ութերորդ անգամ ու միաձայն «ընտրությունը»։

Հնարավոր չե՞ք գտնում, արդյոք, երիտասարդ դոցենտներին նույնպես այդ խաղին մասնակցելու իրավունք տալը։

Նախապես շնորհակալ եմ։

ՊԱՏԱՍԽԱՆ - ՀՀ օրենսդրության համաձայն ամբիոնի վարիչի ընտրության դեպքում տարիքային սահմանափակում չի նախատեսվում: ԵՊԲՀ ամբիոնի վարիչի թափուր տեղի համար կարող են դիմել համապատասխան մասնագիտական կրթությամբ ինչպես գիտության դոկտորներն, այնպես էլ գիտության թեկնածուները, ովքեր ունեն առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Համալսարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» թերթում թափուր պաշտոնների մրցույթի հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելիս թեկնածուները, եթե նույնիսկ չեն ստանում երաշխավորություն ամբիոնի, որակավորման հանձնաժողովի և ֆակուլտետային խորհուրդների կողմից, իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գիտական խորհրդի ընտրություններին, որի ժամանակ քվերակությունը փակ գաղտնի է (գիտական խորհրդի կազմը տեղադրված է համալսարանի կայքում): Ընտրության արդյունքում առավել ձայներ հավաքած թեկնածուն համարվում է ընտրված:

Տեղեկացնեմ, որ ներկայումս համալսարանն ունի 104 ամբիոն, որտեղ դասավանդում են երկարամյա փորձ ու վաստակ ունեցող պրոֆեսորներ, գիտության վաստակավոր գործիչներ, նախկին ամբիոնի վարիչներ, որոնց աջակցությամբ իրենց կրտսեր կոլեգաները՝ ամբիոնի վարիչների դոցենտ պաշտոնակատարները, արդեն իսկ մասնակից են, կամ պատրաստվում են մասնակցել Ձեր կողմից նշված «խաղին» և պատվով կատարում են ամբիոնի վարիչի իրենց պարտականությունները:


Հարցնում է Արմանը   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ,

Ինձ հետաքրքրում է մեկ հարց։ Արդյոք, հնարավո՞ր է աշխատել ասիստենտ, եթե սովորում եմ կլինօրդինատուրայում` 2-րդ կուրսում` գերազանց։

Շնորհակալություն։

ՊԱՏԱՍԽԱՆ - Ամբիոններում որպես ասիստենտ կարող են աշխատել այն անձինք, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, որոշակի աշխատանքային փորձ (առնվազն 1 տարվա ավագ լաբորանտի աշխատանքային ստաժ) և գիտական գործունեության առնվազն հայցորդի կարգավիճակ:

Համալսարանում գործող կանոններին համապատասխան կլինիկական ամբիոններում աշխատելու համար անհրաժեշտ է ավարտել օրդինատուրան, իսկ տեսական կամ հիմնարար ամբիոններում աշխատելու համար ունենալ աշխատանքային փորձ։ Ձեր հարցի առավել սպառիչ պատասխանը կարող եք ստանալ մեր համալսարանի ուսումնամեթոդական վարչությունում կամ իրավաբանական բաժնում`ներկայացնելով, թե հատկապես ինչ մասնագիտությամբ եք ուզում աշխատել որպես ասիստենտ։


Հարցնում է Կարենը 

ՀԱՐՑ - Ես այս տարվա դիմորդ եմ և ինձ հետաքրքրում է թե մեզ տանելու են բանակ ԵՊԲՀ-ից:

ՊԱՏԱՍԽԱՆ - Ուսանողների զորակոչը կատարվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998թ. սեպտեմբերի 16-ին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի վճարովի համակարգ ընդունված զինապարտ բոլոր ուսանողները զորակոչվում են բանակ: Այդ մասին տեղեկացվում է ընդունելության համար դիմում-հայտը լրացնելիս::


Հարցնում է Մելինան 

ՀԱՐՑ - Բարև Ձեզ,

Ուզում եմ հետևյալ հարցով Ձեզ դիմել. հնարավո՞ր է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն ավարտած , «կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ օրդինատուրա անցած ուսանողը դիմի ԵՊԲՀ-ի այլ ամբիոն`մեծ ցանկության դեպքում: Խնդրում եմ պատասխանել, եթե կա որևէ տարբերակ: Նախապես շնորհակալություն։

ՊԱՏԱՍԽԱՆ - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մրցույթի անցկացման և դրա արդյունքների հիման վրա, աշխատանքային պայմանագրի կնքման միջոցով:

Թափուր պաշտոնների մրցույթի վերաբերյալ հայտարարություն տրվում է մամուլում, ինչպես նաև համալսարանի կայքում՝ ընտրությունից առնվազն երկու ամիս առաջ:

Ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է ուշադրություն դարձնել բժշկական համալսարանի տվյալ ամբիոնի մասնագիտության և դիմողի բազային կրթության համապատասխանությանը:

ԵՊԲՀ կրթական չափորոշիչների համաձայն որոշ մասնագիտությունների համար անհրաժեշտ է ունենալ բազային բժշկական կրթություն:


 Հարցնում է Դանիելան 

ՀԱՐՑ - Հարգելի պարոն Դումանյան, կցանկանայի իմանալ արդյո՞ք ապագայում սպասվող 4 տարի բակալավրում սովորելը վերաբերում է այժմ սովորող 1-3 կուրսերին։

Նախապես շնորհակալություն։

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարցը գտնվում է քննարկման փուլում: Հստակ պատասխանը կունենանք մինչև նոր ուսումնական տարին։


Հարցնում է Գոռը   

ՀԱՐՑ - Ի՞նչ առարկաներ են դասավանդվում ԵՊԲՀ-ում և որո՞նք են ընդունելության քննության առարկաները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Գոռ, ԵՊԲՀ-ի ընդունելության քննությունները երեքն են` ֆիզիկա, քիմիա, կենսաբանությունը, որոնցից դիմորդն ընտրում է երկուսը:


Հարցնում է Հռիփսիմեն   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, հարգելի ռեկտոր: Հնարավո՞ր է միջնակարգ կրթության ատեստատով ընդունվել բժշկական համալսարանի նախապատրաստական բաժին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Հռիփսիմե, միջնակարգ կրթության ատեստատով նախապատրաստական բաժին կարող են ընդունվել միայն օտարերկրյա քաղաքացիները:


Հարցնում է Իննան   

ՀԱՐՑ - Հարգելի ռեկտոր, ես Մարգարյան Իննան եմ, սովորում եմ Ռուսաստանի Ն.Ի. Պիրոգովի անվան պետական բժշկական համալսարանում, բուժական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Կարո՞ղ եմ տեղափոխվել Ձեր համալսարան 3-րդ կուրսից: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Իննա, Ձեր համալսարանից Երևանի պետական բժշկական համալսարան հնարավոր է տեղափոխվել: Նախ և առաջ մինչև սեպտեմբերի 15-ը պետք է ներկայացնել ակադեմիական տեղեկանք Ձեր բուհից:



1 2 3 4 5
 

Find us on Facebook