Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն ավիաբժիշկներ կպատրաստի

Հայ-իսպանական համագործակցություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Եվրամիության հանձնաժողովի «Թվինինգ» ծրագրով համագործակցության շրջանակներում իրականացվում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի բարեփոխումներ՝ Եվրոմիության ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան` 2013թ.-ի գարնանն այդ կառույցում ներգրավվելու հայցի նախապատրաստման նպատակով:

Ավիացիոն անվտանգության կարևոր բաղադրիչ է թռիչքային անձնակազմերի բժշկական փորձաքննությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բժշկական փորձաքննություն իրակացնող բժիշկների վերապատրաստում` «ավիացիոն բժշկություն» մասնագիտությամբ:

Բարեփոխումների այս ծրագիրն իրականացվում է Իսպանիայի քաղաքացիական ավիացիայի մասնագետների աջակցությամբ:

Հյուրընկալվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանին, ԵՄ «Թվինինգ» ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Սամուել Օտտո Սանչես Սեռառանոն նշեց, որ «Հայաստանի քաղաքացիական ավացիայի գլխավոր վարչության կարողությունների ուժեղացում» բաղադրիչի իրականացման ընթացքում ակնհայտ է դարձել Հայաստանում ավիացիոն բժիշկների թե՛ պատպաստման, թե՛ վերապատրաստման անհրաժեշտությունը։ Նրա հետ էին Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա համալսարանի ներկայացուցիչները։

«Իհարկե, հեշտությամբ կարելի էր Թվինինգ ծրագրի ֆինանսավորումով Հայաստանի ավիցիոն բժիշկների եվրոպական չափորոշիչներին համապատասխանող դասընթաց կազմակերպել։ Բայց որպեսզի ապահովվի կարևոր այս գործընթացի շարունակականությունը, նպատակահարմար գտանք Երևանի պետական բժշկական համալսարանին առաջարկել այս ոլորտում համագործակցել Մադրիդի Կամիլո Խոսե Սելա հեղինակավոր համալսարանի հետ, որն ավիացիայի թռիչքային անձնակազմին սպասարկող բժշկական կադրերի եվրոպական չափորոշիչներին համապատասխան պատրաստման և վերապատրաստման մեծ փորձառություն ունի։

Մադրիդի այս համալսարանի ավիացիոն բժշկության մասնագետները պատրաստ են այս ոլորտում համագործակցել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ և համատեղ անցկացնել վերապատրաստման դասընթաց, որն ընդունվել է Իսպանիայի ավիացիոն անվտանգության գործակալության կողմից:

Համալսարանի ավիացիոն բժշկության կուրսի ղեկավար Լուիս Կոնդեն շեշտեց , որ իրենց համալսարանն այս ծրագրում ընդգրկում է ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներին ու դասախոսներին։

Առաջարկվեց երկշաբաթյա առաջին համատեղ դասընթացը կազմակերպել հունիսին։ Հայաստանի քաղաքացիական ավացիայի բժշկական բաժնում ծառայություններ մատուցող 10 նեղ մասնագետներին և ԵՊԲՀ-ի մի խումբ դասախոսներին Իսպանիայից ժամանած մասնագետները կվերապատրաստեն եվրոպական ժամանակակից պահանջներին համապատասխան։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ռեկտորների ստորագրությամբ վկայագրեր, որոնք կճանաչվեն Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության անդամ բոլոր երկրների կողմից:

Իսպանացի հյուրերն իրենց հայ գործընկերներին ներկայացրեցին դասընթացի ծրագիրը և պատրաստակամություն հայտնեցին այս խնդրի շուրջ ԵՊԲՀ-ի հետ համագործակցել նաև հետագա հնարավոր զարգացումների դեպքում։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, կարևորելով ներկայացված ծրագիրը, շեշտեց, որ այն համահունչ է ԵՊԲՀ-ի այսօրվա մոտեցումներին։

«Մենք այսօր գնում ենք անհրաժեշտ այն մասնագիտությունների զարգացման ճանապարհով, որոնք թույլ են կամ չունենք։ Այս ենթատեքստում վերականգնել ենք նախկին սանիտարական` այժմյան հանրային առողջության ֆակուլտետը։ Շուտով կվերաբացվի նաև մանկաբուժության ֆակուլտետը, կզարգացնենք սպորտային բժշկությունը։

Անտարակույս, մեզ համար խիստ արդիական է նաև իր յուրահատություններն ունեցող ավիացիոն բժիշկների պատրաստումը։ Այն սիրով կիրականացնենք առաջարկվող ծրագրով` ընդգրկելով հետդիպլմային կրթության մեջ։ Մենք պատրաստ ենք բոլոր առումներով աջակցել այս ծրագրի կայացմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

«Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության համակարգ ինտեգրվելու համար Հայաստանում, փաստորեն, նոր կառուցվածք ենք ներդնում։ Այս վերապատրաստումներն իրականացնելիս պետք է առաջնորդվենք Եվրոպական օրենսդրությամբ` հաշվի առնելով մի շարք ընթացակարգեր։ Դասընթացի հիմնական նպատակն է ավիացիայի ոլորտում աշխատանքի փորձ ունեցող բժիշկներին զինել այնպիսի կարողություններով ու հմտություններով, որ կարողանան եվրոպական օրենսդրությունից բխող պահանջները կիրառել ավիացիայի ոլորտում»,-ասաց Լուիս Կոնդեն։

Որոշվեց, որ առաջիկա աշխատանքային քննարկումներից հետո երկու համալսարանների ղեկավարները կստորագրեն երկուստեք կարևորվող համագործակցությունը վավերացնող համաձայնագիր, որը կապահովի եվրոպական օրենսդրության պայմանները բավարարող ծրագրերով դասընթացների համատեղ կազմակերպումը։

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ-ի ուսումնական աշխատանքների և միջազգային կապերի գծով պրոռեկտորներ Սամվել Ավետիսյանը և Երվանդ Սահակյանը։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook