Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտ տվեց ԵՊԲՀ-ի ռեկտորին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է Հնդկաստանի հետ, որի արդյունքում մոտ 1 200 հնդիկներ են ավարտել բուհը:

Պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, որպես համալսարանի ռեկտոր, իր պաշտոնական առաջին հանդիպումը հենց Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ է ունեցել։

Այդ և հետագա մյուս հանդիպումների ընթացքում նրանք հնդիկ ուսանողների կրթական հարցերին, երկու ժողովուրդների մշակութային կապերին վերաբերող բազմաթիվ քննարկումներ են ունեցել։

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Ապրիլի 17-ին նա եկել էր հրաժեշտ տալու ԵՊԲՀ-ի ռեկտորին։

«Բավական արագ անցավ իմ պաշտոնավարման երեք տարին։ Դա նշանակում է, որ Երևանում հետաքրքիր ու բովանդակալից աշխատանք է կատարվել։ Պետական բազմաթիվ կառույցների հետ են հարաբերություններ ստեղծվել ու զարգացել։ Սակայն իմ սրտում հատուկ տեղ ունի պետական բժշկական համալսարանը, որտեղ այսօր իմ հայրենիքից 500 ուսանող է սովորում։ Այս հանգամանքը մեր հարաբերությունները յուրահատուկ է դարձրել»,-ասաց դեսպանը։

Նա` ինչպես Դերենիկ Դումայանին, այնպես էլ բուհի անձնակազմին իր երախտիքը հայտնեց հնդիկ ուսանողների հանդեպ ջերմ վերաբերմունքի, նրանց հոգսերով ապրելու համար։

«Վստահ եմ, որ իմ հայրենակիցներն, ավարտելով այս բուհը, ոչ միայն լավ մասնագետներ, այլև լավ մարդիկ կդառնան։ Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի բարեկամն ու ընկերը և պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում աջակից լինել բժշկական կրթության հետ առնչվող ցանկացած հարցի։ Կսատարեմ իմ հայրենիքում Երևանի պետական բժշկական համալսարանի մասին ձևավորված բարի համբավը բարձր պահելուն»,-հավելեց Աչալ Կումար Մալհոտրան։

ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ևս կարևորեց անցած մեկ տարում Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը։

«Հուսով եմ, որ այս ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ հարաբերությունները, հնդիկ ուսանողների կրթական խնդիրներին համակողմանի և հեռանկարային մոտեցումները կշարունակվեն։ Այդ ուղղությամբ մենք միասին կարողացանք կարևոր շատ խնդիրների լուծումներ գտնել։ Այս ամենը նաև բարեկամական ջերմ հարաբերությունների հիմք դարձավ։ Վստահ եմ, որ մենք ապագայում ևս լավ բարեկամներ կմնանք»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հանդիպմանը մասնակցեց նաև ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։
 

Find us on Facebook