Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ուսանողները հեռացվեցին բացակայությունների պատճառով

ԵՊԲՀ-ի ռեկտորատի հերթական նիստում քննարկվեց ուսանողների մեծաթիվ անհարգելի բացակայությունների հարցը։ Պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, տեղեկացնելով փետրվար-մարտ ամիսների ընթացքում ուսանողների անհարգելի բացակայությունների արդյունքների մասին, ռեկտորատի քննարկմանը ներկայացրեց 6 ուսանողի հեռացման և 56 ուսանողի ռեկտորատային նկատողություն տալու հարցը։

Ռեկտորատը միաձայն որոշում կայացրեց նրանց հեռացման մասին։

Հեռացվողներից 4-ն օտարերկրացի է։ Մեծաթիվ անհարգելի բացակայություններ ունեցող օտարերկրացիներից մեկը նախապատրաստական բաժնից է։ ՀՀ քաղաքացի ուսանողները ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետների ուսանողներ էին։

«Այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է, փորձ է արվել խնդիրը կարգավորել, սակայն դրական արդյունքի չենք հասել։ Իրավիճակն այնպիսին է, որ ստիպված ենք ենթարկվել համալսարանի նեքին կարգապահական կանոնակարգին և հեռացնել այս ուսանողներին։ Մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղացի ուսանողներից մեկն ամուսնացել է, որի մասին տեղյակ չէին անգամ ծնողները, և որոշել է ուսումը շարունակել եկող տարի»,- նշեց ռեկտոր Դերենիկ Դումանյանը։

Օրակարգում նաև օտարերկրացների ուսուցման դեկանատի ուսանողին կարգապահական կանոնները խախտելու համար հեռացման ներկայացնելու հարցն էր։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը հիշեցրեց ռեկտորատն այս տարվա երկրորդ մարման ժամանակ քննարկած մի հարց, որ վերաբերում էր օտարերկրացի 4 ուսանողների կողմից ստուգման գրքույկների նկարները փոխելուն։ Այն ժամանակ ռեկտորատը որոշեց այդ ուսանողներին չհեռացնել, այլ բավարարվել ռեկտորատային նկատողություն տալով` հնարավորություն ընձեռելով ադապտացվել և շարունակել ուսումը։ Նրանցից մեկը ֆիզիկա առարկայի հարցման ժամանակ բջջային հեռախոսով նկարել է հարցման թեստերը և փորձել փոխանցել, ինչը նրան չի հաջողվել։ Դա ընկալվեց որպես համալսարանում գործող ներքին կանոնակարգին ենթարկվել չցանկանալու միտում, և ռեկտորատը որոշում կայացրեց այդ ուսանողին ևս հեռացնել։

Որոշվեց հեռացումների մասին ռեկտորատի այս որոշումն ընթերցել բոլոր կուրսերում, որպեսզի նման երևույթներն առաջիկայում հնարավորինս կանխվեն։

Ռեկտորատն անդրադարձավ նաև համալսարանի տարածքում, ինչպես նաև բակում ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու խնդրին։ Ռեկտոր Դերենիկ Դումանյանը հանձնարարեց, որպեսզի դեկանատներն այս հարցում առավել խիստ և հետևողական լինեն։ Հորդորեց ամենուր ծխելն արգելող ցուցանակներ փակցնել։

Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կբարձրացվեն տեսական ամբիոնների և տեխնիկական սպասարկման անձնակազմի աշխատավարձերը։
 

Find us on Facebook