Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուսանողական խորհրդարանը 20 տարեկան է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն այդ առիթով կազմակերպեցին

«Medicus-ի օրեր» փառատոն

Ինտելեկտուալ խաղեր

Փառատոնի շրջանակներում մարտի 19-20-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի միջբուհական արդեն ավանդական դարձած մրցաշար, որին մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի 18 թիմեր:

Առաջին փուլում տարբեր բուհերի թիմերն իրենց ուժերը չափեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում, որում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Արեոպագ» թիմը: Երկրորդ փուլում «Էրուդիտ-քառյակ» և «Բրեյն-ռինգ» մրցաշարերն էին: Առաջինում հաղթեց ԵՊԲՀ-ի «Արքիմեդ», իսկ երկրորդում` Հայ-ռուսական համալսարանի «Black Stars» թիմը: Խաղերի վերջում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, հանձնվեցին հավաստագրեր, գրքեր, ՈւԽ-ի լոգոյով հուշանվերներ:

Հաջորդ կիսամյակում ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանը նախատեսում է կազմակերպել ներբուհական ինտելեկտուալ մրցաշար` դասախոսական և ուսանողական թիմերի մասնակցությամբ:

Մրցաշարի առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհրդարանի կայքից` www.amsp.am:


«Medicus EXPO 2012»

Մարտի 20-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կայացավ ուսանողական ինքնակառավարման մարմինների լրատվության ու տեղեկատվության ոլորտի լուսաբանմանը նվիրված «Medicus EXPO 2012» ցուցահանդես-մրցույթ:

Անվանակարգերը հինգն էին`ուսանողական լավագույն թերթ, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն կայք, լավագույն տեղեկագիրք, ուղեցույց, լավագույն բուկլետ, հրավիրատոմս և լրատվության լավագույն այլընտրանքային միջոցներ։ Ցուցահանդես-մրցույթին մասնակցեցին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի պետական տնտեսագիտական և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանները: Ժյուրին ևս կազմված էր մասնակից համալսարանների ներկայացուցիչներից: Առաջին չորս անվանակարգերում հաղթեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ լրատվության լավագույն այլընտրանքային միջոցներ (ռադիոհանգույց, տեղեկատվության հեռուստատեսային տարբերակ, այլ պարբերականներում տպագրություններ և այլն) անվանակարգում` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Հաղթողները կարժանանան մրցանակների, իսկ բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ ու վկայականներ: Ըստ «Medicus» ամսաթերթի խմբագիր Էմիլ Ավետիսյանի` սա լավ առիթ էր տարբեր բուհերի ուսանողների միջև նոր կապերի ստեղծման և ամրապնդման համար:


Ուսանողական գիտաժողով

ԵՊԲՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը փառատոնի շրջանակներում մարտի 21-ին կազմակերպեց գիտաժողով` «Խոսքի, ձայնի և մտածողության հոգեբանական և ֆիզիոլոգիական ազդեցությունը» թեմայով, որի ընթացքում հնչեցին զեկույցներ` «Տատանումներ, բնության ձայներ», «Ձայնի վիբրացիոն ազդեցությունը օրգանիզմի վրա», «Մանտրայոգա», «Ինֆրաձայն` ակուստիկ զենք», «Ուլտրաձայն և դելֆինաթերապիա», «Խոսքի ֆիզիոլոգիական ազդեցությունը», «Խոսքի և ձայնային ալիքների ազդեցությունը պտղի զարգացման վրա», «Աղոթքի հոգեֆիզիոլոգիա», «Մուզիկաթերապիա», «Սուտ և մարմնի լեզու», «Հռետորիկա, կառավարման արվեստ», «Հիպնոս» թեմաներով: Գիտաժողովին ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, ուսանողներ, հյուրեր: Զեկույցներից հետո տեղի ունեցավ քննարկում` ներկայացված թեմաների արդիականության և բժշկական պրակտիկայում դրանց հնարավոր կիրառման մասին:


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ԵՊԲՀ-ում

Մարտի 22-ին «Երիտասարդները երիտասարդների համար» նախագծի շրջանակներում ԵՊԲՀ-ում «Hollywood non-stop» համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

Երևանի ութ բարձրագույն ուսումնական հաստատություններում կազմակերպված համերգները նշանավորում են հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:

Կատարվեցին հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտական մոտիվներ, հնչեցին Ջորջ Գերշվինի, Լեոնարդ Բերնսթեյնի, Ջոն Ուիլյամսի և այլոց ստեղծագործությունները` հայ երաժիշտների մատուցմամբ: Երջանիկ պատահականությամբ համերգը կայացավ ԵՊԲՀ-ի ՈւԽ-ի 20-ամյակին նվիրված միջոցառումների օրերին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook