Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին: ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախագահին ներկայացրեց հիմնանորոգված կլինիկաները, ինչպես նաև ստեղծված բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն ուսանողներին բուժման ժամանակակից մեթոդներին հաղորդակից դարձնելուն։

Համալիրի նախկին մանկական մասնաշենքում տեղակայվել են վիրահատական ուղղվածություն ունեցող ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, մանկական վիրաբուժության, վնասվածքաբանության կլինիկաները, ինչպես նաև նոր կազմավորված ուրոլոգիայի կլինիկաներն ու ութ նոր վիրահատարանները, որոնք բոլորն էլ նախկինում անբարեկարգ վիճակում էին գտնվում։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին շրջանավարտ Արմեն Աշոտյանը, կարևորելով իրականացված աշխատանքները, ասաց.

«Այս ամենն ապացույցն է այն ճշմարտության, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության համակարգը զարգանում է: Մեր բուհերը կարողանում են ներդրումներ կատարել` ուսանողների մասնագիտական հմտությունների ձեռքբերման համար անհրաժեշտ բազա ապահովելու նպատակով: Բժշկականն այս ոլորտում առաջատարներից մեկն է։ Համալսարանը եզակի է նաև այն առումով, որ խոշոր դերակատարում ունի առողջապահական շուկայում` իր լավ մասնագետների և վերազինվող հիվանդանոցների շնորհիվ: Վստահ եմ` այսօր բացվող նոր ենթակառուցվածքները կծառայեն և´ ուսանողների ու երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների հետագա ձևավորմանը, և´ լուրջ դերակատարություն կունենան մեր ազգաբնակչության առողջության պահպանման գործում»:

ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանը բացմանը ներկա մեծաթիվ լրագրողներին նույնպես ներկայացրեց նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող կլինիկաների համար ստեղծված լավագույն պայմանները։

«Նոր բացված կենտրոնում միաժամանակ ութ վիրահատություն կարող է իրականացվել։ Այս բաժանմունքի հարևանությամբ գտնվող նեյրովիրաբուժության կլինիկայում ևս երկու վիրահատարան ունենք։ Եթե դրանց գումարենք մյուս մասնաշենքում գտնվող միկրովիրաբուժության վիրահատարանը, ապա կարելի է ասել` այս համալիրում վիրահատարանների խնդիր չունենք։

Սրանք սովորական վիրահատարաններ չեն, այլ առավելապես հարմարեցված են ուսանողներին գիտելիք տալու համար։ Տեսախցիկները տեղադրված են վիրահատարանի լամպերին, որոնց լույսն ընկնում է ուղիղ վիրահատական դաշտի վրա։ Ուսանողները մոնիտորների վրա կտեսնեն վիրաբույժի կողմից կատարվող բոլոր գործողությունները։

Վիրահատության ընթացքին կհետևեն նաև բժիշկների սենյակում։ Իսկ վիրահատությունների համար պատասխանատու ավագ բժիշկն ուսանողների հետ հետևալով վիրահատությանը, կբացատրի ընթացքը։ Բոլոր վիրահատությունները, որպես ուսումնական նյութ, կձայնագրվեն։ Ուսանողները դրանք կդիտեն այդ նոզոլոգիաների տեսական ուսուցման ընթացքում»,-ասաց ռեկտորը։

Լրագրողի հարցին, թե այս ուղղությամբ ո՞րն է լինելու ռեկտորի հաջորդ կարևոր քայլը, Դերենիկ Դումանյանը պատասխանեց.

«Շարունակելու ենք կլինիկաների վերակառուցումը և վերազինումը։ Մեր նպատակն է համալսարանական բոլոր կլինիկաները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Մեզ մոտ նաև այլ կլինիկաների բժիշկներն են վերապատրաստվում։ Ուրեմն վստահություն ներշնչելու համար պարտավոր ենք լավագույն պայմաններն ապահովել։

Մենք լուրջ քայլեր ենք կատարում գլխուղեղի անոթների ստենդավորման ոլորտում խորանալու և տարածաշրջանում առաջատարի դիրքը պահպանելու ուղղությամբ։

Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ղեկավարած ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայում գլխուղեղի անոթային համակարգի հիվանդությունների արդյունավետ բուժումն իրականացվում է նորագույն մեթոդներով և եղանակներով, մասնավորապես` ներանոթային վիրահատություններով։

Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանը դեռ նախկին` չափազանց սուղ պայմաններում, կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել։ Անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի և տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում։ Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների և լավագույն մասնագետների շնորհիվ։ Հիմա նրա ղեկավարած բաժանմունքին ևս այստեղ լավագույն պայմաններ են տրամադրվել։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն է ապահովվում նաև պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի ղեկավարած ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայում։ Վստահ եմ, որ, ընդհանուր առմամբ, անոթների վրա աշխատելու գործում գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում առաջատար ենք լինելու»։

Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում համալսարանական կլինիկաներն ամենաբարձրակարգներն են, որովհետև դրանցում աշխատում են առավել փորձառու մասնագետները, ովքեր միաժամանակ թե՛ բուժում են, թե՛ դասավանդում և թե՛ վերապատրաստում բժիշկներին։ Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում` համալսարանական կլինիկաները նաև համեմատաբար մատչելի են, որովհետև պրոֆեսորներին օգնում են նրանց ուսանողները, ովքեր լրացուցիչ վճարման կարիք չունեն։



Կարդացեք նաև

 

Find us on Facebook