Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գնահատվեց բժիշկների ավանդը

Գիտաժողով` նվիրված ռազմաբժշկության կայացմանը, անցած ճանապարհին ու զարգացման հեռանկարներին

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպության հետ միասին մարտի 3-ին անցկացրեց գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին:

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հայոց բանակի գեներալներ, սպաներ և մեծաթիվ բժիշկներ։

Դիմելով մասնակիցներին, ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգարժան պարոնայք նախարարներ, գեներալներ, սպաներ, սիրելի կոլեգաներ,

Ռազմական բժշկագիտության այսօրվա մեր գիտաժողովը նվիրվում է Հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակին, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ։ Անցած 20 տարիների ընթացքում նորանկախ մեր հանրապետության կարևորագույն նվաճումներից մեկն, իհարկե, բանակի կայացումն է։ Մենք հպարտությամբ ենք արձանագրում, որ հայրենիքի պաշտպանության մարտերում ծնունդ առած Հայոց բանակը ոչ միայն հայրենի երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի երաշխավորն է, այլև տարածաշրջանում հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման ամենակարևոր գործոններից մեկը։

Հայոց բանակը 20-ամյա իր հոբելյանը դիմավորում է լուրջ ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ոգով ու միջազգային դերեկատարումով` ինչի վառ դրսևորումը մեր զինվորների լավագույն դրսևորումով ներգրավվածությունն է միջազգային խաղաղապահ առաքելություններում։ Մեր տոկուն բանակի ոչ պակաս գնահատականը ժողովրդի վստահությունն է։ Մեզ պարտադրված պատերազմն սկսեցինք որսորդական հրացաններով, նախկին խորհրդային բանակից մեր հանրապետությանը ժառանգություն մնացած զինանոցով: Այսօր արդեն ունենք հայրենական զարգացող ռազմարդյունաբերական համալիր, որը հնարավորություն է տալիս զինատեսակների սեփական արտադրություն կազմակերպել:

Հարգելի բարեկամներ,

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում ռազմական բժշկությանը նվիրված այս գիտաժողովի անցկացման փաստն ինքնին չափազանց խոսուն է։

Ռազմաբժշկական ծառայության ստեղծման աշխատանքներն սկսվեցին բանակաշինությանը զուգահեռ։ Այսօրվա մեր գիտաժողովը նպատակ ունի հենց բացահայտելու, թե անցած տարիների ընթացքում ինչ ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը, ինչ ձեռքբերումներ ունենք և զարգացման ինչպիսի հեռանկարներ։

Համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի մեր մասնագետները, ծրագրում ընդգրկված գիտական զեկուցումներով, այդ ուղղությամբ լուրջ ասելիքներ ունեն։

Սակայն մինչ այդ ինքներս փորձենք ետադարձ հայացք ձգել։ Այս դահլիճում նստածներից շատերը ՀՀ սահմանամերձ շրջանների և արցախյան գոյապայքարի առաջին իսկ օրվանից անմիջական ու ակտիվ մասնակցություն ունեցան թե՛ որպես զինվոր, թե՛ որպես բժիշկ` մասնագիտական պարտքը կատարելով ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հիվանդանոցներում ու հոսպիտալներում։ Նրանք իրենց հոգու ու խղճի պարտքն էին կատարում, հիպոկրատյան երդմանը հավատարիմ` նշտարն ու զենքը փոխելով կռիվ էին տալիս թե՛ հանուն հայրենիքի, թե՛ ազատամարտիկների կյանքի համար։ Անկարելի է չհիշատակել նաև այն կանանց, ովքեր զինվորական համազգեստ հագան ու մեկնեցին ճակատ որպես բուժքույր, որպես բժիշկ։

Ցավոք, եղան և նահատակներ։ Փառք ու պատիվ մեր այն բժիշկներին, ում աճյունները հանգչում են Եռաբլուրում, ովքեր զոհվել են, բայց գերեզման չունեն։ Նրանց հերոսությունն անմոռանալի է, նրանք հավերժ մեր հիշողության մեջ են ու մեր սրտերում:

Այո, մեր բժիշկներն անուրանալի դերակատարություն ունեցան թե՛ սահմանամերձ շրջանների ու արցախյան գոյապայքարը հաղթությամբ պսակելու, թե՛ այդ տարիներից առ այսօր հայոց զինվորների առողջությունը պահպանելու գործում։

Գիտեմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այդ ամենի մասին իր հոգում ամփոփված անջնջելի հիշողություններ ունի։ Սակայն եթե մեր բոլորի հավաքական հիշողությունն ամփոփենք ու փորձենք շատ համառոտ ներկայացնել, ապա պիտի ասենք`նվիրումով լծվեցինք և դժվարություններն ու փորձությունները հաղթահարելով պայքարեցինք յուրաքանչյուր մարտիկի կյանքի, նրա ապաքինման համար։ Եւ այս բոլորը` առանց փորձի։ Մարտի դաշտերում բժշկական օգնություն ցուցաբերող մեր մասնագետներն այդ ուղղությամբ միայն տեսական գիտելիքներ էին ստացել բժշկական ինստիտուտի ռազմական ամբիոնում ։

Պատերազմական գործողություններին հաճախ մասնակցում էին ոչ միայն սահմանամերձ շրջանների, այլև ողջ հանրապետության` այդ թվում` Երևանի խոշոր կլինիկաների բարձրակարգ բուժաշխատողները։ Խաղաղ շրջանների բժիշկները հերթափոխով կցվում էին պատերազմական գոտու ծառայություններին։ Համագործակցություն, որ ռազմական գործողությունների ամենադժվարին ու լարված պահերին տպավորիչ արդյունքներ էր տալիս։

Որքան էլ զերծ մնանք հիշողությունների գիրկն ընկելուց, չենք կարող չփաստել, որ հետզհետե կանոնավոր բանակի վերածվող մեր ջոկատներին պատշաճ բուժօգնության ապահովումն անհնար կլիներ առանց համակարգված գործողությունների։ Դրանց արդյունքում սահմանամերձ հիվանդանոցները վերածվեցին որակավորված վիրաբուժական օգնություն ցուցաբերող կենտրոնների, իսկ Երևանի խոշոր հիվանդանոցները` բազմապրոֆիլ հոսպիտալների:Եթե ռազմի դաշտում մարտիկ-բժիշկներն առաջին օգնություն էին ցույց տալիս, ապա թիկունքի` այդ թվում Երևանի կլինիկաների մասնագետները գիշեր ու զօր պայքարում էին յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։

Տարեգրությունը փաստում է, որ շուրջ 11 հազար ազատամարտիկներ ենթարկվել են բարդության տարբեր աստիճանի վիրահատությունների։ Նրանցից մոտ 8.900-ը կրկին ռազմի դաշտ է վերադարձել և շարունակել մասնակցել մարտական գործողություններին։ Այս դահլիճում գտնվողներից շատերին քաջ հայտնի է, որ վառոդի հոտին արդեն ծանոթ զինվորները, որպես կանոն, ավելի մարտունակ են լինում։

Այս ամենի մասնակիցները հրաշալի հիշում են նաև դժվարությունները` երբեմն անգամ կրակահերթի տակ ու անպատկերացնելի պայմաններում կատարված վիրահատություններն ու այլ միջամտությունները։

Այդ տարիներին Նոր Նորքի «Շտապ օգնության» հիվանդանոց (այժմ`«Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ), «Էրեբունի» բժշկական կենտրոն, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, Հանրապետական հիվանդանոց (այժմ`«Արմենիա» ԲԿ), վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ և մյուս կլինիկաներ էին ընդունվում առավելապես ծանր վնասվածքներով վիրավորները, ովքեր կարիք ունեին նեղ մասնագիտական, բարձր որակավորման բժշկական օգնության։ Նրանցից շատերը վիրահատական մի քանի միջամտության էին ենթարկվում։ Անուրանալի է, որ մեր բժիշկներն այդ տարիներին արեցին ամեն հնարավորն ու անհնարինը` հանուն հայ զինվորի։

Սակայն փաստ է, որ բանակի ստեղծումն առանց ռազմական բժշկության անհնար է պատկերացնել։

Հայոց բանակի կազմավորման ժամանակ որպես նրա ստորաբաժանում ստեղծվեց ռազմաբժշկական վարչությունը։ Փառք ու պատիվ նրա կազմավորման ակունքներում կանգնած կազմակերպիչներին, ովքեր ջանք չխնայեցին նրա կայացման գործում, որի արդյունքում այսօր ունենք լուրջ կազմավորված միավորում։ Համառ ջանքերի շնորհիվ պատերազմական տարիների ռազմական հախուռն բուժօգնությունն աստիճանաբար վերածվեց կազմակերպված ու դինամիկ համակարգի։ Առաջին հերթին ծավալվեցին Երևանի կենտրոնական, ապա կայազորային հոսպիտալները։

Ռազմաբժշկական ֆակուլտետը ծնունդ առավ 1994 թվականի մայիսի 19-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 232 որոշմամբ, իսկ 2,5 ամիս անց՝ օգոստոսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թիվ 299 հրամանով հաստատվեց ռազմաբժշկական ֆակուլտետի կանոնակարգը։ Նույն տարվա սեպտեմբերին ֆակուլտետն ունեցավ առաջին կուրսանտները:

Քայլ առ քայլ ձևավորվող Ֆակուլտետը հզոր աջակիցներ ուներ։ ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունները, այն ժամանակվա ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ֆակուլտետի կայացման գործում մեծ ներդրում ունեցան:

Ինչ-ինչ պատճառներով 2008թ.-ից ռազմաբժշկական ֆակուլտետում ընդունելությունը դադարեցվեց: Սակայն 2011-ի գարնանը որոշվեց ընդունելությունը վերակագնել և կրթությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:

Անցնող տարիների ընթացքում ֆակուլտետն արդեն 472 շրջանավարտ է տվել, նրանցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ։ Ռազմական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ է երդվում` որպես բժիշկ և որպես զինվոր։ Դա կրկնակի պատիվ է, բայց և կրկնակի պատասխանատվություն է պահանջում։ Բարձրագույն ռազմաբժշկական կրթություն ստացած գիտակ, հմուտ զինծառայողները համալրում են ՀՀ-ի զինված ուժերի տարբեր զորամիավորումները և զորամասերը։ Նրանք պատվով են կատարում հայկական առողջ բանակ ունենալու իրենց պարտքը։

Վստահ եմ, որ հայրենիքին նվիրյալ այդ բժիշկները պատրաստ են իրենց մասնագիտական առաքելություններն ու կատարելություններն օգտագործել թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ մարտի դաշտում։

Դա առաջին հերթին ֆակուլտետի դասախոսական անձնակազմի նվիրումի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։

Ռազմական բժշկության ոլորտում կատարվում են նաև գիտական հետազոտություններ նվիրված զինված ուժերի բուժապահովման բազմաթիվ հիմնախնդիրներին։ Արդյունքում արդեն պաշտպանվել են 5 դոկտորական և 14 թեկնածուական թեզեր։ Դրանք նպաստել են ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության զարգացմանը, ռազմական գործի հիգիենայի և բուժական գործունեության ծավալմանը, գիտական հիմնավորմանը:

Բժշկական համալսարանը միշտ էլ պարտրաստ է ինչպես ռազմական բժիշկների վերապատրաստման, այնպես էլ գիտական հետազոտությունների միջոցով նպաստելու զորամասային բժշկության որակի բարելավմանը, ցուցաբերվող բուժօգնության մակարդակի բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում, մարտական գործողությունների ժամանակ խիզախ սպայի ձևավորմանն ու հայրենիքին արժանի քաղաքացու դաստիարակմանը:

Այսօր գիտաժողովում քննարկվելիք հարցերի բազմազանությունը վկայությունն է այն բանի, թե անցած 18 տարիների ընթացքում զարգացման ինչ հսկայական ճանապահ է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում։

Սա ևս մեր անկախության ձեռքբերումներից է ու նաև մեր անկախության պահպանման կարևոր գործոններից մեկը։

Միաժամանակ պետք է ընդունենք, որ անցած 18 տարիներին ռազմական բժշկության կայացման գործում թեև հսկայական աշխատանք է կատարվել, բայց և անելիքներն էլ քիչ չեն։ Լիարժեք ծառայություն կազմակերպելու գործում կարևոր է բոլորիս ջանքերի միավորումը։

Միավորվե՛նք` այս ծառայությունն ավելի կատարյալ դարձնելու համար։

Չտարանջատե՛նք ռազմական և քաղաքացիական բժշկությունը, երբ խոսքը հայ զինվորի առողջությանն է վերաբերում։

Մեծարգո հյուրեր, սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար մեծաթիվ բժիշկներ այսօր կարժանան տարբեր պարգևների։ Սա ընդունենք որպես Հայրենիքին անմնացորդ նվիրումի արժանի գնահատական, ինչի համար բոլոր բժիշկների անունից շնորհակալություն եմ հայտնում և ասում` ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության զինվորներին։

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական անձնակազմին ու գեներալներին, ռազմական բժիշկներին ու բուժաշխատողներին։

Եւ հավերժ փառք Հայոց բանակին»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սավել Նիկոյանը կարևորեց Հայոց բանակի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարունակականությունը:

«Զինվորի կյանքի գինը երբեմն նաև նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եւ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը`առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում: Նրանք Հիպոկրատին երդում էին տվել ո՛չ մարտի դաշտում և ո՛չ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Եւ եթե նույնիսկ խախտեցին այն, ապա միմիայն հանուն հայ զինվորի կյանքի, հանուն այդ զինվորի կողմից պաշտպանվող, բայց բոլորի՛ս պաշտպանության կարիքն ունեցող հայրենիքի: Թե՛ մարտադաշտում, թե՛ դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, և իհարկե, փրկելու նրա կյանքը:

Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը` զինվորական երդման»,-ասաց նա:

Սամվել Նիկոյանն Ազգային ժողովի Ռազմաբժշկության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱԺ պատվավոր մեդալով պարգևատրեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Սամվել Գալստյանին, ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլի պետ Աշխեն Խաչատրյանին, ռազմադաշտային թերապիայի ամբիոնի ավագ դասախոս Վարդան Ծատուրյանին, ինչպես նաև «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Նշան Մանուշակյանին։

Ազգային ժողովի նախագահից ԱԺ պատվոգրեր ստացան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի դասախոս Գառնիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Կամավոր Խաչատրյանը, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Լյուդվիգ Նանիջանյանը, «Շենգավիթ» ԲԿ տնօրեն Դավիթ Մխիթարյանը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն Բենիամին Հարությունյանը, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանը։

Այնուհետ ՀՀ վարչապետի և ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից սահմանամերձ գոտիների և արցախյան գոտեմարտի ընթացքում, ինչպես նաև թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար պարգևներ հանձնեց ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Հայ բուժաշխատողի մասնակցությունը պատերազմին յուրահատուկ էր նրանով, որ նրանք առաջիններից էին, ովքեր իրենց մասնագիտական պարտքի բերումով մեկնեցին սահմանամերձ շրջաններ ու արցախյան հիվանդանոցներ: Վրանների տակ, աղքատիկ հիվանդանոցային պայմաններում մեր բժիշկներն իրենց պարտքը կատարեցին` բազմաթիվ կյանքեր փրկելով: Հայ բժիշկներն արցախյան ազատամարտում հաղթանակի համար պայքարեցին ոչ միայն հիվանդանոցներում, այլև զենքը ձեռքներին: Փառք ու պատիվ նրանց։

Մայիսյան հաղթական զինադադարին հաջորդած առաջին իսկ ամիսներին ստեղծվեց համալսարանի ռազմաբժշկության ֆակուլտետը, որը դարձավ ռազմաբժիշկների իսկական դարբնոց»,- հավելեց նախարարը: (Ս. Օհանյանի ելույթն` ամբողջությամբ)

ՀՀ վարչապետի հուշամեդալի և պատվոգրի արժանացան 10-ից ավելի, իսկ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ` 50-ից ավելի բժիշկներ և ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի առողջապահության կազմակերպիչներ։ Եւս 5-ն արժանացան «Անրանիկ Օզանյան» և «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալի։

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն էլ նշեց, որ դեռևս պատերազմի օրոք ռազմական ընկերների հետ ականատես է եղել, թե ինչպես է հայ բժիշկը անձնուրաց պայքարում մարտի դաշտում և այսօր էլ շատ է կարևորում նրանց հայրենանվեր գործունեությունը։

Մ. Գրիգորյանը ևս Երկրապահ կամավորների միության մեդալներ և պատվոգրեր հանձնեց ՀՀ սահմանամերձ մարզերի և մայրաքաղաքի մի խումբ բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների։

Այնուհետև բուն գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջական վիճակի պահպանման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռազմական բժշկագիտության կատարելագործմանը վերաբերող թեմաներ։ Ամփոփ ձևով ներկայացված էին տեղային պատերազմների բուժապահովման հիմնահարցերը, ինչպես նաև դրանց հնարավոր լուծման ուղիների, մեթոդների ու տարբերակների վերլուծությունները:

Պատկերասրահ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook