Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց - պատասխան


Հարցնում է ԵՊԲՀ ուսանողը  

ՀԱՐՑ - Արտադրական ժողովի ընթացքում մեզ տեղեկացրեցին բացակաների լրացման արդեն գործող նոր կարգի մասին, ինչը ոչ մի կերպ Համալսարանի կայքում չեմ կարողանում գտնել: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը Պետ.գրանցում 27.12.2011 կոդ`11011570, որի 12 կետի վրա հիմնվելով տեղեկացրեցին, որ ցիկլային դասընթացների լրացումը լինելու է հենց այդ կետում նշված 3 շաբաթվա ընթացքում, ինչը գտնում եմ, որ ռեալ չի լինի. օրինակ 4 շաբաթ տևողությամբ ցիկլը կրկնելիս, որի կրեդիտները մեր ԲՈՒՀ-ում չեն գերազանցում 12 թույլատրելին ըստ նույն կարգի 16-րդ կետի: Բացի այդ կարդալով այդ կարգը չեմ գտնում, թե որտեղ է գրված 16 կետում նշված վերահանձնումների վճարովի լինելու մասին, ինչն էլ շեշտվեց Արտադրականի ժամանակ, վճարի մասին խոսք գնում է միայն 5-րդ կետում, ինչը բաձարձակապես առընչություն չունի ԲՈՒՀում սովորող ուսանողների հետ, այլ վերաբերում է միայն վերականգնվողներին: Ինչ վերաբերում է բացակաների լրացման կարգին` հայտնում եմ ոչ միայն իմ, այլ նաև ողջ ուսանողության դժգոհությունը, որ այդ որոշումը չի բխում ուսանողների շահերից: Բացի այդ ճիշտ չենք համարում նաև այն, որ ուսանողը4 ունենալով հարգելի բացակա, որը թույլատրելին քիչ է գերազանցում, պետք է վճարի և կրկնի ամբողջ ցիկլը։ Ելնելով այս ամենից պահանջում ենք վերանայել Համալսարանի կողմից ընդունված որոշումը բացակաների լրացման կարգի վերաբերյալ և դրանց վճարովի հիմունքներով լինելը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Նախ պետք է նշեմ, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի» 12-րդ կետը սխալ է մեկնաբանված, հատկապես «Համալսարանի ուսանողների բաց թողած դասերի լրացման և լրացուցիչ վճարովի դասընթացների անցկացման կարգի» տեսանկյունից։

Երկրորդը` բաց թողած ցիկլերը լրացնելու տևողությունն իրականում ավելի շատ է, քան երեք շաբաթը, որի մասին է վկայում «Համալսարանի ուսանողների բաց թողած դասերի լրացման և լրացուցիչ վճարովի դասընթացների անցկացման կարգի» 1-ին կետի է ենթակետը։

Ուզում եմ հիշեցնել, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գերագույն նպատակը երկրին գրագետ, միջազգային ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մասնագետներ պատրաստելն է։ Այդ իսկ պատճառով մեր կողմից ընդունվող ցանկացած որոշում առաջին հերթին ուղղվում է կրթության բարձր մակարդակի ապահովմանը, և միայն այդ շրջանակներում են լինում ուսանողամետ ու դասախոսամետ։

Ինչ վերաբերում է հարգելի բացակայություններին, ապա` այո, դրանք լրացվելու են վճարովի սկզբունքներով, սակայն ոչ թե ամբողջ ցիկլի կրեդիտային գումարի չափով, այլ միայն բացակայությունների։ Եթե, իհարկե, դրանք չկազմեն, ասենք, 10 օրանոց ցիկլի 8 օրը։

Ուսանողներին առաջարկում եմ այս կարգի հետ կապված անհանգստացնող հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ դեկանատներից։

Ուզում եմ միաժամանակ տեղեկացնել, որ ուսանողներից ուշադրության արժանի լրացուցիչ առաջարկություններ են ստացվում, որոնք առաջիկայում կքննարկվեն ռեկտորատի նիստում։ «Համալսարանի ուսանողների բաց թողած դասերի լրացման և լրացուցիչ վճարովի դասընթացների անցկացման կարգը» համալսարանի կայքում կտեղադրվի այդ առաջարկություններից բխող փոփոխություններից հետո։


Հարցնում է Արփինեն   
ՀԱՐՑ - Հարգելի Պրն. Դ. Դումանյան,

Ես ավարտել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու բաժինը, այժմ սովորում եմ նույն համալսարանի նույն ֆակուլտետի անգլերեն լեզու թարգմանչական գործ բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում:

Ցանկանում եմ իմանալ արդյո՞ք Ձեր համալսարան ընդունվելու համար քննություններ պետք է հանձնեմ, չկա՞ն առավելություններ արդեն մասնագիտություն ունեցողների համար: Իսկ եթե պիտի քննություն հանձնեմ ինչ քննություններ պիտի հանձնեմ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կարող են ընդունվել նաև նախորդ տարիների շրջանավարտները, այդ թվում նաև դուք: Ընդունելությունը ղեկավարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության» ամենամյա հաստատված կարգի համաձայն: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Բուհում ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է բուհի ընդունող հանձնաժողովը, որն իր աշխատանքները սկսում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հրահանգից հետո:


Հարցնում է Անժելան 

ՀԱՐՑ - Կցանկանայի իմանալ, արդյո՞ք ԵՊԲՀ-ի բակալավրիատի և ոչ պետական բուհերի շրջանավարտները ԵՊԲՀ մագիստրատուրա ավարտելիս նույն որակավորումն են ստանում:

Եթե այո, ապա ինչո՞ւ ենք մենք բակալավրիատում մի քանի անգամ շատ ուսման վարձ վճարում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ոչ պետական հավատամագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի շրջանավարտները ԵՊԲՀ-ի մագիստրատուրայում ուսումնառությունն ավարտելուց հետո համապատասխան մասնագիտության գծով ստանում են հավասարազոր, նույն որակավորումները:

Ինչ վերաբերում է, թե ինչու՞ բուհերն ունեն տարբեր ուսման վարձաչափեր, ապա պետք է նշեմ, որ յուրաքանչյուր բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություն ղեկավարվում է իր կանոնադրությամբ:


Հարցնում է Էմիլը 

ՀԱՐՑ - Պատրաստվում եմ ընդունվել ԵՊԲՀ, և ինձ շատ են հուզում ուս. վարձի բարձրացման հետ կապված խոսակցութունները: Արդյո՞ք այդ խոսակցությունները հիմք ունեն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսման վարձաչափերը ս/թ սահմանված են նույն չափով, ինչ նախորդ տարում:


 Հարցնում է Մոկսիկ ՍՊԸ-ը 

ՀԱՐՑ - Հարգելի Պրն. Դումանյան, Պատիվ ունենք Ձեզ ներկայացնել «Մոկսիկ» ՍՊ ընկերությունը և համագործակցության առաջարկը: «Մոկսիկ» ՍՊԸ-ն զբաղվում է արագ սպառվող ապրանքների և սարքավորումների մեծածախ և մանրածախ վաճառքով: Մեր կազմակերպությունը առաջարկում է ԵՊԲՀ-ին փոխշահավետ համագործակցություն վենդինգային սարքավորումների միջոցով արագ սպառվող ապրաքների (տաք/սառը ըմպելիքներ և նախուտեստներ) վաճառքի ոլորտում: Վենդինգային սարքավորումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում ինչպես նաև Հայաստանում: Սարքավորումների փոքր չափսերը և օգտագործման հեշտ լինելը հնարավորություն է տալիս սպառողներին արագ և մատչելի կերպով ձեռք բերել տաք/սառը ըմպելիքներ (սուրճ, թեյ) և նախուտեստներ: Խնդրում ենք Ձեզ, տեղեկացնել վերը նշված գործունեությունը իրականացնելու համար ԵՊԲՀ-ի կողմից նախատեսված պայմանների մասին: Կանխավ շնորհակալություն: Հարգանքով` Սամվել Մինասյան

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի պարոն Մինասյան, Շնորհակալ ենք համագործակցության առաջարկի համար։ Տեղեկացնում ենք, որ այս պահին, ինչպես նաև մոտ ապագայում համալսարանում նման ծառայության կազմակերպման անհրաժեշտություն չկա։ Պահանջարկ լինելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, համալսարանը մրցույթ է հայտարարում։


Հարցնում է Կարինեն
ՀԱՐՑ - Բարև Ձեզ, պարոն Նարիմանյան: Իմ դուստրը սովորում է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, ունեմ նաև երկու անչափահաս երեխաներ, որոնք գտնվում են իմ խնամքի տակ, բացի այդ՝ ամունալուծված եմ: Համաձայն «Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգի» 28 կետի ա և բ ենթակետերի՝ խնդրում եմ կիրառել ուսման վարձի համապատասխան փոխհատուցում:
Շնորհակալություն:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Կարինե, «Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կարգ» 28 կետում նշված է, որ 3 անչափահաս երեխա ունենալու դեպքում է հնարավոր վարձի փոխհատուցում, իսկ ամուսնալուծության վերաբերյալ կետ չկա:
 Հարցնում է Մարինեն    

ՀԱՐՑ - Հարգելի ռեկտոր, ես սովորում եմ «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետի մագիստրատուրայում, շատ եմ ցանկանում շարունակել օրդինատուրան ԵՊԲՀ-ում: Կուզեի իմանալ` ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարինե, Ձեզ հուզող հարցի պատասխանը կարող եք գտնել մեր պաշտոնական կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում (տես` Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգ):

Հարցնում է Արմանը  

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես սովորում եմ դպրոցում, այս տարի դպրոցն ավարտելուն պես ուզում եմ գործերս տալ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ուզում եմ իմանալ` դպրոցի ավարտական վկայականի գնահատականները կարևո՞ր են, այսինքն` պետք է լինեն միայն 7, 8, 9: Ես այժմ պարապում եմ կենսաբանություն և քիմիա: Եվ մի բան էլ կուզեի ճշտել` վճարովի և անվճար հիմունքներով սովորելու կարգերը: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արման, ՀՀ ԿԳ նախարարությունը յուրաքանչյուր տարի սահմանում է ընդունելության կարգ, որին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում (տես՝ www.edu.am):


Հարցնում է Անժելան    

ՀԱՐՑ - Ես ավարտում եմ Հայբուսակ համալսարանի ստոմատոլոգիայի մագիստրատուրան և պատրաստվում եմ դիմել ԵՊԲՀ ստոմատոլոգիայի օրդինատուրա: Կուզենայի իմանալ մանրամասներ ընդունելության կարգի մասին` ի՞նչ քննություն պետք է հանձնել, միայն մասնագիտակա՞ն, թե՞ նաև անգլերեն, կա՞ն թեստեր, ինչպես նաև վարձավճարի մասին 1 ու կես տարվա համար, կա՞ն զեղչեր զոհվածի ընտանիքի զավակի համար, միակողմանի ծնողազուրկ: Եթե հնարավոր է, խնդրում եմ, տվեք ինձ տեղեկություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Անժելա, Ձեզ հետաքրքրող հարցերի մասին կարող եք տեղեկանալ մեր կայք-էջի Իրավական փաստաթղթեր բաժնում (տես՝ Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգ և Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգ):


Հարցնում է Մարին  

ՀԱՐՑ - Բարև ձեզ: Մի խնդրանք ունեմ, մեր հարգելի ռեկտոր, ես զեղչի դիմում եմ ներկայացրել, բայց ինձ ասացին, որ առավելագույն զեղչը իմ պարագայում կլինի 20-25%։ Խնդրում եմ՝ հնարավորության սահմանում կարո՞ղ եք զեղչն ավելացնել։ Ես ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա` 5 ամսեկան և 2 տարեկան, ամուսինս նույնպես ուսանող է և սովորում է վճարովի հիմունքներով։

ՊԱՏԱՍԽԱՆ -Հարգելի Մարի, Ձեզ հուզող հարցի պատասխանը կարող եք գտնել մեր կայք-էջի Իրավական փաստաթղթեր բաժնում (տես՝ Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կարգ): Հարկ եմ համարում նշել, որ զեղչ կարող է արվել Ձեր սոցիալական կարգավիճակի մեկ կետով միայն, որի դեպքում զեղչի առավելագույն տոկոս է սահմանվում:



Հարցնում է Արթուրը     

ՀԱՐՑ - Հարգելի պարոն Ավետիսյան, ես սովորում եմ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Այս տարի գարնանը համալսարանի պաշտոնական կայքում նշված էր, որ բակալավր կրթությունը դարձել է 4 տարի, այնուհետև ասացին, որ դա ազդում է միայն 2012թ.-ին ընդունվածների վրա: Կայքի Նորություններ բաժնում չկարողացա գտնել հստակ պատասխան: Արդյո՞ք այդ օրենքը տարածվում է նաև 2011թ.-ին ընդունվածների վրա: Ընդ որում, նշեմ, որ կրթության և գիտության նախարարությունից ինձ հստակ տեղեկացրել էին, որ այդ օրենքը նաև մեզ է վերաբերվում: Շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արթուր, օրենքը հետադարձ ուժ չունի և վերաբերում է միայն 2012-2013 ուստարում բուհ ընդունված ուսանողներին:


  Հարցնում է Հայկ Եղիկյանը     

ՀԱՐՑ - Ես բուժֆակի 1-ին կուրսի ուսանող եմ, զորակոչվելու եմ բանակ: Կա՞ արդյոք այլընտրանքային ծառայության հնարավորություն նրանց համար, ովքեր նախընտրում են զինծառայության փոխարեն 2 տարի պարտադիր աշխատել հիվանդանոցում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Հ. Եղիկյան, այդ հարցով դիմեք ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետին:


  Հարցնում է Գևորգը     

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես 3-րդ կուրսի ուսանող եմ, ընդունվել եմ անվճար համակարգ, այժմ սովորում եմ անվճար հիմունքներով: Ինձ հետաքրքրում է` բակալավրիատը ավարտելուց հետո զորակոչվելու՞ եմ բանակ, այսինքն` անվճար հիմունքներով նախատեսված տարկետումը վերաբերվում է միայն բակալավրիատի՞ն, թե՞ մագիստրատուրային նույնպես:

ՊԱՏԱՍԽԱՆ - ՀՀ Կառավարության կողմից մագիստրատուրայի համար յուրաքանչյուր տարի առանձին հատկացվում են անվճար և վճարովի հիմունքներով տեղեր: Անվճար տեղերի համար հատկացվում է տարկետման իրավունքով տեղերի որոշակի քանակ:


 Հարցնում է Գևորգը     

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս կարող եմ մագիստրատուրան անցնել Դանիայում, և ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Գևորգ, դա կարող եք իրականացնել անհատապես ուսումնասիրելով ինտերնետային կայքերում օտարերկրյա բուհերի ընդունելության պահանջները: Կոնկրետ Դանիայի պետության հետ ԵՊԲՀ-ն համագործակցության փոխանակային ծրագիր չունի:


 Հարցնում է Տաթևը      

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ուզում եմ իմանալ` կարո՞ղ եմ արդյոք ընդունելության քննությունների համար պարապել համալսարանի դասախոսների մոտ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Տաթև, ընդունելության քննությունների համար համալսարանի դասախոսների մոտ պարապել չեք կարող:


Հարցնում է Աննան     

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Բուժական ֆակուլտետի 1-ին կուրսում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայից քննություն կամ ստուգարք կա՞:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Աննա, դասերին հաճախելը պարտադիր է: Իսկ դասընթացն ավարտվում է աջակողմյան ստուգարքով:


Հարցնում է Սյուզաննան   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ Ձեզ մոտ անցնել լապարոսկոպիայի ցիկլ գինեկոլոգիայից: Գերազանցությամբ ավարտել եմ Կեմերովի պետական բժշկական ակադեմիան: Օրդինատուրա անցել եմ 2008-2012թթ.-ին, Կեմերովի շրջանային հիվանդանոցի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Սյուզաննա, մագիստրատուրայում կարող եք անցնել գինեկոլոգիայից 4 ամիս տևողությամբ լապարասկոպիայի ցիկլ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37410) 58 31 01 հեռախոսահամարով:


Հարցնում է Մարիանան   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես սովորել եմ և ինտերնատուրա եմ անցել Արցախում, ունեմ աշխատանքային ստաժ` որպես ստոմատոլոգ (6 տարի) աշխատել եմ Առողջապահության նախարարության համակարգում: Որևէ արտոնություն չի՞ տրվում նորավարտ և աշխատանքային այդքան ստաժ ունեցողին` ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար: Կանխավ շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարիանա, կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար աշխատանքային ստաժ ունեցող կամ չունեցող բժիշկների համար որևէ արտոնություն չի սահմանվում:


Հարցնում է Հակոբը    

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Լսել եմ` հնարավոր է, որ բժշկական համալսարան ընդունվածներին բանակ չտանեն, դա ճի՞շտ է: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Հակոբ, անվճար ուսուցման համակարգ ընդունված տղաներն օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:


Հարցնում է Տաթևը   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես այս տարի հավաքել էի 18.5 բալ և ընդունվել եմ դեղագիտական ֆակուլտետ, կարո՞ղ եմ հետագայում փոխել ուրիշ ֆակուլտետ և ինչպե՞ս:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Տաթև, ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխությունը կատարվում է 2-րդ կուրսից:


Հարցնում է Սվետլանան   

ՀԱՐՑ - Ի՞նչ արտոնություններ ունի միայնակ մոր երեխան ուսման վճարման հարցում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Սվետլանա, Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում (տես` Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կանոնակարգը):


Հարցնում է Լիդան   

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես ամսի 29-ին քննություն եմ տվել կլինիկական օրդինատուրայի համար, և 2 բալի պատճարով չընդունեցին, հնարավո՞ր է ևս մեկ քննություն անցկացնել, որովհետև շատերը բարձր բալ էին ստացել, բայց 1 կամ 2 բալի պատճառով չեն ընդունվել: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Լիդա, կլինիկական օրդինատուրայի ընդունելության քննություն անցկացվում է տարին մեկ անգամ:


Հարցնում է Կարապետը    

ՀԱՐՑ - Ինչպե՞ս է շարունակվելու բանակից զորացրված ուսանողների կրթությունը, եթե նրանք բանակ են զորակոչվել 3-րդ կուրսի առաջին կիսամյակի կեսից, օրինակ` 2010թ.-ի նոյեմբերի 25-ից:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Կարապետ, ուսումնառության ընթացքում բանակ զորակոչված ուսանողները զորացրվելուց հետո ուսումը շարունակում են այն պահից, որտեղ ընդհատել են:

1 2 3 4 5
 

Find us on Facebook