Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Մանկական ակնաբուժության ամբիոն


Հիմնադրվել է 2011թ.-ին։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի մանկական ակնաբանության ամբիոնը կազմավորվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի բազայի հիման վրա` մանկական ակնաբանական գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակիցների ուժերով:

Կլինիկան առաջին մասնագիտացված ակնաբուժական հաստատությունն է Հայաստանում (1929 թ.), որտեղ և ձևավորվել են հայրենական ակնաբուժության մի շարք առաջատար մասնագետներ: Կլինիկայի հիվանդանոցային մահճակալների թիվը 16-ն է: Այստեղ գործում են ժամանակակից վիրասրահ, վիրակապարան, ինչպես նաև ֆունկցիոնալ ախտորոշման, բարդ եղանակներով տեսողության շտկման, կոնտակտային ոսպնյակներով շտկման, պլեօպտո-օրթօպտո-դիպլօպտիկ բուժման, արտթերապիայի, աչքի պաթոլոգիաների լազերային շտկման, օֆտալմո-ֆիզիոթերապիայի, համակարգչային բուժման, ամբուլատոր խորհրդատվական ընդունելության և ուսումնական ժամանակակից առանձնասենյակներ: Տարեկան շուրջ 10.000 և ավելի հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ստանում են բարձրորակ մասնագիտացված կոնսերվատիվ և վիրահատական ակնաբուժական օգնություն:


Ուսուցում

Ամբիոնի հիմնական խնդիրներն են`

  • մանկական ակնաբուժության ասպարեզում բժիշկ-մասնագետների պատրաստումը հետդիպլոմային ուսուցման շրջանակներում,
  • ակնաբույժների և մանկական ակնաբույժների կատարելագործումը մանկական ակնաբուժության տեսական և գործնական արդի հարցերում,
  • մանկական ակնաբուժական ծառայության կազմակերպումը` երկարաժամկետ (7 շաբաթյա կուրս) պոլիթեմատիկ (պատվոգրային) և կարճաժամկետ մոնոթեմատիկ (կրեդիտային) կատարելագործման դասընթացների շրջանակներում:

«Մանկական ակնաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր կանոնների և ժամկետների համաձայն:

Կլինիկական օրդինատուրայի ուսումնական ծրագիրը ենթադրում է դասախոսությունների և գործնական պարապմունքների, թեմատիկ սեմինարների իրականացում, ինչպես նաև մասնակցություն հիվանդների ախտորոշման և բուժման ընթացքի վերլուծությանը, ստացիոնար և ամբուլատոր հիվանդների վարում` ամբիոնի վարիչի կամ կլինիկական օրդինատուրայի ղեկավարի հսկողությամբ, ասիստենտություն պլանային վիրահատություններին, ծանոթացում հարակից մասնագիտությունների մասնավոր բաժիններին, մասնակցություն հետազոտական աշխատանքներին, գործնական հմտությունների տիրապետում` ըստ նախատեսված ծրագրի, աշխատանք մասնագիտական գրականությամբ, օրդինատորների քննական և/կամ ատեստացիոն թեստավորում:


Գիտահետազոտական աշխատանքներ

Կլինիկայի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքները նվիրված են մանկական ակնաբուժության տեսական և գործնական արդի հարցերին: Ուսումնասիրվում է բինօկուլյար համագործակցությունը նորմայում և պաթոլոգիայի ժամանակ, աճող կարճատեսության պաթոֆիզիոլոգիական առումները, երեխաների մոտ ակոմոդացիոն խանգարումները, ամբլիոպիայի էֆեկտիվ բուժումը, սպիտաթաղանթի առաձգականության հատկությունը և փոփոխությունները մանկական տարիքի մի շարք հիվանդությունների ժամանակ:

Ամբիոնի (կլինիկայի) աշխատակիցների` տարիների ընթացքում կատարած հետազոտությունների շնորհիվ ակնաբուժական պրակտիկա են ներդրվել այնպիսի նոր բուժ-ախտորոշիչ մեթոդներ և միջոցներ, ինչպիսիք են`

  • տեսողության սրության օբյեկտիվ հետազոտման մեթոդը,
  • վիզոբինոմետրիա` բինօկուլյար փոխազդեցության քանակական գնահատման մեթոդը,
  • բինօկուլյար տեսողության և նրա խախտումների բնութագրման մեթոդը,
  • ամբլիօպիայի բուժման մոնոքրոմոպլեօպտիկ բուժումը, մասամբ ակոմոդացիոն շլությամբ հիվանդների վիրաբուժական միջամտության ծավալի դոզավորման մեթոդը,
  • ակոմոդոսպազմով հիվանդների մոնօկուլյար դեզակոմոդացիայի մեթոդը,
  • նիստագմով երեխաների համալիր բուժման մեթոդը,
  • ամբլիոբինօպիայի դիպլօպտոթերապիայի մեթոդը,
  • աստիգմատիզմով և նիստագմով հիվանդների ակոմոդացիայի հետազոտման նոր եղանակները,
  • պլեօպտո-օրթօպտիկ բուժման մեթոդը համակարգչային ծրագրերի կիրառմամբ,
  • նիստագմի և շլության բարդ ձևերի վիրաբուժության նոր մեթոդները,
  • ակնաարտթերապիայի եղանակը:

Ամբիոնի ներկայիս գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են`

  • նորմալ և ոչ նորմալ ռեֆրակտոգենեզի պաթոֆիզիոլոգիական առումներին,
  • զարգացող միոպիայով երեխաների սկլերալ բաղադրիչների բիոմեխանիկական հիմքերի հայտնաբերմանը,
  • մանկական և դեռահաս տարիքի երեխաների մոտ միոպիայի աճի էֆեկտիվ կայունացմանը,
  • անհասների ռետինոպաթիայի վաղ ախտորոշմանը:

Ամբիոնի աշխատակիցներն ավելի քան 400 գիտական աշխատանքների հեղինակ են, մշտապես մասնակցում են ակնաբուժական գիտական միջազգային համաժողովներին:


Ամբիոնի աշխատակազմ

Շաքարյան Արմեն Աբրահամի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Հայրիյան Մարինա Արսենի բ.գ.դ., պրոֆեսոր
Ղարիբյանյան Հասմիկ Ահարոնի բ.գ.թ., դոցենտ
Շահինյան Հրանտ Ալեքսանի բ.գ.թ., դոցենտ
Սարգսյան Անի Վալդեմանի բ.գ.թ., դասախոս
Բաղդասարյան Եղիշե Ալիկի բ.գ.թ., դասախոս
Սարգսյան Ինգա Սամվելի բ.գ.թ., դասախոս
Գևորգյան Թամարա Ռուբենի դասախոս
Մուրադյան Հասմիկ Մարտունի դասախոս
Աղայան Լիլիթ Դորվարդի դասախոս
Բազինյան Լիլիթ Էդուարդի ասիստենտ
Թեմուրյան Ալյոնա Արարատի հ/օպերատոր


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Աբովյան 60/1, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ակնաբուժական կլինիկա, Մանկական ակնաբանության ամբիոն
Հեռ.` (+37411) 62 10 96
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook