Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկականը մասնակցեց մայրենիի տոնին

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունը մի ամբողջ միջոցառումների շարք էր կազմակերպել։

Առաջինը ծաղիկներ դրվեցին Մեսրոպ Մաշտոցի արձանին։ Այնուհետև հայոց գրերի հեղինակի անունը կրող Մատենադարանի նորակառույց դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ օրվան նվիրված հանդիսություն։

«Լեզուն մեր գոյության, մեր լինելության հիմքն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, լեզուն է, որ այսօր Սփյուռքը հայ է պահում: Մայրենին մեր հայրենիքն է»,-իր ողջույնի և շնորհավորական խոսքում առաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Այնուհետ նա ՀՀ վարչապետի հուշամեդալներ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանին, և ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր՝ Երևան քաղաքի մի շարք դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներին:

Տոնական միջոցառման բարձրավեստ երգն ու ասմունքը օրվա խորհուրդն էին բնորոշում:Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և այլք:

Միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ նույն օրը կազմակերպել էր «հեռուստատեսությունը և հասարակությունը» գիտաժողով։

Մայրենիին նվիրված տոնի առթիվ օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք Օշականում ծաղկեպսակներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին։

Եկեղեցուն կից դպրատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները։ Սիրիահայ ուսանողներ Դրո Մանջիկյանը և Հարութ Էմիրխանյանն իրենց սրտի խոսքն ասացին մայրենի լեզվի ու հայրենիքի մասին։ Ներկաներին հուզեց հատկապես Խաչիկ Դաշտենցի «Հայերեն. Երգ սփյուռքահայի» բանաստեղծությունը Դրոյի կատարմամբ։

Տպավորիչ էր հնդիկ ուսանողներ Ռաուլ Սեթիի, Ռոհիդ Չոդարիի, Ապարնա Շարմայի, Անուռաթա Ռանիի Հայաստանին և հայոց լեցվին նվիրված սրտի խոսքը, բանաստեղծությունները, ինչպես նաև ժողովրդական խաղիկները հայերենով։

Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի աշխատակիցների (վարիչ, բ.գ.թ. դոցենտ Հենրիետա Սուքիասյան) ջանքերով պատրաստված այդ ելույթը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։

«Երևանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանող Ռահուլ Սեթին, ով իր ընկերների հետ այստեղ հնչեցրեց հայկական պոեզիա, եկեղեցու բակում լուսանկարվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, նրան հայերեն ասելով. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ արդեն երեք տարի, որոնք երազի նման անցան։ Երկու տարի էլ դեռ ունեմ սովորելու, բայց մեկնելուց շատ եմ կարոտելու Հայաստանին, Երևանին, իմ հարազատ համալսարանին։ Այստեղ մարդիկ մեր հանդեպ շատ բարի են, ուշադիր և հոգատար։ Հայրենիքի բացակայությունը շատ չենք զգում. մարդիկ մեզ օգնում են, ու դրա համար էլ որոշեցի սովորել հայերեն։ Շատ հետաքրքրական լեզու է և հնդկերենին էլ նման է։ Ես ափսոսանքով եմ վերադառնալու իմ երկիր, որովհետև ինչպես իմ երկիրն եմ սիրում, այնպես էլ՝ Հայաստանը»,-գրված է «Հայաստանի Հանրապետություն» թերթի փետրվարի 22-ի համարում։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook