Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց - պատասխան



Հարցնում է Արմանը  

ՀԱՐՑ - Հարգելի պր. Դումանյան, կցանկանայինք իմանալ, արդյոք ԵՊԲՀ-ում աշխատող ARENA ինտերնետային սենյակը վերջապես ե՞րբ է գործելու:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արման, շնորհակալ եմ այս հարցը բարձրացնելու համար։ Մոտ օրերս ինտերնետային սենյակը կսկսի գործել։


Հարցնում է Տիգրանուհի Մինասյանը  

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, հարգարժան պարոն Դ.Դումանյան, մանկուց սիրել եմ բժշկությունը, երազանքս է եղել ձեռք բերել բժշկի մասնագիտություն, պիտանի լինել մարդկությանը: Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի պետական ագրարային համալսարան և 2011թ-ին ավարտեցի մագիստրատուրան մասնագիտությամբ: Շատ մեծ ցանկություն ունեմ ընդունվել և սովորել բժշկական համալսարանում, սակայն մի շարք հարցեր են անհանգստացնում: 26 տարեկան եմ, մանկուց հաշմանդամ եմ, ունեմ հաշմանդամության 2-րդ կարգ: Սակայն էությամբ ակտիվ մարդ եմ, ձգտում եմ լինել հնարավորինս ակտիվ, կյանքից վերցնել առավելագույնը: Ուզում եմ մանրամասներ իմանալ ընդունելության (քննություն հանձնելո՞ւ եմ), ուսման վարձի (կգործի՞ անվճար համակարգ), ներքին կանոնակարգի վերաբերյալ, որպեսզի կարողանամ որոշում կայացնել: Գիտակցում եմ, որ եթե ընդունվեմ, ինձ համար ֆիզիկապես դժվար կլինի և պետք է հաղթահարեմ շատ դժվարություններ, բայց նաև գիտակցում եմ, որ եթե ուզում եմ կատարվի երազանքս ուրեմն պետք է ջանալ: Շատ շնորհակալ եմ, որ Ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք և կարդացիք նամակս:

Հարգանքներով` Տիգրանուհի Մինասյան

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Տիգրանուհի, ուրախ եմ, որ ցանկանում եք բժիշկ դառնալ։ Եթե Դուք արդեն կարողացել եք հաղթահարել որոշակի դժվարություններ և ավարտել մեկ բուհ, ապա Ձեզ համար ավելի տեսանելի կլինի, թե, արդյո՞ք, պատրաստ եք ավելի մեծ դժվարություն հաղթահարել հանուն մանկուց երազած մասնագիտությունը ձեռք բերելու։ Չեմ թաքցնում, մեր համալսարանում սովորելն ավելի մեծ ջանքեր է պահանջում, ուսանողի նկատմամբ պահանջն ավելի խիստ է, քանզի բժշկի մասնագիտությունը չափազանց մեծ պատասխանատվություն է ենթադրում։

Եթե նման որոշում կայացնեք, ապա երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում: ՀՀ կառավարության որոշմամբ բուհի շրջանավարտը կարող է ընտրել երկրորդ մասնագիտություն` յուրաքանչյուր տարի հաստատված ընդունելության կանոնակարգի համաձայն:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Ձեր հաշմանդամ լինելու փաստը հիմք է անվճար սովորելու համար:

Տիգրանուհի Մինասյան - Շնորհակալ եմ նամակիս արձագանքելու համար:


Հարցնում է Արսենը  

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, պրն Ռեկտոր:
Խնդրում եմ ասեք, արդյո՞ք կարող է Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ով հայկական կրթություն չունի, ընդունվել ձեր համալսարան, եթե այո, ապա ինչպե՞ս:
Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՌԴ քաղաքացիություն ունեցողները, կարող են ընդունվել ԵՊԲՀ՝ հանձնելով միասնական և կենտրոնացված քննություններ: Քննական այս կարգին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքում՝ www.edu.am: Ուսանողն այս դեպքում պետք է սովորի հայերենով: Հայերեն չիմացողներին առաջարկում ենք ընդունվել ՀՀ կառավարության «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգով», որի դեպքում ուսուցումը տարվում է անգլերենով և ռուսերենով: Այս կարգով ընդունելության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ ԵՊԲՀ-ի կայքից։


Հարցնում է Նարինեն   
ՀԱՐՑ - Բարև ձեզ, իմ անունը Նարինե է, ես դպրոցն ավարտել եմ 2005 թվականին և հիմա ուզում եմ ընդունվել բժշկական համալսարան, բայց ինձ ասացին, որ տեղի ուսանողների համար նախապատրաստական բաժին չկա, իսկ ինչպես ես կարող եմ ծանոթանալ քննական նյութերին, որպեսզի պատրաստվեմ ընդունելության քննություններին։

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Նարինե, տեղեկացնեմ, որ համալսարանն ընդունելության հարցերով չի զբաղվում։

Ընդունելության քննություններն անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը` կենտրոնացված ձևով, համաձայն ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի», որում կգտնեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Իսկ քննություններին պատրաստվելու համար նախ անհրաժեշտ է դպրոցական ծրագրով պարապել քննական առարկաները։


Հարցնում է Invictus Holding-ի տնօրեն` Գ. Եղիազարյանը 

ՀԱՐՑ - 2008 թվականից եվրոպական երկրների, իսկ 2011 թվականից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ուսման աջակցության կենտրոնը հիանալի հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին շարունակելու իրենց ուսումն արտասահմանյան ճանաչված ԲՈՒՀ-երում և կրթական համալիրներում` ձեռք բերելով նոր և հարուստ գիտելիքներ, դառնալով պահանջված մասնագետ օր օրի առաջընթաց ապրող միջազգային և ներպետական աշխատանքային շուկաներում:
Պայմանագրեր ունենալով բազմաթիվ համալսարանների հետ` ՈՒԱԿ-ը հնարավորություն է տալիս ընդունվելու կրթական հաստատություններ առանց ընդունելության քննությունների և ողջ տարվա ընթացքում:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ Ձեր աջակցությունը կազմակերպելու մեր ծրագրերի ներկայացումը ուսանողների շրջանում:
Սպասում ենք Ձեր պատասխանին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի պարոն Եղիազարյան.
Բժշկական համալսարանը գիտակրթական, մասնագիտացումների, վերապատրաստումների, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և այլ բնագավառներում համագործակցում է միջազգային մի շարք կառույցների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ։ Այն կրում է նպատակային բնույթ՝ ելնելով համալսարանի անհրաժեշտություններից: Ուսման աջակցության կենտրոնի գործունեությունը զուտ Ձեր կազմակերպության գործառույթն է, որը համալսարանի ռազմավարական ծրագրերի հետ առնչություն չունի, հետևաբար Ձեր կազմակերպության ծրագրերը որևէ ձևով մեր ուսանողության շրջանում տարածելը նպատակահարմար չեմ գտնում:



Հարցնում է Վահեն  

ՀԱՐՑ - Արդյո՞ք առանց տարկետման իրավունքի ընդունված, բանակում ծառայած և ուսումը շարունակող ուսանողների համար ռոտացիայի մրցույթը առանձին է և նրանք ունե՞ն որևէ արտոնություն հետագայում։

ՊԱՏԱՍԽԱՆ - Առաջին կուրսում բակալավրի ընդունելության կանոններով սահմանված համալսարան ընդունված ուսանողներին` այդ թվում նաև առանց տարեկետման իրավունքով ընդունված և բանակից զորացրված ուսանողներին, տրվում է ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ նպաստի ձևով: Նախորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին մրցութային հիմունքներով:


Հարցնում է Գոհարը  

ՀԱՐՑ - Բարև Ձեզ. Ծնողս հաշմանդամ է: Ձեր մոտ ուսման զեղչ կիրառվու՞մ է: Ինչքա՞ն է զեղչի չափը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Գոհար, Ուսման վարձաչափերի լրիվ կամ մասնակի փոխհատուցման կարգին կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի «Ուսման վարձեր» ենթաբաժնում։


1 2 3 4 5
 

Find us on Facebook