Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 2011թ.-ին (1974թ.):

Ամբիոնի վարիչ՝ Վարդան Լևոնի Բակալյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Պատմություն

Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը հիմնվել է 1974 թ.-ին: Ամբիոնի վարիչն էր դոցենտ Է.Հ. Գուլունյանը, ասիստենտները` բ.գ.թ. Է.Հ. Դավոյանը, Կ.Վ. Լալայանը, Գ.Ս. Բաբաջանյանը: 1985-ին ամբիոնը վերանվանվել է թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն։ 1999-ին այս ամբիոնից անջատվել են թերապևտիկ ստոմատոլոգիայի (վարիչ` դոցենտ Է.Հ. Դավոյան), օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (վարիչ` պրոֆեսոր Տ.Ա. Կարագյոզյան) և վիրաբուժական ստոմատոլոգիայի (վարիչ՝ պրոֆեսոր Կ.Վ. Լալայան) ամբիոնները:

2000-2011թթ.-ին թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը ղեկավարել է դոցենտ Գ.Ս. Բաբաջանյանը: Նա 1984թ.-ին պաշտպանել է ատենախոսություն «Պարօդոնտիտով հիվանդների բերանի խոռոչի տեղային պաշտպանական գործոնների վիճակը բուժման ընթացքում (կլինիկո-լաբորատոր հետազոտություն)» թեմայով: Հեղինակ է 4 հայտնագործությունների, բազմաթիվ գիտական աշխատանքների:

2011թ.-ի սեպտեմբերի 1-ին ակադեմիկոս ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնը, միանալով Երևանի պետական բժշկական համալսարանին, վերակազմավորվել է որպես հետբուհական և շարունակական բժշկական կրթության ֆակուլտետի թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն, որի ղեկավար Վարդան Լևոնի Բակալյանը պաշտպանել է ատենախոսություն «Ատամնաշարի շրջանում ստորին ծնոտի կոտրվածքների բուժման նոր ասպեկտները» թեմայով: Նա 4 հայտնագործության, նորարարական 5 առաջարկի, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, ինչպես նաև ուսումնամեթոդական, ուսումնական ձեռնարկների և դասագրքի համահեղինակ:


Ուսուցում

Ամբիոնը զբաղվում է կլինիկական օրդինատորների ուսուցմամբ, տարբեր պրոֆիլի բժիշկ-ստոմատոլոգների և բուժքույրերի կատարելագործմամբ: Ամբիոնում դասավանդվում է 3 առանձին մասնագիտություն` թերապևտիկ ստոմատոլոգիա, պարօդոնտոլոգիա և ընտանեկան ստոմատոլոգիա: Ուսուցումն իրականացվում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Դասախոսություններն անցկացվում են Power Point ներկայացումներով, որոնք հագեցած են բազմաթիվ կլինիկական պատկերներով, ուղեկցվում են նաև տարբեր տեսանյութերով: Գործնական պարապմունքներն ուղղված են տեսական գիտելիքների խորացմանը, գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը: Դասախոսի հսկողությամբ ուսումնառողները կատարում են հիվանդի հետազոտություն, բուժման պլանավորում, բուժական տարբեր միջամտություններ՝ դասախոսի կողմից հաստատված բուժման պլանով: Կատարվում են կլինիկական դեպքերի ներկայացումներ սեմինարների ձևով, որոնց ընթացքում քննարկվում են իրականացված կլինիկական միջամտությունները և գնահատվում բուժման արդյունքները: Պարբերաբար կազմակերպվում են նաև ամսագրային ակումբներ, որտեղ ներկայացվում են բարդ կլինիկական դեպքերը, բուժման և ախտորոշման ժամանակակից եղանակները: Կլինիկական օրդինատորների գործնական հմտությունների ձեռքբերման նպատակով ամբիոնի դասախոսների կողմից անցկացվում են ձեռքի հմտության դասընթացներ (master-class) հետևյալ թեմաներով` «Ռաբերդամի կիրառումը», «Ռենտգեն պատկերների վերլուծում և բուժման պլանավորում», «Արմատախողովակների մեխանիկական մշակման սկզբունքները», «Ձեռքի գործիքներով ատամնանստվածքների հեռացումը և արմատի մակերեսի հարթեցումը», «Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումների տարբերակիչ ախտորոշումը»: Գործնական պարապմունքների ու սեմինարների ժամանակ ուշադրություն է դարձվում ուսումնառող անձանց մասնագիտական գիտելիքների առավելագույնս յուրացմանը: Վերջինիս նպաստում է նաև ամբիոնի մասնագիտական գրադարանը` հարուստ տեղական և արտասահմանյան գրականությամբ ու տեսանյութերով:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները կատարվում են հետևյալ ուղղություններով.

  • միջին և ծանր աստիճանի քրոնիկ գեներալիզացված պարօդոնտիտի կոմպլեքսային բուժում,
  • պարօդոնտիտի ժամանակ ատամների պահպանման ու հեռացման դեպքում ոսկրային հյուսվածքի ծավալի պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջամտությունների մշակում և կիրառում,
  • ՀՀ պայմաններում արմատախողովակների օբտուրացիայի եղանակների համեմատական բնութագիրը և համապատասխան մեթոդական ցուցումների մշակում:

Ամբիոնի աշխատակիցներն անդամակցում են «Բժշկություն, կրթություն և գիտություն» ասոցիացիային և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիային: Ամբիոնի վարիչ Վ. Բակալյանի նախաձեռնությամբ 2013թ.-ի հունվարին ստեղծվել է Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիան, որի փոխնախագահներն են ամբիոնի դոցենտ Գ.Ս. Բաբաջանյանը և ամբիոնի դասախոս Լ.Ս. Հարությունյանը:


Ամբիոնի աշխատակազմ

Բակալյան Վարդան Լևոնի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Բաբաջանյան Գայանե Սմբաթի բ.գ.թ., դոցենտ
Ավագյան Նաիրա Էդուարդի դասախոս
Հարությունյան Լուսինե Սիմոնի դասախոս
Հարությունյան Լուսինե Վարդգեսի դասախոս
Երանոսյան Սուսաննա Գագիկի դասախոս
Կարախանյան Սոնա Աշոտի դասախոս
Հարությունյան Լուիզա Վլադիմիրի դասախոս
Խուդավերդյան Աշոտ Վլադիմիրի դասախոս


Հասցե` ՀՀ, Երևան, Մուրացան 114, «Մուրացան» համալսարանական կլինիկա, Թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն
Էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook