Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկականում բարեփոխումներն ակնհայտ են

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կառավարման խորհրդի 2012թ. անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Օրակարգում ԵՊԲՀ-ի ռեկտորի ամենամյա հաշվետվությունն էր, ԵՊԲՀ 2011թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարողականի, ԵՊԲՀ 2012թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշվի քննարկում, հաշվետվություն «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր ծրագրի» դրույթների վերաբերյալ, ինչպես նաև ԵՊԲՀ խորհրդի քարտուղարի ընտրություն։

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը կառավարման խորհրդի անդամներին մանրամասն ներկայացրեց 2011-ից համալսարանում իրականացվող բարեփոխումները թե՛ կրթական, թե՛ կառուցվածքային, թե՛ ֆինանսատնտեսական և թե՛ բուժական ոլորտներում (հաշվետվություն

2011-ին կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կատարվել են մի շարք վերակազմավորումներ: Մինչ այժմ գործող ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացել են հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետները: Ռուսերեն և անգլերեն լեզուներով օտարերկրացիների ուսուցման բաժինների վերակազմավորումը հանգեցրել է օտարերկրացիների ուսուցման դեկանատի կազմավորմանը:

Տարանջատվել են թե՛ բակալավրիատի և մագիստրատուրայի, թե՛ նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոնները:

Համալսարանում ստեղծվել է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով։ Մշակվել է կենտրոնի ռազմավարությունը, ձևավորվել են կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ:

Կենտրոնական մեթոդական հանձնաժողովի նոր կազմը կանոնակարգային մի շարք փաստաթղթեր է մշակել՝ ուղղված կրթական գործընթացի բարելավմանը։

Բանախոսը կարևորեց, որ երկարատև ընդմիջումից հետո բուհի Գիտական խորհուրդը կրկին կազմակերպում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություններ:

Համաձայն 2011թ-ի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության որոշման ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվել է ԵՊԲՀ-ին: Համալսարանում ստեղծվել են հետբուհական և շարունակական կրթություն իրականացնող 30 ամբիոններ, որոնք տեղակայված են Երևանի բոլոր առաջատար կլինիկաններում և ԵՊԲՀ-ի հիվանդանոցային համալիրներում: Արդյունքում նաև զգալիորեն հզորացել է բուհի գիտական ներուժը՝ ի դեմս գիտակլինիկական ուղղություններ ներկայացնող մասնագետների: Այդ փաստը չի կարող չանդրադառնալ գիտական աշխատանքների կազմակերպման և կառավարման վրա:

Այսօր համալսարանում աշխատում է գիտությունների 171 դոկտոր, 504 թեկնածու, 180 գիտական աստիճանի հայցողները ապագայում կհամալրեն նրանց շարքերը:

Համալսարանը շարունակում է իր գործունեությունը օտարերկրյա պետությունների համար բժիշկ մասնագետներ պատրաստելու բնագավառում:

ԵՊԲՀ-ում ներկայումս սովորող 6365 ուսանողներից 1135-ը օտարերկրյա քաղաքացիներ են։ Միայն 2011-2012 ուսումնական տարում տարբեր երկրներից համալսարան են ընդունվել 515 օտարերկրյա քաղաքացիներ։

ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների, ինչպես նաև ներգրավված է եվրոպական և միջազգային կրթական ու գիտական մի շարք ծրագրերում:

Ռեկտորն անդրադարձ կատարեց նաև համալսարանական բազային կլինիկաներում` «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում իրականացվող բարփոխումներին, որոնք հանգեցրել են բուժծառայությունների համակարգմանն ու որակի բարձրացմանը։

Հաջողություններն ակնհայտ են նաև ֆինանսատնտեսական ոլորտում։ 2011-ին ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի ֆինանսական մուտքերը կազմել է 8 մլրդ 374.8 մլն դրամ` 2010-ի 6մլրդ 775.0 մլն դրամի դիմաց։ Այսինքն`2010-ի համեմատ հաշվետու ժամանակահատվածում ավելի է մուտքագրվել մոտ 1մլրդ 600 մլն դրամ:

2011 ֆինանսական տարում տնտեսվել է 1 միլիարդ դրամից ավելի գումար: Այդ գումարներն ուղղվել են նախկին վարկային միջոցները հաստատված ժամանակացույցերից ավելի արագ մարելուն և այդպիսով տոկոսադրույքները խնայելուն: Տնտեսումն արդյունք է այս ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության և ամենօրյա հետևողական աշխատանքի։

ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը ներկայացրեց նաև ԵՊԲՀ 2012թ.-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը։

«Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ակնհայտ է կոռուպցիոն ռիսկերի նվազումը: Եվ սա միայն իմ կարծիքը չէ։ Բոլոր բուհերում ունենք առաջընթաց այս բնագավառում, բայց այս համլսարանում կրթական գործընթացում շեշտակի և տեսանելի նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Վստահ եմ, որ այս ռազմավարությունը երկարաժամկետ է, և այստեղ ևս Հայստանի այլ բուհերի շարքում առաջատարի դիրքեր կունենանք:

2010-ի համեմատ 2011-ին բժշկականի առաջին կուրսի օտարերկրացի ուսանողների թիվն աճել է երեք անգամ: Սա աննախադեպ ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ մի փոքր խնդիրներից հետո, որ մենք ունեցանք Հայաստանի բուհական համակարգում, այսօր Հայաստանի առաջատար բուհերը նորից հետաքրքիր են, մրցունակ են, գրավիչ են արտասահմանցի ուսանողների համար:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ բուհի միջազգայնացման գործընթացը միջազգային հավատարմագրում անցնելու հավակնություններ է դրսևորվում։ Սա առավելագույնս գրավիչ կդարձնի մեր բուհը, հնարավորություն կտա դուրս գալ միջազգային նոր շուկա։

Նշեմ նաև, որ բժշկական համալսարանը ՀՀ ԿԳՆ-ի կողմից ընդգրկված է 2012 թ-ի պիլոտային հավատարմագրում անցնող պետական 4 բուհերի շարքում»-ամփոփելով կառավարման խորհրդի նիստը, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ ֆինանսական հաջողությունները ևս կառավարման բարձր որակի արդյունք է:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook