Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի հերթական նիստը

Ընտրվեցին ամբիոնի վարիչներ և պրոֆեսորներ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ս/թ դեկտեմբերի 28-ին կայացած գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում նախատեսված էր ամբիոնի վարիչի և պրոֆեսորի պաշտոնների ընտրություն։

Գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը տեղեկացրեց, որ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել բ.գ.թ., դոցենտ Ելենա Աղաջանովան, վնասվածքաբանության և օրթոպեդիայի հետբուհական ամբիոնի վարիչի` բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Այվազյանը, արյունաբանության ամբիոնի վարիչի` բ.գ.թ. Սմբատ Դաղբաշյանը, էնդոկրինոլոգիայի հետբուհական ամբիոնի վարիչի` բ.գ.թ., դոցենտ Էդվարդ Թորոմանյանը, կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի` բ.գ.դ. Նարինե Միրզոյանը, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչի` բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը, ֆթիզիատրիայի ամբիոնի վարիչի` բ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Սաֆարյանը, տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչի` բ.գ.դ., պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը։ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնում պրոֆեսորի պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բժշկական գիտությունների դոկտորներ Վարդան Ազնաուրյանը, Նորայր Լուսինյանը և Արմեն Հարությունյանը, վնասվածքաբանության և օրթոպեդիայի հետբուհական ամբիոնից` Հովսեփ Դանիելյանը։

Գիտքարտուղարը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց թեկնածուների համառոտ գործունեությունը, աշխատանքային ու գիտական ձեռքբերումները և հայտնեց, որ բոլորի թեկնածությունները միաձայն երաշխավորվել են համալսարանի որակավորման հանձնաժողովի և ֆակուլտետային խորհրդի կողմից։

ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ ամբիոնի վարիչների ընտրված այն թեկնածուների հետ, ովքեր գիտությունների թեկնածու են և այն ասիտենտների, ովքեր գիտությունների թեկնածու չեն` նրանց հետ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն ոչ թե հինգ, այլ ավելի կարճ ժամկետով` երեք տարով, որպեսզի խթան հանդիսանա հետագա գիտական աշխատանքների կատարման համար։ Իսկ եթե տրված ժամկետում չհասցնեն կատարել գիտական աշխատանքի գոնե կեսից ավելին, ապա նրանց հետ կնքված պայմանգրերը կլուծվեն։

«Պայմանն այն է, որ մեր ամբիոնների աշխատակիցներն իրենց գիտական կոչումները բարձրացնելու ուղղությամբ հետևողականորեն աշխատեն»,-ասաց ռեկտորը։

Գիտական խորհրդի 80 անդամներից նիստի մասնակցում էր և փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 74-ը։ Մրցույթի արդյունքներով բոլոր թեկնածուներն ընտրվեցին։

Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց հաշվիչ հանձնաժողովի եզրակացությունը։

Ամփոփելով գիտական խորհրդի նիստը` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց.

«Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո ունեցանք ամբիոնների ընտրված վարիչներ և պրոֆեսորներ։ Թույլ տվեք նրանց շնորհավորել, ցանկանալ բեղմնավոր աշխատանք, անձնական հաջողություններ և հույս հայտնել, որ իրենց գործունեության ընթացքում սա նրանց նոր լիցքեր կհաղորդի։

Սիրելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ։ Ուզում եմ, որ 2012 թվականը շատ ավելի բեղմնավոր լինի, քան 2011-ը։

Կարծում եմ, որ անցնող տարում մեզ հաջողվել է դրական բավական արդյունքներ արձանագրել։ Գիտական խորհրդի յուրաքանչյուր ամիս անցկացվող նիստերում համալսարանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկման արդյունքում կոնկրետ որոշումներ են ընդունվում, որոնք էլ հետևողականորեն իրականացվում են։ Այս առումով լուրջ քայլեր են արվում ուսումնական աշխատանքների բարելավման ուղղությամբ։

Մեծ ձեռքբերում էր Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչի միավորումը, որի շնորհիվ ունեցանք մեծ ներուժով, դիպլոմային և հետդիպլոմային տարանջատված կրթությամբ համալսարան։

Կարողացանք հստակեցնել և բարելավել համալսարանական կլինիկաների աշխատանքը։ Զգալի ավելացել են վճարովի ծառայություններից ներհոսող միջոցները։ Զուգահեռաբար մեծացել են նաև պետպատվերով կատարված ծառայությունները։ Սա խոսում է այն մասին, որ ԵՊԲՀ-ն կլինիկական լուրջ ներուժ ունի։ Միաժամանակ` հնարավորություն է ընձեռվում հրաժարվել այն կարծրատիպից, թե ուսումնական մասը պետք է պահի կլինիկաներին։ Հիմա պետք է հակառակը լինի։ «Հերացի» հիվանդանոցային համալիրում ազատված տարածքների վերանորոգումից հետո փետրվարի սկզբից այդտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր կլինիկաներ կկազմակերպվեն, որոնք ևս կնպաստեն դրան։

Մեզ հաջողվեց այս տարեմուտին համալսարանի աշխատակիցներին պարգևատրումներ տալ` մինչև 90 հազար դրամ աշխատավարձ ստացողներին 100 տոկոսի, իսկ ավելի բարձր` 50 տոկոսի չափով։

Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում և երջանկություն եմ մաղթում։ Վստահ եմ, որ եկող տարի միասին ավելի մեծ հաջողություններ ենք արձանագրելու» ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook