Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի ամանորյա ուղերձը


Սիրելի համալսարանականներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մի քանի օրից 2011 թվականը ևս կանցնի պատմության գիրկը։ Եվ ինչպես միշտ, մեծ թե մանուկ` բոլորիս կհամակի նոր տարին նոր հույսերով ու ակնկալիքով դիմավորելու անկրկնելի զգացումը:

Երկիր մոլորակի հերթական պտույտի ավարտը մեկ անգամ ևս կպարտադրի յուրաքանչյուրիս` հետադարձ հայացք ձգելով անցնող տարում մեր ապրած կյանքին, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրել առաջիկա անելիքները:

Ուրախ եմ փաստել, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որպես մեկ մեծ ընտանիք, 2011-ին քայլեց ժամանակին համընթաց։ Մեզ հաջողվեց որոշակի ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրել կրթության որակի բարձրացման, հետբուհական կրթության համակարգի կայացման և միջազգային համագործակցության ընդլայնման ասպարեզում: Ռազմավարական այս քայլերը մեզ տանում են դեպի բուհի հետագա զարգացում։ Վստահ եմ, դրանք մեզ նոր եռանդ ու ոգևորություն կհաղորդեն` դեռևս առկա բացթողումները հաղթահարելու և ավելի բարձր արդյունքների հասնելու համար։

Սիրելի ուսանողներ, դուք ընտրել եք չափազանց մեծ պատասխանատվություն և նվիրում պահանջող մասնագիտություն։ Ձեր ողջ կյանքում իրականացնելու եք աստվածահաճո մի առաքելություն, հանուն որի պիտի զինվեք հարուստ գիտելիքներով։

Հիշեք, որ միայն մասնագիտական գիտելիքի մշտապես թարմացվող մեծ պաշարի և հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել մրցունակ ու կատարելագործված բժշկի կոչման: Ուրեմն ձեր ուսերին դրված առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին չընկրկեք որեէ դժվարության կամ խոչընդոտի առաջ։

Նոր տարի մտնենք հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով ու վճռականությամբ։

Մաղթում եմ, որ 2012 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, առաջընթացի ու անձնական երջանկության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Ձեր բարեկամ՝
Դերենիկ Դումանյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook