Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի նիստ

Օրակարգում՝ կրթական հիմնախնդիրները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը ներկայացրեց նախադիպլոմային կրթության հիմնախնդիրները:

Վերլուծելով 2010-11 ուստարվա քննաշրջանների արդյունքները, պրոռեկտորը նշեց, որ համալսարանի ուսումնական գործընթացում կան որոշակի թերություններ, որոնց մի մասն ունեն օբյեկտիվ, իսկ մյուները՝ սուբյեկտիվ պատճառներ:

«Բժիշկներս, հասկանում ենք, որ արդյունավետ բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճիշտ ախտորոշել: Մենք որդեգրել ենք առարկաներն իրենց անուններով կոչելու, իրական պատճառները վեր հանելու և դրանից հետո եղած հանգույցները բացելու քաղաքականություն: Այդ ամենը մենք անելու ենք մեր բոլոր գործընկերների, ուսանողների հետ: Համալսարանի համար բախտորոշ բոլոր որոշումները ընդունվելու են միայն ձեր համաձայնությամբ: Մեր այս մոտեցման վառ ապացույցն այն է, որ ողջ ուսանողների և դասախոսների շրջանում առաջին անգամ հարցաթերթային հարցում է անցկացվել գիտելիքների գնահատման տարբեր ձևերի վերաբերյալ:

Վերջին տարիներին ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների շրջանում նման բազմաթիվ քննարկումներ են եղել: Սակայն, ցավոք, հարցման արդյունքում ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների կողմից հիմնավորված, կոնկրետ առաջարկություններ չեն ներկայացվել։

Շուտով կքննարկվեն վերջին հարցման տվյալները, որի ընթացքում ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Այդ լսումների արդյունքները կքննարկվեն կենտրոնական մեթոդական հանձնաժողովում և դրական որոշման դեպքում կյանքի կկոչվեն», - ասաց պրոռեկտորը:

Նա տեղեկացրեց, որ տվյալներով հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար ամենից հրատապ լուծում պահանջող հարցը գործնական ունակությունների ձեռքբերման խնդիրն է։ Հիմնական կլինիկական առարկաների բակալավրիատի և մագիստրատուրայի տարանջատված ամբիոններում թեև մեծացվել է գործնական աշխատանքի, հիվանդների հետ աշխատելու ճակատը, որն արդեն դրական որոշակի արդյունքներ է տվել, սակայն ամբիոնների վարիչներից պահանջվել է ուշադրության կիզակետում պահել ուսումնական գործընթացի այս բաղադրիչը:

Նաև նշվեց, որ խնդրի լուծման ավելի ծախսատար, հեռահար, միաժամանակ արդյունավետ միջոց է գործնական հմտությունների համալսարանական կենտրոնի ստեղծումը: Այստեղ ուսանողը գործնական ունակություն կարող է ձեռք բերել մուլյաժների, սիմուլյատորների և այլ պարագաների վրա, որոնք կօգտագործվեն նաև որպես գիտելիքների ստուգման միջոց: Համալսարանն աշխատանքներ է տանում այդ կենտրոնին անհրաժեշտ գործիքները ձեռք բերել դրամաշնորհային ծրագրերով:

«Համալսարանում ուսումնական և աշխատանքային կարգապահությունը գրեթե միշտ պատշաճ մակարդակի վրա է եղել: Մենք շարունակում ենք վարել նույն քաղաքականությունը։ 2011-2012 ուստարվա երկու ամիսների ընթացքում մեծաթիվ անհարգելի բացակայությունների պատճառով համալսարանից հեռացվել է տարբեր ֆակուլտետների 12 ուսանող:

Ուսման որակի հարցը համալսարանի ղեկավարության սևեռուն ուշադրության կենտրոնում է։ Այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը նկատելի արդյունքներ են տալիս։ Սակայն ցանկալիին հասնելու համար անելիքները դեռ շատ են։ Այդ նպատակով համալսարանում ստեղծվել է կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով, մշակվել է կենտրոնի ռազմավարությունը, կազմվել են կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ: 0,1 և 0,2 գործակիցները կիրառելու միջոցով հստակեցվել է գնահատման գործընթացը, որի արդյունքում վերացել է գնահատման սանդղակի անհրաժեշտությունը: Այսուհետև չեն կիրառվելու առաջին մարման շրջանում առարկայական կիսամյակային գնահատականը բարձրացնելու և երկրորդ մարման շրջանում գնահատման սանդղակի շեմն իջեցնելու մեխանիկական գործընթացները: Այս փոփոխություններն ուսանողների շրջանում դրական արձագանք են գտել», - ասաց Ս. Ավետիսյանը։

Անդրադարձ եղավ նաև դասախոսական կազմի որակի խնդրին։ Պրոռեկտորը նշեց, որ մշակվել են դասախոսների որակի գնահատման չափորոշիչներ, որոնք որակավորման հանձնաժողովի կողմից արդեն կիրառվում են մրցութային գործընթացում։ Վերանայվել են «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցման կետերը։

Անդրադառնալով ծրագրային թերություններին, բանախոսը շեշտեց զուգահեռաբար արևմտյան լավագույն դպրոցներին ինտեգրվելու կարևորությունը։

Խոսվեց նաև գրադարանի, գիտահետազոտական լաբորատորիաների և համալսարանական կլինիկաների վիճակի բարելավման անհրաժեշտության մասին։

Մասնավորապես կարևորվեց գրքային պարկի հարստացումը, բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները CD-ի տեսքով ուսանողներին տրամադրելու և համալսարանի կայքում տեղադրելու անհրաժեշտությունը, որը «համակարգչային համալսարանի» լուրջ բաղադրիչներից է:

2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը փորձնական ծրագրով կանցկացվի համակարգչային ծրագրով: Հաջողության դեպքում քննության այս ձևը կկիրառվի բակալավրիատի բոլոր առարկաների դեպքում: Գործընթացը կլինի թափանցիկ, և ուսանողները հնարավորություն կունենան տեսնելու իրենց աշխատանքների գնահատման գործընթացը։

Բարեփոխումներ են նախատեսվում նաև պետական քննությունների կազմակերպման գործում։

Քննարկվող հարցի առթիվ գիտխորհուրդն ընդունեց հետևյալ որոշումը.

  • 2010-2011 ուստարվա հաշվետու ժամանակաշրջանում համալսարանի ուսումնա­կան աշխա­տանքները գնահատել բավարար:
  • Մինչև 2012թ. մարտի 15-ը ավարտել և ՀՀ ԿԳ նախարարություն հաս­տատ­ման ներկայացնել մագիստրատուրայի որակավորման պետա­կան կրթական չափորոշիչները՝ ըստ մասնագիտությունների:
  • Հանձնարարել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Ս. Ա. Ավետիսյանին, կրթության որակի գնահատման և ապա­հով­ման կենտրոնի տնօրեն պրոֆ. Լ. Ռ. Ավետիսյանին, ուսում­նա­կան բաժնի պետ Մ. Գ. Հայրապետ­յանին, ֆակուլտետների դեկան­նե­րին, ցիկ­լային մեթոդական հանձնաժողովների նախա­գահներին և ամ­բիոն­ների վարիչներին՝
    • մշակել և մինչև 2011թ. դեկտեմբերի 30-ը հաստատման ներկայացնել «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» ու «Դեղագիտություն» մասնա­գիտությունների մա­գիստրոսի որակավորման ուսումնական պլանով նախատեսված հիմնական մաս­նագիտական, մասնագիտական և էլեկտիվ (ընտրովի) առարկաների ծրագրերը,
    • մշակել և մինչև 2012թ. փետրվարի 6-ը ավարտել մագիստրատուրայի «Ստո­մա­տոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների պետական ավար­տա­կան ատեստավորման թեստային բանկը,
    • մինչև 2012թ. մայիսի 1-ը ավարտել և հաստատման ներկայացնել մագիս­­տրա­տու­­րայի «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտու­թյունների ա­վար­­­­տա­կան ատեստավորման բանավոր քննու­թյուն­ների տոմսերը և իրա­վի­ճակային խնդիրները,
    • մինչև 2012թ. մարտի 1-ը, ինֆորմացիոն և հաղորդակցության բաժնի հետ հա­մատեղ, ավարտել մագիստրոսի «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մաս­նա­­գիտու­թյունների որակավորումների պետական ավարտական քննու­թյուն­ների թեստերի համակարգչային մուտ­քա­գրումը,
    • մշակել և մինչև 2012թ. ապրիլի 1-ը ավարտել բակալավրիատի I կուր­սի քննա­կան առարկաների՝ «Բիոօրգանական քիմիա», «Բժշկա­կան ֆիզիկա», «Կենսա­բանու­թյուն» և «Լատիներեն տերմի­նա­բա­նու­թյուն» ամա­ռա­յին քննաշրջանի թեստային բանկի ձևավորումը,
    • մինչև 2012թ. մայիսի 1-ը, ինֆորմացիոն և հաղորդակցության բաժնի հետ հա­մատեղ, ավարտել բակալավրիատի I կուրսի քննական առարկաների ամառային քննաշրջանի թեստերի համակարգչային մուտ­քա­գրումը,
    • մինչև 2012թ. փետրվարի 1-ը մշակել և հաստատման ներկայացնել ցիկլային առարկաների բացակա­յու­թյուն­ների լրաց­ման նոր կարգը,
    • մինչև հունիսի 1-ը մշակել և հաստատման ներկայացնել ամբիոն­ների ուսում­նական ծանրաբեռնվածության նոր կանոնակարգը:
  • Սույն որոշումը ներկայացնել համալսարանի ստորա­բաժա­նում­նե­րում և ընդու­նել ի կատարումն:
  • Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտոր Դ. Հ. Դումանյանին։

Ամփոփելով գիտխորհրդի աշխատանքը, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնեց հարցը հանգամանալից, խորությամբ ներկայացնելու համար։

«Առաջինը, որ բոլորիս անհանգստացնում է, ծրագրերի խնդիրն է։ Մագիստրատուրայի ուսումնական ծրագրերում եղած թերացումները նաև օբյեկտիվ պատճառներ ունեն։ Ընդամենը ապրիլ-մայիս ամիսներին մեզ հասավ ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի պետք է փոխվեին մոտեցումները։ Մագիստրատուրայի ծրագրերը սկսեցին կազմվել մայիսից հետո այն դեպքում, որ բավականին տեղաշարժեր, փոփոխություններ պետք է կատարվեին։ Արդյունքում այսօր այդ ծրագրերը հղկման կարիք ունեն։ Մենք այսօր որեէ տեղից պատրաստի ծրագրեր չենք կարող վերցնել։ Պարտավոր ենք ինքներս միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրեր մշակել և ներդնել։

Ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության համակարգի ընդունված երկու ձև կա՝ բակալավրիատ և մագիստրատուրա։ Բոլոնիայի հռչակագիրը երկու ձևն էլ ընդունում է։ Առաջինը, երբ բակալավրիատն ավարտելուց հետո ստանում են դիպլոմ, և դրա համար կա աշխատանքի համապատասխան շուկա։ Երկրորդը՝ ինտեգրացված մագիստրատուրայի ծրագիրն է, երբ բակալավրիատն ավարտելուց հետո հանձնում են ավարտական միջանկյալ քննությունները, ստանում կոչում, սակայն պարտավոր են կրթությունը շարունակել մագիստրատուրայում։ Քանի որ մեր հանրապետությունում բժշկական կրթությամբ բակալավրիատի շրջանավարտների համար աշխատաշուկա գոյություն չունի, մենք արդեն մշակում ենք նախագիծ՝ ներկայացնելու ՀՀ կառավարություն, որպեսզի մեզանում հաստատվի ինտեգրացված մագիստրատուրայի ծրագիրը։

Ինչ վերաբերում է բժշկական գրականության խնդրին, այն միշտ էլ, իսկապես, մեզանում ամենացավոտն է եղել։ Եւս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ անհրաժեշտ գրականություն ունենալու համար միջոցներ չենք խնայելու։ Պատրաստ ենք հրատարակել մեր մասնագետների` ամբիոնի վարիչների, պրոֆեսորների հեղինակած՝ մրցույթով անցած ցանկացած դասագիրք։ Դա ուսանողության ամենաառաջին պահանջն է։

Միաժամանակ ես հակված չեմ, որ մեր գրականությունը, քննական տոմսերը, թեստերը չպետք է հասանելի լինեն մյուս բուհերի ուսանողներին։ Դրանով մենք միայն կօգնենք որակյալ կադրեր պատրաստել։ Մենք պետք է ոչ պետական բուհերին օգնենք, որ իրենց տրված լիազորության սահմաններում լավ մասնագետներ՝ գրագետ բժիշկներ պատրաստեն։ Կարևորը մրցակցային դաշտում առաջատար մնալն է։ Այդ ժամանակ բոլորը կձգտեն մեր բուհում սովորել։ Առողջապահության ազգային ինստիտուտի հետդիպլոմային կրթական բաղադրիչը մեզ մոտ տեղափոխվելուց հետո ոլորտում մենք գերիշխող ենք դարձել։ Ազգային ժողովի ընդունած օրենքով այսուհետև մագիստրատուրան ևս պետք է լրացուցիչ լիցենզավորվի որպես կրթության տեսակ։ Այսինքն շատ հնարավոր է, որ ոչ պետական բուհերն ընդամենը բակալավրիատ դասավանդելու իրավունք ունենան։ Մենք պետք է պատրաստ լինենք նրանց բակալավրներին ընդունելու։ Այստեղ անելիքներ ունենք ընդունելությունն արդար չափորոշիչներով կազմակերպելու ուղղությամբ։ Մեր նիստերից մեկի ժամանակ ես հայտարարել եմ, որ կրթության որակի ապահովման նպատակով կիսամյակը մեկ անգամ հետդիպլոմային կրթություն ստացողների խստագույն ատեստացիա ենք իրականացնելու։

Ցիկլային մեթոդական հանձնաժողովների վրա մենք պետք է մեծ պարտականություններ դնենք, մեծ իրավասություններ պետք է տանք, նրանց համար որոշ ծանրաբեռնություն պետք է նախատեսնենք, որովետև ծրագրային հիմնական բարեփոխումների մեխը հենց այստեղ է և նրանք շատ կարևոր աշխատանք պետք է կատարեն։

Ցիկլային մեթոդական հանձնաժողովներում բոլոր ամբիոնների վարիչները ներկայացնում են այն աշխատակիցներին, ովքեր հրաշալի տիրապետում են ամբիոնի աշխատանքների նրբություններին։ Եթե կգտնեք, որ առաջադրված թեկնածուն չի կարողանում աշխատել ցիկլային այն հանձնաժողովում, որտեղ քննարկվում են ձեր ամբիոնի ծրագրերը, ապա ցանկացած պահի կարող եք նրան փոխարինել այլ թեկնածուով։

Մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք նաև համալսարանական գիտության զարգացմանը։ Այստեղ ես ակնկալում եմ մեր ամբիոնների ղեկավարների անմիջական և գործուն աջակցությունը։

Սամվել Ավետիսյանը նախադիպլոմային կրթության հիմնախնդիրները բավական հանգամանալից ներկայացրեց։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի զեկուցման ծրագրային հատվածները տրամադրել ամբիոնների վարիչներին, որպեսզի ամբիոններում ևս քննարկումներ իրականացվեն»,-ամփոփեց ռեկտորը։

Այնուհետև գիտխորհուրդը երաշխավորեց Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գառնիկ Ավետիսյանի՝ «Ճառագայթային ախտորոշում ստոմատոլոգիայում» ուսումնամեթոդական ձեռնարկի տպագրությունը:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, հաստատվեցին գիտական կոչումներ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook