Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ոսկե աշունը»` անակնկալների տոն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Ոսկե աշուն- 2011» նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 2010-2011 ուսումնական տարվա ավանդական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների ու ամբիոնների ղեկավարները և, իհարկե, մեծաթիվ ուսանողներ, հյուրեր:

ԿԳ նախարարն անկեղծությամբ ընդգծեց, որ բժշկականն այն համալսարանն է, որտեղ իր համար միշտ հոգեհարազատ, շատ հուզական տրամադրություն է իշխում։ Նա իր շնորհակալությունը հայտնեց համալսարանում բարի ավանդույթները շարունակելու համար։

«Տասնվեց տարի առաջ վերականգնվեց բժշկականի ուսանողական խորհրդարանը, որի շնորհիվ սկսեց կրկին բաբախել համալսարանի ուսանողական ակտիվ կյանքի զարկերակը: Այն մեծ ու կարևոր դեր է կատարում համալսարանական կյանքի նորովի ու հետաքրքիր կազմակերպման գործում: Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի դասախոսներին և ուսանողներին` բուհի ավանդույթները շարունակելու, զարգացնելու և եկողներին փոխանցելու համար: Ես հպարտ եմ, որ բժշկականի շրջանավարտ եմ»,- ասաց նախարարը:

Ի դեպ, այդ տարիներին ԵՊԲՀ ուսխորհրդարանի նախագահը հենց Արմեն Աշոտյանն էր:

Հանդիսության ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողներ ցուցադրեցին երաժշտական, հումորային յուրօրինակ ու հետաքրքիր համարներ: Իրենց կատարումներով հերթական անգամ փայլեցին «Մեդունին», հեղինակ կատարողներ Անի Մալխասյանը, Կարինե Աբրահամյանը, մյուսները:

Ինչպես միշտ ամփոփվեցին ավանդաբար շարունակվող ներբուհական մի շարք մրցույթներ: «Ֆակուլտետի լավագույն ուսանող» ճանաչվեցին Էմիլ Ավետիսյանը և Ալյոշա Թորոյանը (ընդհանուր բժշկություն), Լուսինե Արիստակեսյանը (հանրային առողջություն), Մարիամ Ղազարյանը (դեղագիտություն), Ինեսսա Ճաղարյանը (ստոմատոլոգիական), Հայկ Ղազարյանը (ռազմաբժշկական) և Սվետալանա Անդրեասյանը (օտարեկրացիների ուսուցում):

2010-2011 ուսումնական տարվա «Լավագույն ուսանող»-ի կոչման վկայականը ԵՊԲՀ ռեկտորը հանձնեց ուսխորհրդարանի անդամ Անի Ռափյանին (ընդհանուր բժշկության ֆակուլտետ):

ԵՊԲՀ ուսանողությունն իր հերթին ընտրել էր տարվա լավագույն դասախոսներին և ամբիոններին: Ըստ այդմ, գերազանցության վկայականներ հանձնվեցին Արտեմ Գրիգորյանին, Կարինե Բարոյանին, Ռզգան Շամոյանին: Լավագույնը ճանաչվեցին ախտաֆիզիոլոգիայի, ֆիզիոլոգիայի և նորմալ անատոմիայի ամբիոնները, իսկ կենսաքիմիայի ամբիոնը համարվեց կիսամյակի ընթացքում «ամենաարդյունավետ» աշխատածը:

Պարգևատրվեցին նաև վոլեյբոլի ներբուհական առաջնության հաղթող առաջին 3 թիմերի ղեկավարներն ու այս ուսումնական տարում լավագույնը ճանաչված մարզիկը:

Հանդիսությամբ շեշտվեց, որ ԵՊԲՀ թիմը ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված բասկետբոլի բուհական առաջնությունում գրավել է առաջին տեղը:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Դ. Դումանյանը գոհունակությամբ նշեց, որ հերթական անգամ մեծ բավականություն ստացավ ուսանողական տոնահանդեսից։

«Ելույթ ունեցած շնորհաշատ մեր ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլև լավ երգիչներ ու դերասաններ: Ես միայն հպարտ եմ, որ ավարտել և այժմ աշխատում եմ բժշկական համալսարանում»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը:

«Ոսկե աշուն-2011»-ի կազմակերպմանն աջակցել են Համահայկական երիտասարդական հիմնադրամն ու համալսարանի ղեկավարությունը:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook