Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարգևատրվեցին ռազմական բժիշկները

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը ռազմական բժշկի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշվում է. «Ռազմաբժշկական ֆակուլտետի հարգարժան դասախոսներ, ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ ռազմական բժշկի օրվա կապակցությամբ:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արդեն 19 տարի է, ինչ ռազմական բժիշկներ է պատրաստում։ 1994-ին հիմնադրված ռազմաբժշկական ֆակուլտետը պատվով է կատարում իր առաքելությունը հայրենիքի պաշտպանության գործում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրելով ռազմական որակյալ բժիշկներով:

Ֆակուլտետն արդեն շուրջ 430 շրջանավարտ է տվել: Նրանք են շարունակում ռազմական այն բժիշկների փառավոր ավանդույթները, ովքեր իրենց լուրջ ներդրումն են ունեցել մեր ժողովրդի ու նորանկախ երկրի պատմության տարբեր ժամանակահատվածներում:

Վստահ եմ, որ մեր երկրի պատմության մեջ ոսկե տառերով կգրվեն այն նվիրյալների անունները, ովքեր նախաձեռնել են և շարունակում են իրենց նպաստը ներդնել հայ զինվորի առողջության մասին հոգ տանող ռազմական գրագետ բժիշկներ պատրաստելու գործում:

Մեր շրջանավարտները պատվով են կատարում հայկական առողջ բանակ ունենալու իրենց պարտքը, և դա առաջին հերթին ֆակուլտետի դասախոսական անձնակազմի նվիրումի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։ Նրանցից մի քանիսն այսօր արժանանում են ռազմաբժշկական ֆակուլտետի «Ոսկե մեդալին»: Ընդունեք պարգևը որպես ձեր անմնացորդ նվիրումի գնահատական:

Մաղթում եմ ձեզ խաղաղություն և քաջառողջություն»:

ԵՊԲՀ ռեկտորն այսօր համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Ոսկե մեդալ» շնորհեց Արցախյան ազատամարտի տարիներին բուժօգնության ցուցաբերման և ՀՀ զինված ուժերում բուժծառայության կազմակերպման գործում մեծ ավանդ ունեցող մի շարք համալսարանականների: Նրանց թվում են` «Սասունցի Դավիթ» ջոկատի բժիշկներից` ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության դատաբժշկական ծառայությունների հետ երկար տարիներ համագործակցած, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Բիշարյանը, վիրավորների բուժման համար խոշոր կենտրոն կազմակերպած, շտապօգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ Արա Մինասյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը, ՀՀ զինված ուժերում բուժապահովման կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցած, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը:

«Ոսկե մեդալի» արժանացան նաև բժշկական ռեաբիլիտոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ Բենիկ Հարությունյանը, աղետների բժշկության ամբիոնի վարիչ Արմեն Աթաբեկյանը, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանը, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, վիրաբուժության թիվ 3 ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ուզանկիչյանը, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Արամյանը և անեսթեզիոլոգիայի ծառայության պատասխանատու Վալերի Կոստանյանը:

«19 տարի առաջ Առողջապահության նախարար Արա Բաբլոյանի հրամանով այն ժամանակ մայոր, այժմ` ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկ­տոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, գործուղվեց Սանկտ Պետերբուրգ` ռազմաբժշկական ակադեմիայի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Վերադարձավ ուսումնական ծրագրերով։

Այն ծանր տարիներին, երբ պատերազմ էր, դեռ կրթական ու առողջապահական համակարգերն ուշքի չէին եկել, մենք սկսեցինք ռազմական բժիշկներ պատրաստել։

Այսօր «Ոսկե մեդալով» պարգևատրվողներդ կանգնած եք եղել ֆակուլտետի ստեղծման ակունքներում և բոլորդ մեծ ավանդ ունեք ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ սահմանամերձ շրջանների պաշտպանական գործողությունների ժամանակ վիրավորների բուժման գործում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Հանդիպման ընթացքում շատ հուշեր արթնացան։ Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Աթաբեկյանը, Արտավազդ Սահակյանը, Գագիկ Սայադյանը և մյուսները պատերազմի տարիներից մանրամասներ վերհիշեցին։ Մեկը մյուսին լրացնելով պատմում էին։ Երբ պատերազմը նոր էր սկսվել դաշտային և ժամանակավոր հոսպիտալներ ստեղծեցին։ Բոլոր սահմանամերձ շրջաններում պահեստային հոսպիտալներ էին կազմակերպվել։ Մտաբերում էին, թե ինչպես էին վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերում, ով երբ և ինչպես կրակահերթի տակ հայտնվեց և այլն։

«Տարիներ են անցել, շատ բան մոռացվել է։ Բայց այն օրերի շատ զգացողություններ երբեք չեն մոռացվի։ Երբ նախարարի առաջին տեղակալ Դերենիկ Դումանյանը հերթական անգամ Արցախ կամ սահմանամերձ շրջան էր գնում, երբ Արտավազդ Սահակյանն առավոտյան ուղղաթիռով մեկնում էր, երեկոյան` վիրավորների հետ վերադառնում կամ ամիսներով մնում էր այնտեղ, Աթաբեկյանը, որ ամեն օր վիրավորների ցուցակն էր բերում, ու մենք փորձում էինք օպերատիվ ձևով բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն կազմակերպել ի՜նչ լարվածություն, ի՜նչ ապրումներ էինք ունենում...։ Փառք ու պատիվ բոլորին։

Ճիշտ է, զոհեր ունեցանք, բայց նրանց թիվը շատ ավելին կլիներ, եթե բժշկական նման օգնություն չկազմակերպվեր»,-ասաց ՀՀ ԱԺ-ի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

«Ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծումը մեր անկախ հանրապետության բարձրագույն, հիմնավոր արժեքներից է։ Դա մեր հպարտությունն է։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նոր լիցքեր հաղորդել ռազմական բժիշկների պատրաստման գործին»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը։
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook