Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Կայացավ ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստը

30.09.2011
ԵՊԲՀ գիտական խորհրդի երեք ամիս առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ բժշկական համալսարանի նորընտիր ռեկտոր, պրո‎ֆեսոր Դերենիկ Դումանյանը ներկայացրել էր համալսարանի զարգացման և բարեփոխումների ծրագրային այն մոտեցումները, որոնք արմատական փոփոխություններ էին նախատեսում:

«Այն ժամանակ ես նաև խոստացել էի, որ մինչև օգոստոսի վերջը կհասցնենք ձևավորել առավել արդյունավետ աշխատող կառուցվածք ու աշխատակազմ։ Հիմա կազմակերպչական փուլն արդեն ավարտվել է և եկել է գործնական աշխատանքի ժամանակը։ Իսկ անելիքները շատ են»,-բացելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի սեպտեմբերի 28-ին կայացած նիստը, ասաց ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը։

Ռեկտորը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց նորանշանակ պրոռեկտորներին` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Նարիմանյանին, հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Մհեր Բիշարյանին, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանին, ինչպես նաև աշտակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, ով միաժամանակ համակարգում է համալսարանական կլինիկաների գործունեությունը։

Նշվեց, որ ընդհանուր բժշկության ֆակուլտետի (դեկան` Նունե Շահվերդյան) կազմում գործում է 29 ամբիոն, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետում (դեկան` Արմեն Համբարձումյան)` 31, ստոմատոլոգիական ֆակուլտետում` (դեկան` Լազար Եսայան)` 13, դեղագիտաիտական ֆակուլտետում (դեկան`Բագրատ Ենոքյան)` 14, հանրային առողջության նորաստեղծ ֆակուլտետում` (դեկան` Մարինե Հովհաննիսյան)` 14, ռազմաբժշկական ֆակուլտետում` (դեկան` Սամվել Գալստյան)` 7 ամբիոն։ Համալսարանում գործում է նաև օտարերկյա ուսանողների ֆակուլտետը (դեկան` Աննա Սարգսյան)։

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս պետական բժշկական համալսարանին միացվեց Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը։ Արդյունքում համալսարանի հարկի տակ բժշկագիտական և կրթական ոլորտի լուրջ հզորություն ամփոփվեց։ Բժշկական համալսարանում գործող 70 և ԱԱԻ-ում գործող 60 ամբիոնները, սակայն զուտ մեխանիկորեն չմիավորվեցին։ Այժմ համալսարանում ընդհանուր առմամբ գործում է 108 ամբիոն։ Նոր ամբիոններ են ստեղծվել հիմնականում բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։

Ռեկտորն այնուհետև ներկայացրեց գիտական խորհրդի 80 անդամների ընտրության չափորոշիչներին, որոնք բխում են գիտական խորհրդի գործող կանոնակարգից։ Նոր ձևավորված ԳԽ-ի գիտական քարտուղարը պրոֆեսոր Տաթևիկ Ավագյանն է, 41 անդամները բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ են, 19-ը` գիտության թեկնածուներ, 20-ն առաջադրվել է ուսանողական խորհրդարանի կողմից։ Ընդ որում, յուրաքանչյուր տարի խորհրդի կազմի մինչև 10 տոկոսի ռոտացիա է լինելու։ Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ դրա համար հիմք կարող են հանդիսանալ նաև սուբյեկտիվ պատճառները` նիստերից անհարգելի բացակայությունները, պարտականությունները պատշաճ չկատարելը։

Որոշվեց գիտխորհրդի նիստերը գումարել յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը, ժամը 15-ին։ Նիստերի օրակարգը ԳԽ-ի անդամներին կներկայացվի առնվազն 3 օր առաջ։ Խորհուրդը կքննարկի համալսարանի կյանքին վերաբերող ամենատարբեր հարցեր` գիտական, ուսումնական, ծրագրային, տնտեսական, ֆինանսական, կազմակերպչական և այլն։ Կանցկացվեն նաև ամբիոնների վարիչների, պրոֆեսորների ընտրություններ։

Գիտխորհուրդը հավանություն տվեց ֆակուլտետային խորհուրդների կազմավորման ընթացակարգին։ Ընդհանուր բժշկության ֆակուլտետում նախատեսվել է ձևավորվել 51 հոգանոց խորհուրդ, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետում` 55, ստոմատոլոգիականում և դեղագիտաիտականում`29-ական , հանրային առողջության ֆակուլտետում` 27, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետում`19։

Խորհուրդն այնուհետև հաստատեց ցիկլային 10 հանձնաժողովների կազմը։ Դրանք են`

  • հումանիտար առարկաների (նախագահ՝ Սուքիասյան Հ. Վ., հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
  • բժշկակենսաբանական (նախագահ՝ Նավասարդյան Գ. Ա., ախտա‎իզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր),
  • կանխարգելիչ բժշկության (նախագահ՝ Հովհաննիսյան Հ. Ս., համաճարակաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
  • ներքին հիվանդությունների (նախա‎գահ՝ Մանվելյան Հ. Մ., նյարդաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
  • վիրաբուժական հիվանդությունների (նախագահ՝ Ստեփանյան Ս. Ա., վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պաշտոնակատար),
  • մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի (նախագահ՝ Ամալյան Գ. Գ., մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ),
  • ռազմաբժշկական առարկաների (նախագահ՝ Խաչատրյան Ա. Ա., արտակարգ իրավիճակների ցիկլի պետ),
  • ստոմատոլոգիական առարկաների (նախագահ՝ Պետրոսյան Մ. Ս., օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
  • դեղագիտական առարկաների (նախագահ՝ Բալասանյան Մ. Գ.‎, ֆ‎արմացիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
  • օտարերկրացի ուսանողների (նախագահ՝ Հովհաննիսյան Մ. Ս., բժշկական մանրէաբանության ամբիոնի դոցենտ):

Համալսարանում այսուհետ կգործի մասնագիտական 6 խորհուրդ։ Մինչ այս ԵՊԲՀ-ում գործում էր 4, իսկ ԱԱԻ-ում` 3 մասնագիտական խորհուրդ։ Մի քանի ամիս առաջ Բոհի նախագահի հրամանով ուռուցքաբանության և ճառագայթաբանության խորհուրդը միավորվեց թերապևտիկ հիվանդությունների խորհրդին։

Ի դեպ, բոլոր խորհուրդների գործունեության ժամկետն ավարտվում է տարեվերջին։ Ռեկտոր Դերենիկ Դումանյանի առաջարկով գիտական խորհուրդն անդրադարձավ դեկտեմբերին դրանց ձևավորման և թարմացման կարգին:

Այնուհետև վերջին շրջանում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություններով հանդես եկան պրոռեկտորները:

ԵՊԲՀ ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանը գիտխորհրդին ներկայացրեց 2011-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի ուսումնական տարեվերջ ֆինանսավարչական գործունեության հնարավոր զարգացումները, ինչպես նաև համալսարանի ծախսերի կրճատմանը միտված արդեն իսկ սկսված միջոցառումները։

Այս առթիվ իր մոտեցումներն արտահայտեց նաև ռեկտորը։

«Ելքը տեսնում եմ ընդունելության աճի և հզորությունների ավելացման մեջ: Մենք արտասահմանից ավելի շատ ուսանող բերելու չսպառված լուրջ ռեսուրսներ ունենք։ Դրան են ծառայեցվելու նաև դեռևս շարունակվող կառուցվածքային և ծրագրային այն բոլոր բարեփոխումները, որոնց արդյունքում մենք կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթահամակարգ և միջազգային պահանջները բավարարող կադրեր կպատրաստենք:

Միաժամանակ ես հաստատակամ եմ այն հարցում, որ հանուն ֆինանսական մուտքերի մենք վատ սովորող ուսանողին չպետք է հանդուրժենք։ Այդ եկամուտներն ավելի շատ վնաս կբերեն մեզ, քանի որ մեծապես հարվածի տակ կդնեն մեր համալսարանի վարկը: Վատ սովորող և վատ վարքագիծ դրսևորող ուսանողը մենք չպետք է ունենանք:

Կրթական բարձր մակարդակի ապահովումը մեր համալսարանի և նրա աշխատակիցների պատվի գործն է։ Հատկապես այս շրջանում, երբ նոր ամբիոններ ենք ստեղծել` նրանց առջև նոր խնդիրներ դնելով, թե՛ բակալավրիատի և մագիստրատուրայի, թե՛ հետդիպլոմային կրթության մակարդակով մենք պետք է հասցնենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրեր հաստատել։

Հաջորդ աղբյուրը, որից ‎ֆինանսների ավելացում եմ ակնկալում, համալսարանական մեր կլինիկաներն են՝ տեխնիկապես լավ զինված և հմուտ մասնագետներով ապահովված։ Ինչպիսին «Մուրացան» կլինիկական հիվանդանոցն է: Այսօր, վերակազմավորված այս հիվանդանոցում ազատ մահճակալ չկա, ինչը հետևողական մեր աշխատանքի լավագույն արդյունքն է: Այս հիվանդանոցն այժմ բացառապես մանկական մասնագիտացում ունի, միաժամանակ մեր ուսանողների համար ուսումնական հրաշալի բազա է ։

Մենք պետք է նախանձախնդիր և հետևողական լինենք մեր կլինիկաների վիճակն անըդհատ բարելավելու գործում:

Կցանկանայի կարևորել նաև դասախոսների` հատկապես երիտասարդ մասնագետների, վերապատրաստման կարևորագույն խնդիրը։ Վստահաբար այս ուղղությամբ ևս մենք գործնական, արդյունավետ քայլեր կիրականացնենք:

Ինչ վերաբերում է ֆինանսական դժվարություններին, ապա ես լավատես եմ և համոզված եմ, որ եկող ուսումնական տարվա ավարտին մենք կկարողանանք մարել պարտքերը և բարելավել վիճակը»,-ասաց Դերենիկ Դումանյանը:

Ռեկտորը գիտխորհրդի ուշադրությունը հրավիրեց կարևոր ևս մեկ այլ խնդրի վրա։

«Այնպես է ստացվել, որ առանց հաշվի առնելու երկրի պահանջարկը, հարյուրավոր մասնագետներ ենք պատրաստում: Բայց մենք չպետք է գայթակղվենք ակնկալվող վարձավճարներով և պահանջվածից ավելի կլինօրդինատորներ ընդունենք:

Մենք կարող ենք ինքներս ուսումնասիրել պահանջարկը և ներկայացնել նախարարության քննարկմանը»,-ասաց Դերենիկ Դումանյանը:

 

Find us on Facebook