Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նոր պարգև` ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանին

23.09.2011
20 տարի առաջ մենք ազգովի արտահայտեցինք մեր կամքն ու հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն հռչակեցինք։ Համազգային զարթոնքի ու անափ ոգևորության այն շրջանում գուցե ամենաառաջին շարքերում գտնվողներն անգամ հստակ չէին պատկերացնում, թե որքան դժվարություններ պիտի հաղթահարենք դարեր շարունակ տենչացած ազատությունն ու անկախությունն իրացնելու համար։

Անկախության 20-ամյակին նվիրված թե՛ ռազմական շքերթը, որ մեր պետության ու ժողովրդի ուժի ու պաշտպանվածության առհավատչյան էր, թե՛ բազում տոնական միջոցառումները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պատվախնդիր քաղաքացու մոտ միայն հպարտության զգացում էր առաջացնում։ Ամենահոռետեսներն անգամ չեն կարող չընդունել, որ վաղուց այդպիսի իրոք համազգային տոն մենք չէինք ունեցել։ Հենց նման համախմվածությունն է բարձրացնում ազգային ոգին, առանց որի անհնար է մեծ հաղթանակներ տանել։

Այդ համախմբվածությունն ու այդ ոգին չլիներ` Արցախի անհավասար պատերազմը հաղթանակով չէր պսակվի, պատերազմի պարտադրած դժվարությունները չէինք դիմակայի։

Մարդկային մի տեսակ կա, որին բնորոշ է նվիրումը` բոլոր ժամանակներում ու ցանկացած պոստում։ Հենց նրանց ջանքերով են այս պետության կառույցներն ստեղծվում ու գործում, պետականության անիվն առաջ մղվում։

Անկախության 20-ամյակը նաև նվիրյալների ներդրումը գնահատելու հրաշալի առիթ էր։ Եւ ամենևին պատահական չէր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սեպտեմբերի 22-ի հրամանով ԵՊԲՀ-ի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Հրանտի Դումանյանը «Որպես ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Արցախյան ազատամարտի տարիներին վիրավոր մարտիկների բուժօգնությունը կազմակերպելու, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը հիմնելու, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման և զարգացման գործում մեծ ավանդ ներդնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ» պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

 

Find us on Facebook