Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քննարկվեցին համագործակցության ծրագրեր

20.09.2011
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արաբական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրիին։

Ռեկտորն իր հյուրին շնորհավորեց Հայաստանի Հանրապետությունում դեսպանի առաքելությունը երկրորդ անգամ ստանձնելու առիթով և արդյունավետ համագործակցության հույս հայտնեց։

Մամուն Հարիրին ընդգծեց, թե չափազանց բարձր է գնահատում կրթությունն ու այդ ոլորտի աշխատողներին և բնավ պատահական չէ, որ ՀՀ-ում պաշտոնական իր առաջին հանդիպումներից մեկը բժշկական համալսարանի ռեկտորի հետ է։

«Ձեր համալսարանն ավարտած սիրիացիները վերադառնում և ծառայում են հայրենիքին։ Նրանք ջերմությամբ են հիշում Հայաստանը, իրենց պրոֆեսոր-դասախոսներին։ Ես գիտեմ, որ այժմ էլ մեծաթիվ ուսանողներ ունեք թե՛ Սիրիայից, թե՛ այլ երկրներից։

Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի ավելի ակտիվանան մեր երկրների միջև փոխհարաբերությունները մշակույթի, կրթության և գիտության ոլորտում, կձգտեմ, որ կնքված պայմանագրի շրջանակներում հայ ուսանողներ մեկնեն Սիրիա` արաբերեն սովորելու և այլ մասնագիտություններ ստանալու համար»,-ասաց նա։

Դերենիկ Դումանյանն իր հյուրի ուշադրությունը հրավիրեց ԵՊԲՀ-ի և Սիրիայի որևէ բժշկական համալսարանի, համանման կլինիկաների միջև կոնկրետ և արդյունավետ կապեր ստեղծելու վրա` ուսանողների, դասախոսների փոխանակում, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, հեռուստաբժշկության միջոցով հիվանդների կոնսուլտացիաների կազմակերպում և այլն։

«Մենք մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ ունենք։ Սկսել են նաև Եվրոպայից և ԱՄՆ-ից ուսանողներ գալ։ Իհարկե, մենք ուրախ ենք դրսից շատ ուսանողներ ունենալու համար։ Որովհետև կրթություն արտահանելն իր մեջ նաև ազգային մշակույթի, սովորույթների ու լեզվի արտահանում է ներառում: Ես հակված եմ այն կարծիքին, որ կրթության ոլորտում համագործակցությունն ավելի շատ կարող է նպաստել երկրների միջև ջերմ հարաբերությունների ստեղծմանը»,-ասաց ռեկտորը։

Մամուն Հարիրին վստահեցրեց, որ լուրջ աշխատանք կկատարի ռեկտորի կողմից առաջարկված ծրագրերը կյանքի կոչելու համար։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook