Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի անդամներին

Համաձայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակի պաշոնական հաղորդագրության, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) անդամներին, ովքեր Հայաստանում են գտնվում Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել և կարևորել է համագումարի անցկացումը, որի նպատակը Հայաստանի և աշխարհասփյուռ հայ բժիշկների կապն ու համագործակցությունը զարգացնելն է, առողջապահության ժամանակակից փորձի փոխանակումը, գիտական նվաճումներին ծանոթանալը, ինչպես նաև գործնական բժշկության ու բժշկական կրթության կարևորագույն հարցերի քննարկումը:

Այդ ամենը ծառայում է մայր հայրենիքում և Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն ու բժշկական օգնության որակի բարելավմանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի ղեկավարությանը` վերջին քսան տարիների ընթացքում այդ նպատակին հասնելու ուղղությամբ ներդրած ջանքերի, կատարված աշխատանքի համար:

Հանրապետության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում աշխարհասփյուռ հայության մասնագիտական հնարավորությունների միավորումը:

 

Find us on Facebook