Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ավարտական հանդիսություն

08.07.2011

Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ավարտական հանդիսությունն էր։

Ողջույնի խոսք հղելով 2011 թվականի շրջանավարտներին՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց.

«Սիրելի շրջանավարտներ, հարգարժան հյուրեր,

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների համար այս օրը նշանավորվում է նրանց երդմամբ։

Դուք հրաշալի գիտեք, որ բժիշկը հազվադեպ այն մասնագետներից մեկն է, ով իր գործունեությունն սկսելուց առաջ երդվում է։ Բժշկի երդման բովանդակությունն արդեն իսկ վկայում է, որ դուք ընտրել եք չափազանց մեծ պատասխանատվություն և նվիրում պահանջող մասնագիտություն։ Ձեր երդմամբ դուք ստանձնում եք աստվածահաճո մի առաքելություն, որ ողջ կյանքում պիտի իրականացնեք ոչ միայն ստացած գիտելիքներով, այլև գթասրտությամբ ու կարեկցանքով։

Երբեք չմոռանաք, որ բժիշկը գործ ունի ոչ միայն մարդու առողջության, այլև նրա կյանքի հետ։

Հրաժեշտից առաջ ձեզ եմ հղում պրոֆեսորադասախոսական ողջ անձանակազմի բարեմաղթանքները։ Ընդմիշտ հավատարիմ մնացեք ձեր երդմանը։ Որտեղ էլ լինեք` բարձր պահեք մայր կրթօջախի անունն ու վարկը։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր ավելի քան 90-ամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել երկրի բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Այսօր էլ իր ծանրակշիռ նպաստն է բերում նորանկախ Հայաստանի Հանրապետության առողջապահության նորացվող համակարգի կայացմանը։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հարգել է գիտելիքն ու կրթությունը, եղել է դրա կրողն ու տարածողը, կիրառողն ու արժևորողը։ Իսկ բժշկությունը դարեր շարունակ եղել է ամենահարգված մասնագիտությունը։

Դուք այն սերունդն եք, որ կյանք եք մտնում երրորդ հազարամյակում, երբ առանց այն էլ չափազանց արագ զարգացող բժշկագիտությունը նոր մարտահրավերների առաջ է կանգնում։ Այս ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման մեծ տեմպերն իրենց հետ բուժման նորագույն մեթոդներ ու նոր մոտեցումներ են բերում։ Դուք պետք է կարողանաք այնպես աշխատել, որ ետ չմնաք ժամանակի պահանջներից, ու նաև այնպես աշխատեք, որ բարձր տեխնոլոգիաների 21-րդ դարում չնսեմանա ակնածանքը բժշկի հանդեպ։

Համոզված եմ, որ դրանում ձեզ կօգնեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձեռք բերած հիմնավոր գիտելիքները։ Ոչ միայն մեր երկրում ճանաչում և հրաշալի ավանդույթներ ունեցող մեր բժշկականը հզոր է իր պրոֆեսորադասախոսական կազմով, բուժական և գիտական ներուժով, ինչպես նաև` իր շրջանավարտներով։ Սակայն, որպեսզի հաջողությունը մշտապես ձեր ուղեկիցը լինի, անընդհատ պիտի հարստացնեք համալսարանական ձեր գիտելիքները, մշտապես հետևեք բժշկագիտության նորություններին ու հնարավորինս կիրառեք դրանք։ Առանց դրա, առանց կամքի ու նվիրումի անհնար է պատկերացնել բժշկի ուղին։

Մաղթում եմ, որ վստահորեն մուտք գործեք ձեր կյանքի նոր փուլը։ Եվ որ ամենակարևորն է` չմոռանաք մի՛ վնասիր, պատգամը։

Բարձր որակավորում ունեցող մասնագետը գնահատվում է ցանկացած հասարակությունում։ Որպես համալսարանի շրջանավարտ և ռեկտոր` ես հպարտ եմ, որ մեր շատ շրջանավարտներ այսօր ճանաչված մասնագետներ են նաև աշխարհի տարբեր երկրներում։ Այսօր այս հանդիսությանը մասնակցում են սփյուռքահայ շատ բժիշկներ, ովքեր Երևանում են գտնվում Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցելու նպատակով։ Նրացից շատերը ժամանակին մեր համալսարանում են կրթություն ստացել, և կարծես թե մեր կրթօջախի դեսպաններն են հանդիսանում արտերկրներում, ուստի նրանց միջոցով ավելի ճանաչելի է դառնում մեր համալսարանը։

Սիրելի շրջանավարտներ,

դուք հասակ եք առել նորանկախ մեր հանրապետության հետ։ Գուցե ինչ-որ չափով նաև զգացել եք դժվարին տարիների ծանրությունը։ Ինչպես ցանկացած ամեն բան, այնպես էլ դժվարություններով ձեռք բերված ու կառուցված երկիրն առավել թանկ է ու սիրելի։ Ես համոզված եմ, որ վաստակաշատ բժշկագետների նվիրումի շնորհիվ այսօր մենք ոչ միայն բանիմաց մասնագետների նոր սերունդ ենք պատրաստել, այլև իսկական հայրենասերներ։

Կարծում եմ, ձեզ համար ոգեշնչման լավագույն աղբյուր է նաև Արցախյան գոյամարտի տարիներին մեծաթիվ բժիշկների հայրենասիրական պահվածքը։ Նրանք պատվով հանդես եկան թե՛ որպես բժշկ, թե՛ որպես ռազմիկ։

Սիրելի շրջանավարտներ,

Անկախ Հայաստանի ընդգծուն ձեռքբերումներից մեկն առողջապահության ոլորտի առաջընթացն է։ Խորհրդային Միության փլուզումից հետո եթե տնտեսության որոշ ճյուղեր օբյեկտիվ պատճառներով հետընթաց ապրեցին, ապա առողջապահության համակարգը որոշակի զարգացում արձանագրեց։ Մեր սերունդը լավ է հիշում, թե խորհրդային տարիներին մեր մասնագետներն ինչ սարքավորումներով էին աշխատում։ Դժվար էր անգամ արտասահմանյան ժամանակակից դեղերի ձեռքբերումը։ Մինչդեռ անկախ Հայաստանն այսօր տարածաշրջանում բժշկական եզակի կենտրոններ ունենալու հաջողված փորձեր է անում։

Ես մեծ հույսեր ունեմ, որ այդ ամենում դուք լուրջ դերակատարում կունենաք։

Վստահ եմ, համալսարանում ուսումնառության տարիներին դուք նաև հասունացել ու իմաստնացել եք, և սպիտակ խալաթն այլև ձեզ համար զուտ ռոմանտիկ մղում չէ։ Դուք հաջողության հասնելու անհրաժեշտ բաղկացուցիչներն ունեք` որակյալ կրթություն, մտավոր ներուժ, և որ ամենից կարևորն է` անկախ երկրի ընձեռած ազատ մտածողություն ու հնարավորություններ։

Մաղթում եմ, որ որպես անմենամարդկային, ամենագթառատ մասնագիտության տեր` լինեք նաև մարդկային վեհ ու առաքինի արժեքների կրողը։

Ուրեմն` բարի երթ դեպի ձեր երազած իրականություն»։

Հիպոկրատի երդումը կարդաց ԵՊԲՀ-ի «Մեդիկուս» ուսանողական ամսաթերթի գլխավոր խմբագիր Աննա Գաբրիելյանը, ում դահլիճից ձայնակցում էին բոլոր շրջանավարտները։

Այնուհետև համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը կարմիր դիպլոմներ հանձնեց գերազանց առաջադիմությամբ 17 շրջանավարտներին։

Շրջանավարտներին ողջույնի խոսք ասաց նաև ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը։

Ավարտական հանդիսությանը ելույթներ ունեցան ճանաչված կատարողներ Անդրեն, Ալլա Լևոնյանը, «Բարեկամություն» պարային և «Արևներ» մանկական համույթները։

Հանդիսատեսին` նրանց թվում և Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի սփյուռքահայ շատ մասնակիցներին մեծ բավականություն պատճառեցին նաև Համալսարանի ուսանողների` Անի Մալխասյանի, Դավիդ Վարդանովի և Կարինե Աբրահամյանի կատարումները։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook