Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկեց Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը

07.07.2011

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը,

որի բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ԼՂՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հացերով մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով մասնակիցներին, համագումարի նախագահ Դերենիկ Դումանյանն ասաց.

«Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը հիրավի պատմական է, քանզի այն տեղի է ունենում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում։ Հանգամանք, որ ոչ միայն բոլորիս առանձնակի լիցքեր է հաղորդում ու ոգեշնչում, այլև պարտավորեցնում է առավել արդյունավետ աշխատել ի բարօրություն դարեր շարունակ երազած անկախ հայրենիքի։

Հեշտ չի եղել անկախության ու երկիր կառուցելու ճանապարհը։ Հայաստանի Հանրապետության այդ 20 տարիների ընթացքում պետականության շինարարությանը զուգընթաց նոր պահանջներին համապատասխան կայացել է նաև առողջապահական համակարգը։ Դրանում իրենց անուրանալի ներդրումն ունեն բազահազարանոց մեր բժիշկներն ու բուժաշխատողները։

Հարգելի գործընկերներ,

Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Հայաստանի 3-րդ միջազգային համագումարի աշխատանքները սկսելու կապակցությամբ։

Ինչպես գիտեք, Հայաստանում միջազգային բժշկական համագումարները տեղի են ունենում 2003-թվականից սկսած` չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր նպատակին ծառայող կարևոր այդ հավաքները սփյուռքի մեր գործընկերների հետ հաջողվում է կազմակերպել երկու տարին մեկ անգամ՝ մայր հայրենիքում՝ Հայաստանի միջազգային բժշկական համագումարի և սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի ձևաչափերով։

Պետք է ասել, որ սփյուռքահայ բժիշկների միջազգային համաժողովները մեկնարկել են դեռ 1967 թվականից, չորս տարին մեկ՝ նպատակ ունենալով շարունակաբար զարգացնել աշխարհասփյուռ հայ բժշկների համագործակցությունը, փոխանակել գոյություն ունեցող ժամանակակից նորամուծությունները և գիտական նվաճումները ։

Իսկ 32 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի՝ AMIC-ի նպատակն էր աջակցել, բարելավել բուժօգնության մակարդակը հայրենիքում։

Տարիների ընթացքում AMIC-ն աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակ դարձավ։ Այն իր տարբեր կառույցներով որոշակի նպաստ է բերում Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի առանձին ոլորտների ու բուժհիմնարկների զարգացմանը, բժիշկների վերապատրաստմանը։

Հարգելի գործընկերներ,

Հերթական երրորդ համագումարի աշխատանքներին մասնակցում են շուրջ 600 բժիշկներ, նրանցից 250-ը՝ արտասահմանից: Առաջին անգամ մեր համագումարին մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրակարգ բժիշկների պատվիրակությունը։

Այս անգամ մեր շարքերն ավելի շատ երիտասարդ բժիշկներ են համալրել։ Համագումարի կազմկոմիտեն նպատակադրվել է ավանդաբար շարունակվող այս համագումարին թարմ շունչ ու միտք, ինչպես նաև առաջիկայում սերնդափոխություն ապահովել շնորհալի երիտասարդ բժիշկների մասնակցությամբ։

Ձեզ ներկայացված ծրագրից դուք արդեն իսկ տեղեկացել եք, որ Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի օրակարգը բավական հագեցած է։ Այս երեք օրերին բժշկագիտության կարևոր հարցերին նվիրված լիագումար 8 նիստերից բացի, յուրաքանչյուր օր 15 սեկցիոն նիստերում կներկայացվեն առողջապահության տարբեր ոլորտներ ընդգրկող 179 գիտական զեկույցներ, իսկ տպագրված աշխատանքների թիվը գերազանցում է 500-ը:

Սաթելիտային սիմպոզիումներն այս անգամ կհամախմբեն աշխարհի տարբեր երկրների ավելի քան 500 մասնագետների, տարբեր թեմաներով բազմաթիվ զեկուցումներ կհեռարձակվեն:

Այս համաժողովին մասնակցող Հայաստանի և սփյուռքի ճանաչված մասնագետները կներկայացնեն բժշկության ոլորտի ժամանակակից ձեռքբերումները, իրենց կողմից գործնական կիրառություն ստացած բուժման նորագույն մեթոդներն ու եղանակները:

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի այսքան հզոր ներուժը նպատակաուղղել Հայաստանի ու Արցախի առողջապահության և կրթական համակարգերի ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը։ Կարծում եմ, բոլորիս համար երևանյան հանդիպումները նաև բարեկամական մեր կապերն ավելի ամրացնելու և ջերմացնելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու հրաշալի առիթ կդառնան:

Թույլ տվեք ևս մեկ անգամ համագումարի կազմկոմիտեի կողմից ողջունել բոլորիդ և մաղթել ստեղծագործ աշխատանք»։

Համագումարին իր օրհնությունն ու շնորհավորանքն էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ-ն, որն ընթերցեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

AMIC-ի նախագահ Ավետիս Պողոսյանը շեշտեց, որ անկախացումից ի վեր Հայաստանում և Արցախում առողջապահական ոլորտը նշանակալիորեն բարելավվել է, սակայն դեռևս անելիքներ շատ կան։

«Վստահ եմ, թե Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարը պիտի հաջողի իր նպատակներն իրագործել և կկարողանա էլ ավելի հաստատուն գործակցություն իրականացնել Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև»,-ասաց պարոն Պողոսյանը։

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին: Այս համագումարը յուրահատուկ նշականություն ունի ոչ միայն այն պատճառով, որ այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, այլ նաև այն պատճառով, որ ամբողջությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի գերակայություններին և այն խնդիրներին, որ մեր առջև դնում ենք։

Ձեզ համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ, առաջին անգամ մեր պատմության մեջ, ստեղծվեց Սփյուռքի նախարարություն: Այդ նախարարության ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 21-րդ դարում, աշխարհը դառնալով օր-օրի ավելի փոքր, պարտադրում է առավել արդյունավետ կառույցներ ձևավորել, որոնք հնարավորություն կտան համախմբել հայության ողջ ներուժը և այդ տեսակետից այս համագումարն առաջին հերթին մենք դիտարկում ենք որպես հայության ինտելեկտուալ կարողությունների համախմբում:

Համոզված եմ, որ համահայկական նման ժողովներն ու համագումարներն ունեն մեծ ապագա: Մեզ համար երկրորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ առողջապահությունը գլոբալացվող բացառիկ ոլորտներից մեկն է, որտեղ համաշխարհային համագործակցությունը խիստ անհրաժեշտ է: Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թափով են իրականացվում ինտեգրացիոն գործընթացներն առողջապահության ոլորտում. ստանդարտների ներդրումը, նոր հայտնագործությունների տարածումը:

Այդ տեսակետից, համոզված ենք, որ այս համագումարը մեզ հնարավորություն է տալու այն բազմաթիվ թեմաների շրջանակներում, որոնք քննարկելու եք, բացահայտել բոլոր նորամուծությունները և այդ գիտելիքները ծառայեցնել հայ ժողովրդին:

Համագումարի օրակարգը բազմազան է. սկսած առողջապահության կազմակերպումից մինչև նեղ մասնագիտական խնդիրներ: Դա վկայում է այն մասին, որ հայ բժիշկները և առողջապահության մասնագետներն այսօր թափանցել են առողջապահական համակարգի բոլոր ոլորտները: Այդ առումով այս ինտելեկտուալ կարողությունները մենք պարտավոր ենք ծառայեցնել նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առողջապահության ոլորտում ձեռնամուխ է եղել համարձակ բարեփոխումների:

Այդ բարեփոխումներն իրականացնելիս՝ արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Հիշատակենք անվճար ծննդաբերական օգնության համակարգի ներդրումը, որը մեր բնակչության աջակցությանն է արժանացել և ստացել է բարձր գնահատական: Դրա մասին են վկայում մեր բոլոր հարցումները: Այդ բնագավառում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, քանի որ ապահովում ենք ոչ միայն անվճար ծննդօգնություն, այլ նաև բարձր որակի սպասարկում: Հիշատակենք մինչև յոթ տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը, որը նույնպես հնարավորություն է տալիս լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ առողջապահական համակարգի առջև ծառացած լուրջ խնդիրներ:

Շտապ օգնության բնագավառում ներդրվում է նոր համակարգ, տեղի է ունենում տեխնիկական միջոցների արդիականացում:

Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ առողջապահության ոլորտում կան ծառայություններ, որոնցից օգտվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլ նաև սփյուռքահայերը` գնահատելով, որ ծառայությունների մակարդակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, միաժամանակ գնային առաջարկներն ավելի ընդունելի են, քան աշխարհի բժշկական այլ կենտրոններում:

Սա մեզ համար լինելու է կարևորագույն ուղղություն: Մենք, առաջին հերթին, փորձելու ենք ընդլայնել այդ ծառայությունների մատուցման հնարավորությունները Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ սկսել ենք մի նոր ծրագիր իրականացնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոնի ձևավորման ուղղությամբ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում, Ազգային մրցունակության խորհրդի օժանդակությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել Բելգիայի կառավարության հետ և ստացել է ֆինանսական միջոցներ, որպեսզի Հայաստանում կառուցվի ժամանակակից արագացուցիչ և այդ արագացուցչի շնորհիվ ձևավորվի նաև օնկոլոգիական կենտրոն, որը կօգտագործի արտադրված իզոտոպները:

Դա լինելու է ժամակակակից կենտրոն և ներդրումները կկազմեն շուրջ 50 մլն դոլար: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ այս ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք հրավիրել նաև մասնավոր ներդրողների, որպեսզի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ծրագիրը հասնի իր տրամաբանական ավարտին: Կարևոր է նաև, որ Հայաստանում առկա է լուրջ ինտելեկտուալ ներուժ ֆիզիկայի բնագավառում, ինչը հնարավորություն է տալու շահագործել այդ արագացուցիչը: Դա գիտության մեջ մեր հարաբերական առավելություններից մեկն է, և ֆիզիկայի ու բժշկության այս համագործակցությունը, կարծում ենք, տալու է դրական արդյունքեր:

Առողջապահության ոլորտում բարեփոխումներն իրականացնելիս նախաձեռնությունները բազմաթիվ են: Վերջերս առողջապահության նախարարությունը ներդրել է համաֆինասնավորման նոր հայեցակարգ, որի նպատակն է ապահովել, որ պետությունը շուկայական գներով օգտվի առողջապահական պատվերներ տեղադրելիս: Դա կստեղծի մրցակցային դաշտ առողջապահության ոլորտում` նպաստելով կոռուպցիայի նվազմանը:

Հասկանալի է, որ դա հեռուն գնացող բարեփոխում է, և մեզանից պահանջվելու են ջանքեր այն ավարտին հասցնելու համար: Այդ տեսակետից, համոզված եմ, որ համաժողովի առողջապահության կազմակերպման սեկցիայի աշխատանքներն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը հետաքրքրական կլինեն մեզ համար:

Հարգելի է գործընկերներ,

Ուրախալի է, որ այս համագումարը առանձնանում է նրանով, որ երիտասարդ սերունդ է մասնակցում համագումարին, ինչն ապահովելու է բժիշկների համախմբավածության շարունակականությունը:

Ավարտելով խոսքս ցանականում եմ շնորհակալություն հայտնել համագումարի մասնակիցներին, որ նրանք եկել են Հայաստան և մասնակցում են համահայկական այս կարևոր միջոցառմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն»:

Համագումարին զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և սփյուռքի նշանավոր մասնագետներ։ Կքննարկվեն առողջապահական, բժշկագիտական, գործնական բժշկության և բժշկական կրթության մի շարք կարևորագույն հարցեր, կներկայացվեն բժշկագիտական նոր հայտնագործություններ, գործնականում կիրառվող բուժման նորագույն եղանակներ։ Այս ամենը կնպաստի մայր հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնության ոլորտի արդիականացմանն ու որակի բարելավմանը: Պատահական չէ, որ համագումարի խորհրդանշական կարգախոսն է` «Միասին՝ հանուն առողջության»:

Կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին մանրամասներ ներկայացրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, գիտական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը և AMIC-ի նախագահ, Կանադայի հայ բժիշկների ասոցիացիայի ղեկավար Ավետիս Պողոսյանը։

«Ուրախ եմ, որ հայ բժիշկները հերթական անգամ հավաքվել են Հայաստանում։

Մենք օրինակ վերցրեցինք հայ բժիշկների կազմակերպվածությունից։ Ուսումնասիրեցինք նրանց փորձը, և սփյուռքում ձևավորեցինք այլ մասնագիտությունների նման կառույցներ ևս։

Հայ բժիշկը սփյուռքում առաջին հերթին մեր դեսպանն է։ Որովհետև օտարը, շփվելով նրա հետ, մեծ հարգանգ ու ակնածանք է տածում մեր ազգի հանդեպ։ Նրանք ինտելեկտուալ մեծ ներդրում ունեն Հայաստանում։ Ոչ միայն իրենց գիտելիքներն են փոխանցում մեր մասնագետներին, այլև կազմակերպում են նրանց վերապատրաստումը տարբեր երկրներում, օժանդակում գործիքներով ու սարքավորումներով։

Վստահ եմ, որ այս համագումարում համատեղ նոր ծրագրեր, նոր մոտեցումներ կձևավորվեն։ Եզրափակիչ օրն առանձին նիստում կքննարկենք Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք համատեղ ծրագրերը, միասին կմտածենք, թե առաջիկայում առողջապահության ո՞ր ոլորտների ուղղություններով նոր ծրագրեր իրականացնենք»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Համագումարի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը հավելեց. «Մինչ 2003 թվականը բժիշկների համագումարները տեղի էին ունենում միայն դրսում։ Մինչդեռ բոլորը հնարավորություն չունեին դրանց մասնակցելու։ Նաև շատ կարևոր էր, որ Հայաստանի և Արցախի առողջապահության ոլորտներին առնչվող հարցերն այստեղ քննարկվեին։ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ լուրջ աշխատանք ենք տարել, որպեսզի հայ բժիշկների հավաքներ տեղի ունենան նաև Հայաստանում։

Ինձ այս համագումարի նախագահ են ընտրել նախորդ` 2009-ին Նյու Յորքում կայացած Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի ժամանակ։ Պրոֆեսոր Արա Բաբլոյանի և կազմակերպչական կոմիտեի հետ միասին կատարված երկարատև աշխատանքի արդյունքում այսօր մեծ և լայն աշխարհագրությամբ մասնակցություն ենք ապահովել։ Շատ կարևոր է աշխարհի տարբեր երկրներից ժամանած 25 երիտասարդ բժիշկների մասնակցությունը»։

Բժշկական համագումարի գլխավոր հովանավոր «VivaCell» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց.

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար, ինչպես միշտ, առաջնորդում է հասարակության բարօրությանը նպաստող նորարարական լուծումների բնագավառում: Այսօր մենք ներկայացնում ենք կենսական մեծ նշանակություն ունեցող ոլոտրներից մեկում` առողջապահության մեջ հաջորդ նորարարությունը: Մենք տրամադրում ենք հանրապետությունում ամենամեծ ծածկույթն ունեցող շարժական ցանցը և տեխնիկական միջոցները մեր այն հայրենակիցներին, ում համար բժշկի շարունակական հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է: Մյուս կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարական լուծումներ է կիրառում առողջապահության ոլորտում գործնական աշխատանքում ներգրավված մարդկանց առօրյան դյուրին դարձնելու համար` նրանց տրամադրելով ժամանակակից բարձրորակ և արդյունավետ միջոցներ»:

Զարգացած երկրներում այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է` թույլ տալով ապահովել առողջապահական ծառայությունների և տեղեկատվության առավել հասանելիություն, ինչպես նաև կատարելագործել հիվանդությունների ախտորոշման և վերահսկման հնարավորությունները համապատասխան ծառայություն մատուցողների համար:

Տեղեկացնենք, որ Համագումարի ինֆորմացիոն հովանավորն է «Հ1» Հանրային հեռուստաընկերությունը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook