Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Եզակի վիրահատություն տարածաշրջանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից հունիսի 22-ին իրականացվել է տարածաշրջանում եզակի էնդովասկուլյար (ոչ սրտային) անոթային վիրահատություն։

Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտիկ Հարությունյանը երեք ամիս շարունակ տառապել է որովայնի նոպայաձև ցավերից, չի կարողացել ուտել և խմել, քանի որ դրանից ցավերը սաստկացել են։ Արդյունքում խիստ հյուծվել է, դարձել 45 կգ։ Բազմաթիվ մասնագետների դիմելուց հետո համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ախտորոշվել է մեզենտերյալ (աղեստամոքսային) անոթների խցանում։ Դա նշանակում է, որ մայր զարկերակից անջատվող անոթային ճյուղերը, որոնք սնում են որովայնը, խցանված էին։

Վիրահատությունը կատարվել է էնդովասկուլյար եղանակով` առանց կտրվածքի, տեղային ցավազրկմամբ` ազդրային զարկերակից։ Վերականգնվել է որովայնային զարկերակների լուսանցքը։ Նման դեպքերում առանց վիրահատական միջամտության հնարավոր չէ փրկել հիվանդի կյանքը։ Ոչ երկար ժամանակի ընթացքում այդ ախտահարումը հանգեցնում է մահվան։

Վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդն իրեն լավ էր զգում, ցավեր չուներ և նորմալ սնվում էր։ Երկու օրից Մարտիկ Հարությունյանը դուրս է գրվել։ Հիվանդի ախտորոշումն ու վիրահատության հաջող ելքն ապահովվել է կլինիկայում ժամանակակից սարքավորումների առկայության և բարձր որակավորմամբ մասնագետների շնորհիվ։ Կլինիկան հագեցած է ամենավերջին սերնդի անգեոգրաֆով, համակարգչային շերտագրության և միջուկամագնիսային ռեզոնանսային ախտորոշիչ սարքավորումներով։

Այժմ Հայաստանում տեղացի մասնագետների կողմից էնդովասկուլյար անոթային վիրաբուժություն իրականացվում է միայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռադիոլոգիայի կենտրոնի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայում։ Կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, տարբեր դրամաշնորհներով վերապատրաստվել է Մոսկվայի և եվրոպական առաջատար կլինիկաներում, այդ թվում` Լոնդոնի Guy»s & St.Thomas և Միլանի San Jerardo հանրահայտ կլինիկաներում։ Եվրոպական անոթային վիրաբույժների միության խորհրդի անդամ է։

Այսպիսով, մեր հանրապետությունում էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովվեց։ Սա մեզենտերյալ (աղեստամոքսային) անոթների տրոմբոզների դեմ պայքարի առաջին քայլն է տարածաշրջանում։ Ի դեպ, նման վիրահատություններ դեռևս քիչ են կատարվում նաև Ռուսաստանի Դաշնությունում։

Վերջին ամիսներին կլինիկայում էնդովասկուլյար եղանակով ավելի քան 20 միջամտություն է կատարվել ստորին վերջույթների զարկերակների վրա, որոնց շնորհիվ պահպանվել են հիվանդների վերջույթները։

Կլինիկան աշխատում է եվրոպական չափորոշիչներով, որոնցում առանցքային դեր ունի նաև բաց անոթային վիրաբուժությունը, որն իրականացնում են բժշկական գիտությունների թեկնածուներ Արամ Բադալյանը և Ալեքսանդր Արամյանը, ապահովվում է բարձրակարգ քույրական խնամք։

 

Find us on Facebook