Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռազմաբժշկական ֆակուլտետը տվեց 15-րդ շրջանավարտը

28.06.2011

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ռազմաբժշկական ֆակուլտետի 43 շրջանավարտների ավարտական հանդիսությունը, որի ընթացքում հանձնվեցին ավարտական վկայականներ և սպայական կոչումներ։

Արարողության մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտների ծնողներ։

Սպայական վկայականները և ուսադիրները հանձնելուց հետո սպայական կոչում ստանալու կապակցությամբ շնորհավորելով ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին ` պաշտպանության նախարարն ասաց.

«1994-ին կազմավորված ֆակուլտետն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարում։ Այս ընթացքում այն շուրջ 425 շրջանավարտ է տվել, որոնցից 30-ը` գերազանց առաջադիմությամբ։

Այսօր դուք գալիս եք համալրելու ճանաչված գեներալների, սպաների մի մեծ համաստեղություն, որ փառքով է պսակել մեր ռազմական բժիշկների անցած ճանապարհը, իր լուրջ ներդրումն է ունենում մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում։

Սիրելի սպաներ, տեսնելով ձեզ, կարող ենք համոզմունք հայտնել, որ հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանելու ձեր պես գրագետ բժիշկները:

Բարի երթ բոլորիդ։ Ձեզ հաջողություններ եմ ցանկանում Ձեր ծառայության մեջ»։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բազում ավանդույթներ ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակը յուրաքանչյուր շրջանավարտի համար ոսանողական կյանքի կարևոր խորհրդանիշ է։ Այն խորհրդանշում է նաև ռազմաբժշկական ֆակուլտետի հերթական հոսքի սպայական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը։

«Բժշկի խալաթը և սպայի համազգեստը ճանաչելի են ողջ ժողովրդի կողմից։ Դրանք հույսի, ուժի, պաշտպանվածության խորհրդանիշ են։ Դուք կրկնակի բեռ և պատիվ եք ստանձնել։ Ես վստահ եմ, որ պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 15-րդ շրջանավարտ-սպաներդ ևս, համալրելով հայոց բանակի շարքերը, պատվով ու բարձր պատասխանատվությամբ կհոգաք հայ զինվորի առողջության մասին։

Մաղթում եմ բարի ծառայություն, խաղաղություն և առողջություն»։

Երախտիքի խոսքեր ասացին կուրսանտ-շրջանավարտ Մնացական Խաչատուրյանը և ծնող Տիգրան Մամայանը։

Հանդիսությունը եզրափակվեց ավարտական շքերթով։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook