Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Արտասահմանցի շրջանավարտները դիպլոմներ ստացան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետի արտասահմանցի 141 շրջանավարտներին։

Հանդիսությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աչալ Կումար Մալհոտրան, դեսպանության առաջին քարտուղար Մադան Գոպալ Նագպալը, ինչպես նաև ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան կցորդ Նաուար Զեյդան, դեսպանատան աշխատակից, Հայաստանում սիրիացիների համայնքի ղեկավար Դավիթ Գասպարյանը, շրջանավարտների՝ Հնդկաստանից, Իրանից, Լիբանանից ժամանած ծնողներ։

Ողջունելով անգլալեզու և ռուսալեզու շրջանավարտներին, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց. «Մաղթում եմ, որ ողջ կյանքում միշտ երջանիկ լինեք և հաջողությունները ձեր մշտական ուղեկիցը լինեն։ Հույս ունեմ, որ լավ մասնագետներ կդառնաք և աշխարհի որ ծայրում էլ որ աշխատեք՝ բարձր կպահեք մեր համալսարանի պատիվը։

Ձեզ բարի երթ եմ մաղթում»։

Նշենք, որ դիպլոմներ ստացող արտասահմանցի ուսանողներից 79-ը՝ Հնդկաստանի, 23-ը՝ Իրանի Իսլամական հանրապետության, 15-ը՝ Սիրայի, 10-ը՝ Ռուսաստանի Դաշնության, 3-ը ԱՄՆ-ի քաղաքացիներ են։ ԵՊԲՀ-ի դիպլոմներ ստացողների թվում նաև Ղազախստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի և Չեխիայի քաղաքացիներ կային։

Օտարերկրացիների ուսուցման դեկան Աննա Սարգսյանը ներկայացրեց առանձին շրջանավարտների՝ իրենց երկրներում արդեն իսկ հանձնած քննությունների բավական բարձր արդյունքները։ Դեկանը շեշտեց, որ այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվել ուսանողների գործնական հմտություններին՝ կարևորելով հիվանդների հետ աշխատանքը։

Փետրվարի վերջին համալսարան է այցելել Եվրոպայի բժշկական համալսարանների ասոցիացիայի նախագահ, Մանչեստերի համալսարանի նախկին ռեկտոր, Բոլոնիայի գործընթացի հիմնադիր, Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Գորդոնը։ Նրա ներկայությամբ անգլալեզու մի խումբ ուսանողներ փայլուն գիտելիքներ են ցուցադրել։

Պետական որակավորման հանձնաժողովը ևս փաստում է, որ շատ շրջանավարտներ պետական քնությունները բարձր արդյունքներով են հանձնել։

«Համալսարանում ստացած ձեր գիտելիքները միայն սկիզբն են։ Դրանք կարող եք զարգացնել կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրայում), ուր մեր շրջանավարտներին հրավիրում և սպասում ենք գրկաբաց»,-ասաց դեկանը։

Շրջանավարտներից Սիրիայի քաղաքացի Վալիդ Ալ Մոհամեդը և Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի Ռեզա Ադնանին նշեցին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստացած ուշադիր ու հոգատար վերաբերմունքի և բարձրակարգ կրթության շնորհիվ ձեռք են բերել այն հիմքը, որն անհրաժեշտ է բարձրակարգ մասնագետ դառնալու համար։

«Վստահեցնում ենք, որ որտեղ էլ լինենք, միշտ կհիշենք հարազատ համալսարանում անցկացրած ուսանողական անմոռանալի տարիները, մեր առօրյան ու տոները, որ անցկացրել ենք հայ ժողովրդի հետ»,-ասացին նրանք։

Այնուհետև շրջանավարտները՝ ձայնակցելով հնդկուհի Մութուվադհիվու Սրինիվասանիին, Հիպոկրատի երդումը հնչեցրեցին հայերենով։

Շրջանավարտներին ողջունեց նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աչալ Կումար Մալհոտրան։

«21-րդ դարում մարդկության առջև նոր փորձություններ, դժվարություններ ու մարտահրավերներ են ծառացած։

Շատ հիվանդություններ, որ նախկինում ճակատագրական էին դառնում՝ այսօր հաղթահարելի են։ Դուք ընտրել եք այնպեսի մասնագիտություն, որ չափազանց կարևոր նշանակություն ունի մարդու կյաքում։ Մասնագիտություն, որ պարտադրում է մշտապես սովորել։ Ես համոզված եմ, որ այս համալսարանում ստացած ձեր գիտելիքները հիմք կհանդիսանան բժշկական որակյալ ծառայություններ մատուցել մեր երկրի՝ հատկապես գյուղական բնակավայրերում ապրող քաղաքացիներին։

Դուք նաև Հնդկաստանը և Հայաստանը կապող օղակ եք հանդիսանում»,-դիմելով իր հայրենակիցներին, ասաց դեսպանը։

Հասալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հետ նա դիպլոմներ հանձնեց հնդիկ շրջանավարտներին։

Բոլոր շրջանավարտների համար դիպլոմների հանձնմանը նվիրված գիտական խորհդրի հանդիսավոր նիստն իսկական տոնի վերածվեց։

 

Find us on Facebook