Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայ-հնդկական համագործակցությունը կընդլայնվի

30.05.2011

Արտահանվում է կրթությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աչալ Կումար Մալհոտրային: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԲՀ-ի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության առաջին քարտուղար Մադան Գոպալ Նագպալը:

Դերենիկ Դումանյանն ընդգծեց, թե պատահական չէ, որ որպես համալսարանի ռեկտոր իր պաշտոնական առաջին հանդիպումը Հնդկաստանի դեսպանի հետ է կայանում: ԵՊԲՀ-ը երկար տարիներ համագործակցում է այս երկրի հետ, արդեն մոտ 1 200 հնդիկներ ավարտել են բուհը:

«Կրթություն արտահանելն ամեն երկրի չէ տրված: Այն իր մեջ նաև ազգային մշակույթի, սովորույթների ու լեզվի արտահանում է ներառում: Հնդիկ ուսանողներները նաև պահպանում են կապը հայ ընկերների ու դասախոսների հետ: Այդ ամենին նոր թափ ու որակ հաղորդելու նպատակով որոշել ենք գնալ բարձր որակավորման մասնագետներ պատրաստելու ճանապարհով: Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տված կրթությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով վերանայվում ենք ուսումնական ծրագրերը, դասախոսների որակավորման աստիճանը, կլինիկական առարկաների դասավանդման տեղն ու հնարավորությունները»,-ասաց ռեկտորը:

Դեսպանը հույս հայտնեց, որ այդ ջանքերի շնորհիվ ԵՊԲՀ-ն ավարտած իր հայրենակիցները Հնդկաստանի բժշկական խորհրդին հանձնած քննությունների ժամանակ, որպես որակյալ կրթության վկայություն, առավել բարձր միավորներ կվաստակեն և երկրում առավել մեծ պահանջարկ կունենան:

«Ժամանակին Ձեր համալսարանը Հնդկաստանից դասախոսներ էր հրավիրում, ովքեր դասախոսություններ էին կարդում մեր երկրում կարևորվող առողջապահական հարցերի շուրջ: Կարծում եմ, կարելի է վերականգանել այդ ավանդույթը»,-ասաց դեսպան Ն.Գ. Աչալ Կումար Մալհոտրան:

Դեսպանը նաև կարևորեց ամառային արձակուրդների շրջանում հնդիկ ուսանողների պրակտիկան Հնդկաստանի բարձրակարգ կլինիկաներում կազմակերպելը, քանի որ պետական բուժհիմնարկներն այդ առումով արդեն իսկ գերծանրաբեռնված են:

Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, որ այս տարի համալսարանի դռները բաց կլինեն միայն որակյալ դիմորդների առաջ:

«Վաղը պրոռեկտոր Երվանդ Սահակյանը մեկնում է Հնդկաստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված մեր երկու երկրների համագործակցությունն ընդլայնելու, մեր համալսարանը բարձր պատրաստվածություն ունեցող դիմորդներով համալրելու նպատակով: Այդ գործում մեզ կօժանդակի Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը: Այս առումով մեծ դերակատարում ունեն նաև մեր շրջանավարտները:

Մենք չափազանց շատ ենք կարևորում բուհի հեղինակությունը, հետևաբար մեզ համար առաջնայինը ոչ թե քանակն է, այլ որակը: Նախնական պայմանավորվածություններ կան նաև հնդիկ ուսանողների ամառային պրակտիկան Հնդկաստանի մասնավոր լավագույն կլինիկաներում կազմակերպելու ուղղությամբ: Մենք դրանում խիստ շահագրգիռ ենք, քանզի դա մեր աշխատանքի ոչ պակաս կարևոր մասն է: Կշարունակենք նաև Հնդկաստանից պրոֆեսորներ հրավիրելու ավանդույթը: Այս բոլոր հարցերը կհստակեցվեն»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Երկուստեք կարևորվեցին հաճախակի հանդիպումները և հնդիկ ուսանողներին վերաբերող հարցերի համատեղ քննարկումները:

«Հնդկաստանում բժշկի պահանջարկն ավելի մեծ է, քան բժշկական համալսարանները կարող են տալ: Ես ուրախ կլինեմ, որ լավագույնները գան այստեղ սովորելու, որպեսզի լավ բժիշկներ ունենանք: Նրանք նաև մեր երկու երկրներին կապող կամուրջներ են: Ես որպես դեսպան հիմնականում հանդիպում եմ հայ պաշտոնյաների հետ: Մինչդեռ տեղաբնակների շրջանում հնդիկների մասին կարծիք է ձևավորում ուսանողների հետ շփումների արդյունքում»,-ասաց դեսպանը:

Նրան ներկայացվեցին կրթական համակարգում ընթացող՝ եվրոպական մոդելին տանող փոփոխությունները:

«Մեր տված կրթությունն ավելի ընկալելի կդառնա աշխարհի համար, և մեր շրջանավարտները խնդիրներ չեն ունենա որևէ երկրում»,-հավաստիացրեց Դերենիկ Դումանյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook