Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

«Ուսանողական գարուն - 2011»

stgma

Մայիսի 18-19-ին կայացած «Ուսանողական գարուն» ավանդական փառատոնը երկօրյա տոն պարգևեց ողջ համալսարանին: Հոբելյանական՝ 50-րդ փառատոնը մեկնարկեց վարչական մասնաշենքի շքասրահում կազմակերպված ցուցահանդես մրցույթով: Մասնակիցները հայտ էին ներկայացրել յուրօրինակ լուսանկարներով ու գեղանկարներով:

Փառատոնի առաջին օրը համալսարանի տարբեր ֆակուլտետների շնորհալլի ուսանողները նուրբ ու դիպուկ հումորով ներկայացրեցին համալսարանում տեղ գտած հաջողություններն ու թերությունները և հատկապես՝ իրենց խնդիրներն ու բուհի ղեկավարությունից ունեցած պահանջները: Բժշկականի ուսանողներն այս տարի ևս հավատարիմ մնացին ավանդույթին՝ բարի հումորով արվեստի համալսարան անվանմանը:

Ծիծաղաշարժ մանրապատումներն ու փոքրիկ ներկայացումներն ընդունվում էին բուռն ծափահարություններով, քանի որ ակնհայտ էր, թե ու՞մ է ուղղված քննադատությունը: Իհարկե, փառատոնն անհնար էր պատկերացնել առանց ժամանակակից պարային ռիթմերի ու սիրված երգերի:

Երկրորդ օրը կայացած գալա համերգը հիանալի պահեր պարգևեց ներկաներին: «Մեդունին» ևս մեկ անգամ փայլեց իր նոր և հին անդամների հրաշալի կատարումներով: Անզուգական կատարումներով հանդես եկան բոլորովին վերջերս հանրապետական երկու հեղինակավոր մրցույթներում առաջին պատվավոր տեղերը գրաված Կարինե Աբրահամյանը և Անի Մալխասյանը՝ առաջինը՝ Առնո Բաբաջանյանի անվան, իսկ երկրորդը՝ ֆրանսիական երգի մրցույթի հաղթողներ են: Տարվա հայտնությունը կարելի է համարել զինվորական ծառայությունը վերջերս ավարտած Դավիթ Վարդանովին՝ իր հզոր ձայնով ու արտիստիկ կատարումով: Ջերմությամբ ընդունվեց նաև նորաստեղծ պարային խմբի ելույթը:

Միջոցառման ընթացքում Ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը շնորհակալագրեր հանձնեց շախմատի միջֆակուլտետային մրցույթի հաղթողներին, երգի ասպարեզում բուհին հաղթանակ շնորհած Կարինե Աբրահամյանին և Անի Մալխասյանին, ինչպես նաև «Մարի Խլմիրյան» մանկատան հետ կազմակերպված առողջ ապրելակերպի դասընթացին մասնակցած ուսանողներին:

Ամփոփելով փառատոնի արդյունքները, ժյուրին «Լավագույն դերասանական խաղ» մրցանակը շնորհեց արտասահմանցի ուսանողներին, «Լավագույն երգ» մրցանակին արժանացան ընդհանուր բժշկության ֆակուլտետը ներկայացնողները, «Լավագույն կատակ» և «Ամենահամախմբված թիմային աշխատանք» մրցանակները տրվեցին ապագա ստոմատոլոգներին:

«Ուսանողական գարուն-2011»-ի կազմակերպմանն ակտիվ մասնակցություն էր ունեցել Համահայկական երիտասարդական հիմնադրամը, որի նախագահ, բժշկականի նախկին սան Կարեն Ավագյանը համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ եղած տարիներին շատ անգամներ է նման փառատոներ ու բազմաթիվ այլ միջոցառումներ կազմակերպել:

Ներկաները չափազանց ջերմ ու ոգևորությամբ ընդունեցին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի ամփոփիչ, նուրբ հումորով խոսքը, որ համահունչ էր միջոցառման ստեղծած մթնոլորտին ու տրամադրությանը:

 

Find us on Facebook