Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Համալսարանը կունենա պարբերական հիվանդության կենտրոն

stgma

20.05.2011

Իսրայելցի պրոֆեսորը պատրաստակամ է աջակցել

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Կոլխիցին և պարբերական հիվանդություն. խնդիրներ բուժման պրակտիկայում» թեմայով, դասախոսություն կարդաց Երուսաղեմի Հադասահի համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի և պարբերական հիվանդության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Էլդադ Բեն Չետրիտը:

Ճանաչված մասնագետին նախ ընդունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ իսրայելցի մասնագետի գիտելիքներին ու փորձին հաղորդակից կդառնան համալսարանի և հանրապետության մյուս մասնագետները:
Ռեկտորը նշեց, որ իր կողմից նախանշված անելիքներից մեկը համալսարանի կլինիկաների բազայի վրա պարբերական հիվանդության կենտրոնի ստեղծումն է:
«Խնդիրն ակնհայտ է, և այս ուղղությամբ ուզում ենք գիտա-գործնական լուրջ աշխատանքներ կատարել: Այս առումով խիստ արդիական է Ձեր այցը, և ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասաց ռեկտորը:
Պրոֆեսոր Էլդադ Բեն Չետրիտը սիրով համաձայնեց՝ տեղեկացնելով, որ իր օժանդակությամբ նման կենտրոն արդեն իսկ ստեղծվել է Գերմանայում:
«Հայաստանում դա առավել հեշտ կարվի, քանի որ հայ բժիշկները շատ ավելի լավ գիտեն այդ հիվանդությունը և լավ մասնագետներ են»,-ասաց իսրայելցի պրոֆեսորը:
Պրոֆեսոր Էլդադ Բեն Չետրիտի աշխատանքային օրը բավական հագեցած էր: Համալսարանում կայացած՝ աշխատանքային սեփական փորձի վրա հիմնված նրա դասախոսությունը, մեր մասնագետների հավաստիացմամբ, բավական ուսանելի էր: Պարբերական հիվանդությունը մեծ տարածվածություն ունի նաև հրեաների շրջանում, և Իսրայելում երկար տարիներ է, ինչ այդ հիվանդության ուսումնասիրության և բուժման ուղղությամբ գիտահետազոտական, գործնական լուրջ աշխատանքներ են իրականացվում:
Դասախոսությունից հետո Էլդադ Բեն Չետրիտն այցելեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Այնտեղ արդեն մասնագետին էին սպասում պարբերական հիվանդությամբ տառապող ծանր հիվանդները: Պրոֆեսորը զննեց նրանց և, խորհրդակցելով բուժող բժիշկների հետ, արժեքավոր խորհուրդներ տվեց:
Էլդադ Բեն Չետրիտը նաև ծանոթացավ հիվանդանոցում գործող լաբորատորիայի աշխատանքներին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook