Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշ երեկո

ruben-sevak Բժշկական համալսարանի անձնակազմը միշտ էլ բարձր է գնահատում իր ազգի անվանի զավակներին՝ յուրօրինակ կերպով իր հարգանքի տուրքը մատուցելով նրանց։ Ահա այս անգամ էլ՝ նոյեմբերի 26-ին, համալսարանի պատմության ամբիոնի և առաջին կուրսի ուսանողների ջանքերով կազմակերպվել էր գրական հուշ երեկո՝ նվիրված Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին, ստեղծագործական կյանքի և հասարակական ուղու լուսաբանմանը։

Ուսանողները փորձել էին սեփական աչքերով ներկայացնել այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի և բժշկի կյանքում։ Խորհրդանշական էր նաև երեկոյի խորագիրը՝ «Ռուբեն Սևակի աչքերով»։ Դահլիճում ներկա հանդիսատեսը մի պահ խորհելու առիթ ունեցավ կյանքի և այն արժանավայել ապրելու հեռանկարի վերաբերյալ։

Երեկոյի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին իրենց շնորհակալական խոսքը հղեցին ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը և ԵՊԲՀ ռեկտոր տիկին Գոհար Քյալյանը։


Ռուբեն Սևակ. մեծանուն բանաստեղծը և բժիշկը

Ռուբեն Սևակը ծնվել է 1885թ. փետրվարի 15-ին Կոստանդնուպոլսի մերձակայքում գտնվող Սիլիվրի գյուղում։ Ռուբեն Սևակը սովորել է հարազատ գյուղի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում։ 1905թ.-ին ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը, իսկ 1911-ին Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911-14թթ. աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։

Կանխազգալով 1915-ի մահաբեր շունչը և արևմտահայությանը սպառնացող մեծագույն արհավիրքը՝ Սևակն իր բազմաթիվ հրապարակախոսական ելույթներով զգուշության և զգոնության կոչ է անում՝ դրսևորելով իրեն որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ։ Ազգային միավորման և տոկունության ոգին արտահայտված է նաև նրա ստեղծագործությունների մեջ, ինչպիսիք են օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» գործերը։ Սակայն Ռուբեն Սևակի անմնացորդ նվիրվածությունը հայ ժողովրդին ապացուցվել է ոչ միայն խոսքով ու գրչով, այլև 1915թ. աղետի ժամանակ։ Ինչպես և հայ մտավորականության այլ պանծալի ներկայացուցիչներ, Սևակը նույնպես հայտնվում է աքսորավայրում։ Մահից առաջ թուրք դահիճները նրան առաջարկում են ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Նույնիսկ աքսորավայրում գտնվող այլ հայ գործիչներ համոզում են ընդունել առաջարկությունը և փրկվել։ Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ է մնում իր ընտանիքին, զավակներին, ազգին՝ գերադասելով մահը գոյությունը ստորաբար պահպանելուն...


Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակ

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանի նախաձեռնությամբ համալսարանում այսուհետ կգործի Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակ, որից հնարավորւթյուն կունենան օգտելու 3-րդ և ավելի բարձր կուրսերի սփյուռքահայ ուսանողները։ Կրթաթոշակը կտրվի սփյուռքի ուսանողների համար նախատեսված ընթացակարգով բուհ ընդունված սփյուռքահայ ուսանողներին։

Ռուբեն Սևակի անվանական կրթաթոշակի հավակնորդների մրցույթի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

  • Բարձր առաջադիմություն (քննական առարկաների գնահատականների ընդհանուր գումարի արդյունքներով)
  • տպագրված գիտական աշխատանքներ՝ ամբիոնների պլանային գիտական աշխատանքների շրջանակներում
  • մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook