Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամփոփվեց մայր բժշկականի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրեսը

90-anni-held

2009-2010թթ. ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանը տոնում էր իր հիմնադրման 90-ամյակը: Այս հոբելյանական իրադարձությունն ընդգրկում էր բժշկության տարբեր ոլորտներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ և առողջապահության բնագավառում բազում արդիական խնդիրների լուսաբանում։

2009-ին սկիզբ առած միջազգային կոնֆերանսները շարունակվում էին նաև ողջ 2010-ի ընթացքում և ամփոփվեցին 2010թ. հոկտեմբերի 6-10 ընկած ժամանակահատվածում գիտահետազոտական սիմպոզիումներով, թեմատիկ սեմինարներով, վարպետաց դասերով, ժամանցային ծրագրով և իր տեսակի մեջ եզակի «Օպտիմիզմ» խորագիրը կրող ժամանակակից արվեստի ցուցահանդեսով, ինչպես նաև պատվոգրերի, շնորհակալագրերի, ոսկե և արծաթե հուշամեդալների հանձնմամբ։ Մասնակցությունը բոլոր միջոցառումներին և ժամանցային ծրագրին անվճար էր, իսկ մասնակիցները և հյուրերը մեկնեցին լավագույն տպավորություններով և արդի տեղեկատվությամբ՝ ձեռք բերելով երկարատև համագործակցության նոր հնարավորություններ:


Գիտաժողովների մասին

conferences Գիտաժողովները սկսվեցին հոկտեմբերի 6-ին և տևեցին մինչև հոկտեմբերի 8-ը բժշկության հետևյալ ոլորտներում՝ գինեկոլոգիա, ցերեբրովասկուլյար պաթոլոգիա (նյարդաբանություն, նյարդավիրաբուժություն), օստեոպորոզ, ներքին հիվանդություններ, հազվադեպ հիվանդություններ, հոգեկան առողջություն, սիմպոզիում նվիրված ուռոգինեկոլոգիային և կանացի ուռոլոգիային, ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն, սեքսոլոգիա, ռադիոլոգիա, վիրաբուժություն, ֆարմակոլոգիա, ֆարմացիա, մանկաբուժություն, հանրային առողջություն, օնկոլոգիա։ Գիտաժողովների թեման ամենաբազմազան էր՝ ներառելով քննարկումներ և փայլուն զեկույցներ տարբեր հիվանդությունների բուժման նորագույն մեթոդների, մոտեցումների և դեղորայքի և բժշկական սարքավորումների վերաբերյալ։ Նույն ամսի 6-8-ը բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նախասրահում տեղի էր ունենում բժշկական սարքավորումների և դեղերի էքսպո-ցուցահանդես։ Գիտաժողովների անցկացման վայր էր ընտրված բժշկական համալսարանի տարբեր մասնաշենքերի դահլիճները, որոնք վերանորոգված են և հագեցված ժամանակակից տեխնիկայով։

Գիտաժողովներին մասնակցել են շուրջ 1500 հոգի, իսկ հիմնական զեկուցողների թվում էին ինչպես հայ փորձառու բժիշկները, այնպես էլ արտերկրացի լավագույն կլինիցիստները և մասնագետները, իսկ մասնակցող հյուրերը ժամանել էին Գերմանիայի Շարիտե համալսարանից, Հայդելբերգի կլինիկայից, ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանից, Ջեֆերսոնի համալսարանական կլինիկայից, Բոսթոնի համալսարանից, Լեհաստանի դեղագործության ինստիտուտից, Իրանի բժշկության համալսարանից, Իտալիայի Սան-Ռաֆայել կլինիկայից, Ֆրանսիայի Անտուան Բեքլեր կլինիկայից, Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանից, Բրիտանիայի Նոթինգեմշերի առողջապահության սեկտորից, Բիրմինգեմի համալսարանից և այլն։ Բոլոր գիտաժողովների ավարտին մասնակիցներին տրվեցին Շարունակական Բժշկական Կրթության միջազգային կրեդիտներ տրամադրող սերտիֆիկատներ։


Ցուցահանդեսի մասին

optimizm Հոբելյանական կոնգրեսի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Օպտիմիզմ» խորագրով հայկական նոր արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը գործում էր մինչև հոկտեմբերի 16-ը, որի ընթացքում ներկայացվեցին հայկական նոր արվեստի ներկայացուցիչների աշխատանքներ։ Ցուցահանդեսը նախաձեռնել էր բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանը, իսկ ցուցահանդեսի կուրատորն էր հայտնի արվեստաբան և բարերար, ամերիկահայ Վիկի-Շողակն Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի այցելուներին առաջին իսկ շրջայցից համակեց մի միտք, որն առավել ուշ նրանք ձևակերպեցին այսպես՝ «գլոբալիզացիայի այս դարաշրջանում ժամանակակից արվեստը պահպանում է իր ինքնատիպությունը»։

«Օպտիմիզմ» խորագիրը պատահականորեն չէր ընտրված. այն արտացոլում է բոլոր այն լավատեսական միտումները, որ տեսանելի են մերօրյա իրականությունում։ Նվիրված լինելով մայր բժշկականի հիմնադրման 90-ամյակին՝ ցուցահանդեսը նաև խորհրդանշում էր համալսարանում տեղի ունեցած և շարունակական բնույթ կրող բարեփոխումները։ Կուրատոր Հովհաննիսյանի խոսքով` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանի նախաձեռնության շնորհիվ արվեստը շաղկապվեց բժշկության հետ՝ ընդգծելով ժամանակակից արվեստի կարևորությունը Հայաստանում: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները լուսաբանող եռալեզու կատալոգը հնարավորինս մանրակրկտորեն ներկայացնում է հետաքրքիր տեղեկատվություն թե՛ կտավների ստեղծման պատմության, թե՛ հեղինակների մասին։

Ցուցահանդեսի մասին այլ տեղեկատվություն հետևյալ կայքերից՝ www.armenianow.com, www.ankakh.com


Հոբելյանական գիտխորհրդի մասին

opera-house Բժշկական համալսարանը, տարիներ շարունակ ըստ արժանվույն գնահատելով իր աշխատակիցների վաստակը և անգնահատելի ներդրումը համալսարանի կայացման գործում, բժշկության, գիտության և կրթության բնագավառներում, այսօր էլ, ձեռնամուխ է նրանց մեծարման և պարգևատրման գործին։ Հոկտեմբերի 10-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որն իրենց ներկայությամբ պատվել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը, ԵՊԲՀ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, համալսարանի պատվավոր հյուրերը և շրջանավարտներն արտերկրից։ ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը հանձնեց ՀՀ նախագահի և վարչապետի կողմից տրվող շնորհակալագրերը և պատվոգրերը համալսարանի այն աշխատակիցներին, ովքեր տարիներ շարունակ իրականացրել են անբասիր աշխատանքային գործունեություն կրթության, գիտության և բժշկության բնագավառներում։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր ուղերձում օրհնեց մայր բժշկականի տարիների բովով անցած ուղին, հայությանը համարում բերած բժշկականի շրջանավարտներին և բոլոր այն նախաձեռնությունները, որոնք մայր բժշկականը դեռ պիտի իրագործի։ Հանդիպման նախորդ օրը համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում ԵՊԲՀ աշխատակիցներին հանդիսավորապես հանձնվել էին ոսկե և արծաթե հուշամեդալներ, հոբելյանական շքանշաններ, հնչել էին ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև հայաստանյան բուհերի և բազմաթիվ կազմակերպությունների շնորհավորական ուղերձները։ Հոբելյանական գիտխորհրդի նիստի շրջանակներում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ համալսարանի ստեղծման պատմության մասին, որտեղ ճշգրիտ կերպով արծարծված էին այնպիսի վաղեմության փաստեր, ինչպիսիք են համալսարանի սկզբնավորումը որպես բժշկական ֆակուլտետ, այնուհետև ինքնուրույն գործելը որպես ինստիտուտ, առաջին հանրապետության մեծարգո այրերի գրառումներ, թամանյանական նախագծումներ, սփյուռքահայ բարերարների նվիրատվությունների արդյունքում հիվանդանոցային համալիրների հիմնադրում...Արդարև, այս ֆիլմը կոտրեց բոլոր այն կարծրատիպերը և վերացրեց շփոթմունքները, որ այս կամ այն կերպ առնչվում էին համալսարանի հիմնադրման տարեթվին, պատմությանը, քանզի ցուցադրվող կադրերը համադրվում էին արխիվային թղթերի, պարբերականներից բերվող մեջբերումների, Վահան Արծրունու հուշերի (բժշկական ֆակուլտետի առաջին հիմնադիրներից և ջատագովներից), նախարարների համապատասխան խորհրդի արձանագրությունների և այլ իրավաբանական ուժ ունեցող բազմահազար փաստաթղթերի հետ։

Բժշկական ֆակուլտետի հիմնադրման մասին առավել մանրամասն՝ այստեղ։


Ժամանցային ծրագրի մասին

Ի՜նչ այցելություն Հայաստան, եթե գեթ մեկ անգամ չես եղել վերջինիս տեսարժան վայրերում։ Կոնգրեսի կազմակերպչական կոմիտեն նախօրոք էր մտածել հյուրերի ժամանցային ծրագիրն առավել բովանդակալից և հիշարժան դարձնելու մասին։ Ուղևորություններ դեպի Սևան, Դիլիջան, հայոց ուխտավայր Խոր Վիրապ և Նորավանք. այս ամենն ուղեկցվում էր հայոց պատմական արժեքների մասին ճշգրիտ տեղեկությունների հաղորդմամբ։ Համալսարանն էլ առավել լավ ընկալելու համար կազմակերպվել էին շրջայցեր համալսարանական կլինիկաներով և հիվանդանոցներով։ Հյուրերին հնարավորություն ընձեռնվեց տեղեկանալ այն բարեփոխումների մասին, որ տեղի են ունենում բժշկականում, ուսումնասիրել դասապրոցեսը լսարաններում, հաղորդակցվել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, կատարել փորձի և գիտելիքների փոխանակում։


Որպես ամփոփում՝ հպարտությամբ կասենք՝ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԵՐ ՀԶՈՐ ՈՒ ՓԱՌԱՎՈՐ, ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ։

P.S. Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն ուսանողներին, կլինիկական օրդինատորներին, համալսարանի աշխատակիցներին, ովքեր աջակցեցին և իրենց մեծ լուման ներդրեցին կազմակերպչական աշխատանքներում։

Տե՛ս նաև՝ պատկերասրահ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook