Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ակնաբուժական կլինիկա

Հիմնադրվել է 1929թ.-ին:

Կլինիկայի ղեկավար` Արմեն Աբրահամի Շաքարյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ակնաբույժ:

Կլինիկան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ակնաբուժության ամբիոնի ուսումնական բազան է:


Պատմություն

«Հերացի» հիվանդանոցային համալիրի կազմում ակնաբուժական կլինիկան առաջին մասնագիտացված ակնաբուժական հաստատությունն է Հայաստանում: Կառուցվել է 1928-1929 թթ.-ին` սփյուռքահայ հայտնի գործիչ և բարերար Պողոս Նուբարյանի (Պողոս Նուբար Փաշա) միջոցներով և կրում է «Մարի Նուբար ակնաբուժական կլինիկա» անունը` ի պատիվ Նուբար Փաշայի կնոջ` Մարի Պողոսյանի:

Կլինիկայում 1929-ից սկսել է գործել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբանության ամբիոնը` պրոֆեսոր Յ. Կանայանի ղեկավարությամբ: Հետագայում ամբիոնի և կլինիկայի ղեկավարներ են հանդիսացել պրոֆեսորներ Բ. Մելիք-Մուսյանը, Ե. Մեսրոպյանը, Ս. Մալայանը:

Ակնաբուժության կլինիկայում են մասնագիտացել Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած առաջատար մասնագետներ Ե.Բլավատսկայան, Տ. Հովսեփյանը, Լ. Բարսեղյանը, Ա. Մալայանը, Մ. Գզգզյանը, Ի. Միրզա-Ավագյանը, Ս. Մուրադյանը և այլոք:

1988 թ.-ից պրոֆեսոր Արմեն Շաքարյանի ղեկավարությամբ ակնաբուժության կլինիկան մասնագիտացել է երեխաների տեսողության պահպանման ուղղությամբ:

1988-2010 թթ.-ին այն եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ակնաբուժության գիտահետազոտական լաբորատորիայի, 2011-ից` նոր կազմավորված մանկական ակնաբանության ամբիոնի բազան: Այստեղ գործում են ժամանակակից վիրասրահ, վիրակապարան, ինչպես նաև` ֆունկցիոնալ ախտորոշման, բարդ եղանակներով տեսողության շտկման, կոնտակտային ոսպնյակներով շտկման, պլեօպտո-օրթօպտո-դիպլօպտիկ բուժման, աչքի պաթոլոգիաների լազերային շտկման, օֆթալմո-ֆիզիոթերապիայի, արտթերապիայի, համակարգչային բուժման, ամբուլատոր խորհրդատվական ընդունելության և ուսումնական առանձնասենյակներ: Կլինիկան ունի հիվանդանոցային 16 մահճակալ:

Ակնաբուժական կլինիկան համալրված է, մասնավորապես, հետևյալ ժամանակակից բուժախտորոշիչ սարքավորումներով`

  • վիրահատական մանրադիտակներ («SM Line», «OPMI Visu 140»),
  • ակնավիրաբուժական սարքավորումներ («Aster-X», «Universal II Alcon», «Infiniti-Alcon»),
  • վիրահատական լազերային սարքավորումներ («Visulas YAG III, Karl Zeiss», «Visulas 532-S Karl Zeiss»),
  • ավանդական և համակարգչային սարքեր` պլեօպտիկ և օրթօպտիկ բուժման համար:

Աչքի հիվանդությունների ախտորոշման համար կիրառվում են`

  • օպտիկո-կոհերենտ տոմոգրաֆիա («Stratus OCT»),
  • համակարգչային պերիմետրիա («OPTO»),
  • ուլտրաձայնային սկանավորում («Tomey»),
  • էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ (տեսողական հարուցված պոտենցիալների հետազոտություն, էլեկտրառետինոգրաֆիա) («Epic-4000, LKC Technology»),
  • ռետինոֆոտ («Optovue-iCam») և այլն:

Տարեկան շուրջ 10 հազար հիվանդ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կլինիկայում բարձրորակ մասնագիտացված թերապևտիկ և վիրահատական ակնաբուժական ծառայություն է ստանում։


Կլինիկական մասնագիտացում

Համալսարանական ակնաբուժական կլինիկան հանրապետությունում միակ գիտակլինիկական հիմնարկն է, որտեղ ուսումնասիրվում են մանկական ակնային պաթոլոգիաների արդիական պրոբլեմները:

Բուժհաստատությունը մասնագիտանում է շլությամբ, կարճատեսությամբ, աստիգմատիզմով, նիստագմով, բնածին արատներով, գլաուկոմայով և տարիքային կատարակտով հիվանդների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման գործում:

Կլինիկայում կիրառվող յուրահատուկ բուժախտորոշիչ եղանակներից են`

  • երկաչյա տեսողության քանակական գնահատման մեթոդը,
  • տրանսպալպեբրալ օֆթալմոտոնոմետրիայի մեթոդը,
  • որոշակի բիոքիմիական ցուցանիշների միջոցով աչքի սկլերալ թաղանթի կառուցվածքի պրոգնոստիկ գնահատականը,
  • աչքի ուլտրաձայնային բիոմիկրոսկոպիան,
  • աչքի անոթաթաղանթի օպտիկոկոհերենտ տոմոգրաֆիան,
  • տեսողական նյարդի տրանսկուտանեալ էլեկտրոստիմուլացիան,
  • հազվադեպ հանդիպող ակնաշարժ պաթոլոգիաների վիրաբուժական բուժումը,
  • ակնաշարժ պաթոլոգիաների ժամանակ ֆադեն-վիրահատությունը,
  • աճող կարճատեսությամբ աչքի սկլերոպլաստիկան «Ալոպլանտ» տրանսպլանտանտով,
  • երկտեսության, հետերոֆորիայի, մնացորդային և երկրորդային շլության սֆերոցիլինդրոպրիզմատիկ շտկումը,
  • օնլայն խորհրդատվության հնարավորություն` անհաս երեխաների ռետինոպաթիայի, ինչպես նաև ակնահատակի այլ ակնաախտահարումներով հիվանդների արտասահմանյան (ԱՄՆ) բժշկական կենտրոնների մասնագետների հետ,
  • ամբլիօպիայի և ամբլիոբինօպիայի կոմպլեքսային փուլային պլեօպտիկ, օրթօպտիկ և դիպլօպտիկ բուժումը` նաև համակարգչային ծրագրերի կիրառմամբ,
  • արտթերապիան:

ԵՊԲՀ-ի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան ՀՀ առողջապահության նախարարության երեխաների տեսողության պահպանման հանրապետական մեթոդական կենտրոնն է:



Համագործակցություն


Կլինիկան համագործակցում է՝

  • Մոսկվայի Հելմհոլցի անվան ԳՀԻ-ի,
  • Կահիրեի կենտրոնական ակնաբուժական հոսպիտալի,
  • Սան-Ֆրանցիսկոյի աչքի խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի ակնաբուժական հետազոտությունների ինստիտուտի,
  • ԱՄՆ-ի (San Jose, CA, USA) նկարների արխիվացման կոմունիկացիոն համակարգի (EyePACS) հետ:


Գիտական գործունեություն

Կլինիկայում իրականացվում են հետևյալ թեմատիկ գիտական հետազոտությունները`

  • երկաչյա տեսողությունը նորմայում և ակնաախտահարումների ժամանակ,
  • աճող կարճատեսության զարգացման պաթոգենետիկ մեխանիզմները,
  • ակոմոդացիոն խանգարումներ,
  • ամբլիօպիայի արդիական բուժման եղանակները,
  • տարբեր ախտահարումների ժամանակ սպիտապատյանի առաձգական հատկությունների փոփոխությունները:


Կլինիկայի աշխատակազմ

Շաքարյան Արմեն Աբրահամի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր
Շահինյան Հրանտ Ալեքսանի բուժական աշխատանքների գծով տեղակալ, բ.գ.թ., դոցենտ
Ղարիբջանյան Հասմիկ Ահարոնի ուսումնական գծով կլինիկայի տեղակալ, բ.գ.թ., դոցենտ (բարդ եղանակներով տեսողության շտկում)
Սարգսյան Անահիտ Վալդեմանի բ.գ.թ., դոցենտ (պլեօպտո-օրթօպտիկ բուժում, այդ թվում` համակարգչային և արտթերապիայի եղանակներով)
Բաղդասարյան Եղիշե Ալիկի բ.գ.թ., ամբիոնի դասախոս (տարիքային կատարակտի վիրաբուժություն, էքստրաբուլբար իմպլանտոլոգիա)
Մուրադյան Հասմիկ Մարտունի ամբիոնի դասախոս (տարիքային կատարակտի վիրաբուժություն, գլաուկոմայի վիրահատական և կոնսերվատիվ բուժում)
Սարգսյան Ինգա Սամվելի բ.գ.թ., ամբիոնի դասախոս (էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ ակնաբուժությունում, անհաս երեխաների ռետինոպաթիայի ախտորոշում)
Աղայան Լիլիթ Դորվարդի ամբիոնի դասախոս (տեսողական օրգանի ֆունկցիոնալ ախտորոշում)
Գևորգյան Թամարա Ռուբենի ամբիոնի դասախոս (տեսողական օրգանի ֆունկցիոնալ ախտորոշում)
Բազինյան Լիլիթ Էդուարդի ամբիոնի ասիստենտ (աչքի հիվանդությունների լազերային վիրաբուժություն)
Միդոյան Մարինե Ավետիքի բժիշկ-ակնաբույժ, օրդինատոր (աչքի հիվանդությունների ֆիզիոթերապիա)
Զաքարյան Ալինա Նորայրի բժիշկ-ակնաբույժ, օրդինատոր ( անհաս երեխաների ռետինոպաթիայի ախտորոշում)
Մարտիրոսյան Ինեսա Վալերիի բժիշկ-ակնաբույժ, օրդինատոր (ամբուլատոր ակնաբուժություն)
Այլամազյան Մարինա Միքայելի բժիշկ-անեսթեզող (մանկական անեսթեզիոլոգիա ակնավիրաբուժությունում)
Կարարապետյան Տաթևիկ Սերգեյի բժիշկ-ակնաբույժ, օրդինատոր (ամբուլատոր ակնաբուժություն)


Ամբուլատոր հիվանդների ընդունելությունը կատարվում է աշխատանքային օրերին` ժամը 9:30-16:00-ը:


Հասցե` ՀՀ, Երևան, Աբովյան 60/1, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ակնաբուժական կլինիկա
Հեռ.` (+37411) 62 10 00, ներքին` 396
Ֆաքս` (+37410) 58 25 32
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը , Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook