Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը

12.10.2017

Բժշկական համալսարանում անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կառուցվածքային զարգացում՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ն 2013 թվականի դեկտեմբերից համակարգում է դրամաշնորհային այս ծրագիրը, որի հիմնական նպատակն է հանրապետությունում բարելավել բարձրագույն կրթության երրորդ աստիճանը՝ այն համադրելով Եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին: Այդ տարիների ընթացքում ծրագրի նպատակն էր լուծելու մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մարդկային կարողությունների զարգացումը, ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավումն ու դրա միջազգային ճանաչումը, ինչպես նաև ՀՀ բուհերում գիտության և հետազոտության ինտեգրումը միջազգային պահանջներին:

Ամփոփիչ համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Նա նշեց, որ ԵՊԲՀ-ն ներգրավված լինելով այս ծրագրերի իրականացմանը, փորձում է նոր շունչ տալ գիտությանը:

«Այս ծրագիրը կստեղծի այն միջավայրը, որտեղ մարդիկ ավելի հստակ կհասկանան, կպատկերացնեն, թե ինչ հենասյունների վրա է կառուցված գիտությունը, և որն է դրա իրական արժեքը»,-ընդգծեց պրոռեկտորը:

Համաժողովին ներկա ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանն էլ իր խոսքի ընթացքում բարձր գնահատեց «ՏԵՄՊՈՒՍ»-ի «ՎԵՐԻՏԱՍ» դրամաշնորհային ծրագրի չորսամյա գործունեությունը՝ նկատելով, որ այդ տարիների ընթացքում լուրջ արդյունքեր են գրանցվել:

«Շատ հաճելի է ներկա գտնվել մի ծրագրի փակմանը, որը, ըստ նախարարության գնահատականի, ազգային հարթակում լուրջ արդյունքներ է գրանցել: Կան ծրագրեր, որոնք լոկալ, ներբուհական նշանակություն ունեն, կան ծրագրեր, որոնք ազգային նշանակություն ունեն և ազգային հարթակում արժեք են ստեղծում»,-ասաց նա: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԵՊԲՀ-ում «ՎԵՐԻՏԱՍ» ծրագրերի համակարգող Մարինե Բալասանյանը՝ նշելով, որ բարձրագույն կրթության օջախի ճանաչելիության գրավականն ավանդաբար եղել է դոկտորալ կրթությունը, և շուրջ երկու տասնամյակ այդ ոլորտում սկսվել են վերափոխումներ իրականացվել:

«Պարզվեց, որ վերափոխումների համար պատրաստ է նաև Հայաստանը: Դրա համար նախադրյալներ էին հանդիսացել Հայաստանում առկա համալսարանները, որոնք ունեն շատ հարուստ դոկտորալ կրթության պատմություն և արդեն իսկ պատրաստ էին այսպիսի ծրագիր իրականացնելու համար»,- ասաց համակարգողը:

Համաժողովն ամփոփեց INQAAHE նախագահ Սուսաննա Կարախանյանը՝ խոսելով չորս տարիների կատարած աշխատանքի և գրանցված արդյունքների մասին:

«Չորս տարվա կատարած աշխատանքն ահռելի էր, բայց սա ոչ թե եզրափակիչ փուլն է, այլ առաջին քայլն է, սկիզբն է: Մեր չորս տարվա աշխատանքը ցույց տվեց, որ դեռ շատ աշխատանք կա անելու»,-ընդգծեց նա:

Հավելենք, որ «ՎԵՐԻՏԱՍ» ազգային ծրագրում ԵՊԲՀ-ի հետ միասին ներգրաված են նաև ՀՀ մի շարք առաջատար բուհեր (Երևանի պետական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Հյուսիսային համալսարան, Հայաստանի կառավարման պետական ակադեմիա, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա), Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ), Կրթության որակը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Ծրագրում հայաստանյան գործընկեր հաստատություններին իրենց աջակցությունն են ցուցաբերել ու մշակումներին մեծ դեր են ունեցել նաև ծրագրի մասնակից եվրոպական հաստատությունները՝ Համալսարանների համաշխարհային ծառայություն (Ավստրիա), Հայդելբերգի համալսարան (Գերմանիա), Ջիրոնայի համալսարան (Իսպանիա), Բաթ Սպա համալսարան (Մեծ Բրիտանիա) և Արքայական տեխնոլոգիական ինստիուտ (Շվեդիա):


 

Science Week 2017

Announcements


Find us on Facebook